Մեծ Հայը, ում պետք է լսել…

Մեծ Հայը, ում պետք է լսել…

«Սփյուռքի ձայնը» հաղորդաշարի շրջանակներում առիթ եմ ունենում ճանաչելու մեզ համար օտար երկրներում ապրող՝ բավականին հետաքրքիր մարդկանց, լավ հայերի: Ճանաչելով նրանց ու նրանց հայրենասիրությունը՝ հույս է արթնանում, որ քանի դեռ կան նման մարդիկ, Հայաստանը չի կորչի ու չի կործանվի։ Հայաստանը, ինչպես ասում էր սպարապետը, որբի գլուխ չէ։ Նյու Յորքի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ, սրտաբան, դոկտոր, բառարանագետ, բանաստեղծ Հակոբ Այնթապլյանին առաջին անգամ մի քանի րոպեով տեսա «Ապագա հայկականը» համաժողովի ժամանակ: Դոկտորը նկատողություններ էր անում գրագրություններում ոչ հայկական բառերի, եզրույթների օգտագործման համար: Անկեղծ ասած՝ մտածեցի. Հայաստանը, Արցախը ձեռքից գնում են, իսկ մարդիկ ինչի ետեւից են ընկել: 

Որոշ ժամանակ անց ԱՄՆ-ում բնակվող՝ իմ կողմից հարգված մի հայրենանվեր մարդ ինձ խորհուրդ տվեց՝ Այնթապլյանի հետ հարցազրույց ունենալ: Թեեւ այնքան էլ սրտովս չէր այդ առաջարկը, բայց սկսեցի տարբեր աղբյուրներից ուսումնասիրել դոկտորին, նրա գործունեությունը: Լսեցի նրա «Հայրենատիրություն» շարքը: Արդյունքում՝ բոլոր պայմանավորվածություններս մի կողմ դրեցի ու «Հրապարակի» տաղավար հրավիրեցի նրան: Այլ բան է, երբ մարդու հետ շփվում ես հեռավար, այլ բան է առերես շփումը, որ նայում ես աչքերի մեջ ու զգում նրա զգացմունքները, երբ խոսում է Հայաստանից, հայրենիքից…

Հակոբ Այնթապլյանն այն սփյուռքահայերից է, ում համար Հայաստանը տուրիզմի վայր չէ, միայն Գառնի-Գեղարդ-Սեւան չէ, Սեւանի ափին իշխանի խորոված ուտելը չէ… Այնթապլյանն ԱՄՆ-ից մշտական բնակության է եկել Հայաստան։ Եկել է տան մեծ հոր նման, եկել է՝ տեր կանգնելու Հայաստանին, եկել է մեծ ծրագրերով, գաղափարներով, նպատակներով, կոնկրետ անելիքներով: Եկել է հայրենատիրության ծրագրով, հայահավաքության նպատակով: Մնացածը մեզնից է կախված։ Մեզ մնում է լսել նրա առաջարկները, հնարավորություն տալ՝ իրականացնել փայլուն ծրագրերը, ինչպես շատ սփյուռքահայերին։ Չհիասթափեցնել նրան մեր անտարբերությամբ ու անլրջությամբ: Հայերս, սովորաբար, մեծություններին սկսում ենք գնահատել ու արժեւորել միայն կորցնելուց հետո: Գնահատենք, լսենք ու դրանից շահենք, քանի դեռ նրանք մեր կողքին են՝ մեծ հոր նման:

Մենք սփյուռքում ունենք այսպիսի շատ հայրենակիցներ՝ հայրեր, մեծ, իմաստուն մարդիկ, որոնց պետք է կանչել հայրենիք, լսել, ընդառաջել, որ օգնեն Հայաստանն այս անելանելի վիճակից դուրս բերելուն։

Նաիրա Վանյան