Մենք չենք կարող հստակ թշնամական դիրքորոշում որդեգրել այս կամ այն պետության նկատմամբ

Մենք չենք կարող հստակ թշնամական դիրքորոշում որդեգրել այս կամ այն պետության նկատմամբ

«Հրապարակի» հարցերին պատասխանում է «Ջենեսիս Արմենիա» հիմնադրամի ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու Աբրահամ Գասպարյանը:

- Լրացավ ռուս-ուկրաինական պատերազմի մեկ տարին: Ի՞նչ պատկեր է այսօր: Մեկ տարի առաջ, երբ նոր էր պատերազմը սկսվել, պրոռուսական շրջանակները նշում էին, որ հաշված ժամերի ընթացքում Ռուսաստանը կջախջախի Ուկրաինան, սակայն մեկ տարի է դիմադրում է։ Ձեր գնահատմամբ՝ դեռ որքա՞ն կտևի ռուս-ուկրաինական պատերազմը և ի՞նչ հետևանքներ կունենա տարածաշրջանում:

- 21-րդ դարի երրորդ տասնամյակ թևակոխած աշխարհը չի կարող բավարարվել միայն պատերազմների ռազմական կոմպոնենտով, որովհետև սեպտեմբերին տեղի ունեցած ահաբեկչական ակտից հետո մենք տեսանք, որ պատերազմ՝ չի նշանակում միայն ռազմական գործողություն: Պատերազմն ավելի երկարատև պրոցես է: Ընդհանրապես տարբեր տարածաշրջանների միջև ցամաքային ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհները հսկողության տակ են, որոնք համաշխարհային առևտրի նոր ճարտարապետության քարտեզի գծագրման հարցն են բարձրացնում: Մեծ պետություններն այդ ճանապարհների նկատմամբ վերահսկողություն իրականացնելով ամրագրում են իրենց շահերը: Ռուս-ուկրաինական պատերազմի ոչ ռազմական կոմպոնենտը հենց սրանով է պայմանավորված, իսկ դա տևելու է երկար, խնդիրն այստեղ Ռուսաստան-Ուկրաինա առճակատումը չէ, այլ Ռուսաստան-Արևմուտք բախումը, այստեղ նաև երրորդ բևեռի խնդիրն է դրված, խոսքը վերաբերում է Չինաստան-Ռուսաստան-Արևմուտքին` ԱՄՆ-ի գլխավորությամբ: Այստեղ նոր աշխարհակարգի ձևավորման խնդիր կա: Բնական է, որ նման պատերազմը երկար է տևելու: Կան թե քարոզչական, թե գաղափարախոսական, և թե ռազմական ու քաղաքական բաղադրիչներ:

- Բուն ռազմական գործողություններն ինչքա՞ն կարող են տևել: Ի վերջո` Ռուսաստանը սանկցիաների տակ է, ենթադրվում է, որ երկարատև պատերազմը նրան ևս ձեռնտու չէ:

- Կարծում եմ, անգամ ռազմական փորձագետներն այսօր տարակուսանքի մեջ են: Քարոզչական պատերազմի այս հորձանուտում անհնար է ասել, թե ինչ կարող է լինել: Իրական ինֆորմացիային տիրապետում են միայն գերտերությունների հատուկ ծառայությունները: Դժվար է ասել, թե որ կողմն է հաղթող, սակայն ակնհայտ է, որ Ռուսաստանը, որն այս ռազմական գործողությունների նախաձեռնողն է, բավականին լավ պատրաստված էր: Ունենալով հաշվարկների, քաղաքական, տնտեսական և ռազմական ռիսկերի վերլուծություններ, չմոռանանք, որ Ռուսաստանը վերջին 300 տարվա մեջ բազմիցս պատերազմների մեջ է եղել Արևմուտքի, Արևելքի հետ, ուստի շատ լավ հաշվարկել է, թե ինչ կարող է լինել: Ռուսաստանը մեծ պետություն է, ունի տարբեր ստրուկտուրաներ և կենտրոնացած ինֆորմացիայով համապատասխան վերլուծություններ անելը շատ պարզ է: Ռուսաստանն այսօր առավելություններ ունի բոլոր առումներով: Մենք ռուսական զորքի ակտիվացում ենք տեսնում արաբական աշխարհում, Կենտրոնական Աֆրիկայում, Ֆրանսիական տարածաշրջանում և այլն: Չենք խոսում ռազմական այն լուրջ հաջողությունների մասին, որոնք գրանցում են ռուսական զորքերը: Իհարկե, սա չի նշանակում, որ ամբողջությամբ ռուսական կողմը հաղթում է:

- Հնչում են նաև տեսակետներ, որ Ռուսաստանը ջախջախվում է, տնտեսությունը քայքայվում է, սանկցիաները կործանում են Ռուսաստանի Դաշնությունը, և այլն, և այլն: Հատկապես արևմտյան մամուլն ու արևմտամետ գործիչները նշում են Ձեր ասածների ճիշտ հակառակը:

- Տեսնելով պրոպագանդայի էլեմենտները երկու կողմից էլ՝ կարող եմ ասել, որ սա նաև հոգեբանական պատերազմ է:  Ինֆորմացիոն հոսքերի նկատմամբ հսկողությունը այս կամ այն կողմից, բնականաբար, կտա առավելություն, սակայն ես բացառապես մտածում եմ մեր պետության շահերի մասին և չեմ ցանկանա այնքան տկարամիտ լինել, որ մեր խնդիրները թողած ընկնենք այս կամ այն պետության, անգամ բարեկամ պետության ներքաղաքական սպեցիֆիկ ոլորտի խնդիրների մեջ: Պետք է մտածել, թե երբ ընդհանուր հայտարարի կգան կողմերը և դրանով ապահովված կլինի Հայաստանի անվտանգությունը: Ոչ ողջունում եմ ռուսամետների, ոչ էլ արևմտամետների հախուռն արձագանքը, թե ով կհաղթի, կամ ով կպարտվի: Անկախ ամեն ինչից՝ մենք պետք է հաշվի առնենք, որ ժամանակակից աշխարհում հստակ թշնամական դիրքորոշում չենք կարող որդեգրել այս կամ այն պետության նկատմամբ: Հայաստանը պետք է լավ հարաբերություններ ունենա թե Ուկրաինայի, և թե ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ:

- Նշում եք, որ Ռուսաստանը բոլոր ասպարեզներում հաջողություններ է գրանցում: Մի քանի հաջողության մասին նշեք, խնդրում եմ:

- Ես կոնկրետ տեղանքների անուն չեմ տա, չեմ խոսի նաև ռազմի դաշտում տեղի ունեցող իրադարձությունների մասին, սակայն կասեմ, որ ակնհայտ է, որ Ռուսաստանը չունի արկերի պակաս, մեկ տարի առաջ սանձազերծած գործողություններից առաջ հաշվի էին առնվել, թե տնտեսական սանկցիաների, և թե ռազմամթերքի` թիկունք-ճակատ կապի, մոբիլիազացիայի հետ կապված հարցերը: Փաստերը ցույց են տալիս, որ Ռուսաստանը կարողացել է ունենալ այնպիսի հսկողական փաթեթ, որն իրեն կտա հնարավորություն դուրս գալ սանկցիաների դեմ, իր սեփական ռեսուրսներով կկարողանա հասնել ինքնաբավ հաջողության: Գուցե այդ հաջողությունները շռնդալից չլինեն, հնարավոր է մեծ ազդեցություն չունենան, սակայն չպետք է մոռանանք, որ Արևմուտքն Ուկրաինային մատակարարում է զենք-զինամթերք: Դիվանագիտական ճակատում ցուցաբերում է գերակտիվություն` բանաձևերի ընդունումից սկսած, մինչև տնտեսական սանկցիաների կիրառում: Այնպես չէ, որ Ռուսաստանը պետք է բացարձակ հաղթող լինի, գործ ունենք երկու հզոր բևեռների հետ: