Քաղաքական մանիպուլյացիա

Քաղաքական մանիպուլյացիա

Քաղաքական մանիպուլյացիան սարդոստայնի պես մի բան է, երբ զոհը ընկնում է սարդոստայնի  մեջ, դժվար թե հաջողվի դուրս գալ։  2018-ից առ այսօր սարդաթելերում խճճված է մեր ժողովուրդը ու դրանից ազատվելու համար ճիշտ ճանապարհ պիտի ցույց տրվի։ Թե չէ ամեն օր ասել, թե ժողովուրդը վատն է, անտանելի, որ երկիրը կործանվում, նրանց հեչ պետքը չի կամ էլ հակառակի մասին խոսել՝ սարդը իր թելերը տարածել և բոլորին իր մեջ է ներառել․․․ անիմաստ է։ Հիմա մի փոքրիկ օրինակ կբերեմ, թե 2018-ից առ այսօր Նիկոլ Փաշինյանն ինչ մանիպուլյացիոն հնարքներով է զբաղված։  Գալու օրվանից նա հրապարակ է նետել այն միտքը, թե որոշում կայացնողը ժողովուրդն է («ժողովուրդը ոնց որոշի, այդպես էլ կանենք»):

Ու քանի որ ժողովուրդն ընտրել է իրեն, ի՛նքն է ժողովուրդը և ժողովրդի անունից ինչ ուզի, կանի։ Սա շատ աշխատող հնարք է, որը հինգ տարի է՝ բանեցնում է։ Ինչ անում, ժողովրդի վրա է գցում, ժողովրդի անունից է խոսում։  Մյուս ժանգլյորությունն այն է, որ բանեցնում հատկապես քաղաքական կատակլիզմների այս ծանր  փուլում։   Մանիպուլյատորը ներշնչում է զոհին,  որ եթե ինքը «այսպես» չանի, ապա «այնպիսի» վատ արդյունք կլինի, ուստի պետք է «այսպես» անել: Հարկ է նշել, որ Փաշինյանը գալու օրվանից ամբոխի նկատմամբ օգտագործում է պարզունակ  կարգախոսներ, մեկ քայլանոց կոմբինացիաներ, սև -սպիտակային բաժանումներ, գործողության հրահանգ և ատելության թիրախ: Առանց ատելության թիրախի քաղաքական մանիպուլյատորը չի կարող հասնել իր նպատակին, քանզի ատելությունն ամբոխի շարժիչ ուժն է: Եթե չկա այդ թիրախը կամ այն աստիճանի վտանգ չի ներկայացնում, ապա միևնույն է պետք է թիրախը հորինել կամ թիրախի վտանգավորության աստիճանը ուռճացնել: Լարված այս շրջանում Փաշինյան- մանիպուլյատորն օգտագործում է պարզ հնարք։ Մանիպուլացվող օբյեկտին ներշնչում է, որ եթե ինքը «այսպես» չանի, ապա «այնպիսի» վատ արդյունք կլինի, ուստի պետք է «այսպես» անել:

Ընդամենը մի քանի հնարք ներկայացրի, որ Նիկոլ Փաշինյանի մանիպուլյացիայի հիմնաքարային բազիսն են։ Պետք է աշխատել բացահայտել ժանգլյորության հնարքները, մանիպուլյատորին թողնել առանց զենքերի։ Դրա համար համապատասխան լավագույն մասնագետներն ունենք և ժամանակն է ոչ միայն քաղաքագիտական ու փորձագիտական դժվարմարսելի վերլուծություններով «կերակրել մարդկանց» ,ատելության դեմ ատելություն սերմանել, այլ նրանց սովորեցնել քաղաքական մանիպուլյացիաների բուն էությունը։ Այլապես մշտապես կանգնած կլինենք այն աստիճանին, երբ մանիպուլյատորը կասի, որ մեկին գումարած մեկը   7, 8, 0 է, զոհը կհավատա։ Քաղաքացիական մանիպուլյացիային ենթարկվելը վկայում է, որ ինչքան ցած է մեր հասարակության մակարդակն այդ առումով։ Նկատի ունենանք, որ նրանց մեջ կան դյուրահավատներ, միամիտներ, ուրիշի կարծիքից կախվածներ և ոչ բոլորն են, որ գրոշների դիմաց ասում այն, ինչ մանիպուլյատորն է թելադրում։ Քաղաքական ժանգլյորությունը ոչ մի կապ չունի պետական ղեկավարման, մտածողության  հետ։ Կրկեսային լարի վրա թռչկոտելն ու պարանին  կառչած մնալը ոչ մի կապ չունի երկրի անվտանգության հետ։ Իր ճիգերն օգտագործում է միայն պարանից ցած չընկնելու ու հավասարակշռությունը պահելու համար։ Ծրագիրը, որի համար կոչված է՝ իրագործելու։