Անհայրենիքները փորձում են մոռացության տալ հայրենիքը

Անհայրենիքները փորձում են մոռացության տալ հայրենիքը

Կարո՞ղ է արդյոք որեւէ ժողովուրդ դուրս գալ սեփական հայրենիքի դեմ։ Պետք է նախ հակիրճ ստուգաբանական դիտարկում անել՝ հասկանալու այս բառերի բովանդակային ծանրաբեռնվածությունը։ «Ժողովուրդ» բառի արմատը ժողովն է, այսինքն՝ այն ուղղակիորեն արտացոլում է հին հունական դեմոսի գաղափարը։ Ի տարբերություն դրա՝ «հայրենակից» բառի հիմքում հայրենիքն է, այսինքն՝ հայրենակիցը նույն հողի գաղափարն ունեցողն է։ Եվ եթե «ժողովուրդ» հասկացությունը որոշակիորեն ամբոխահաճ մեկնաբանություն ունի, «հայրենակիցը» շատ իրական բան է նշանակում։

«Ժողովրդասեր» այս իշխանության գործունեությունը բոլորիս աչքի առաջ է արդեն գրեթե չորս տարի։ Առանց խոշորացույցի էլ՝ կարելի է փորձել նրանց շարքում գտնել գեթ մեկին, որն իր ներսում Հայրենիքի գաղափարի կրող է, բայց ապարդյուն։ Եվ անընդունելի ու խայտառակ երեսպաշտություն է, որ այս մարդիկ իրավունք ունեն բարձրանալու Եռաբլուր պանթեոն եւ խոսելու Հայաստանի ու Արցախի ապագայից։ Այս վարչախումբը կորստյան է մատնել Արցախը, բայց միամիտ ձեւանալով՝ այնտեղ ինչ-որ զարգացման ծրագրեր է քննարկում։ Եթե այդքան քաղաքական խիզախություն ունեն, թող քննարկեն կորսված հայրենիքի վերադարձը, ընդ որում՝ ոչ թե նախկին ԼՂԻՄ-ը, այլ նախապատերազմյան Արցախը։

Իրականությունն այն է, որ Փաշինյանի համար ոչ թե նույնիսկ պատմական հիշողությունից, այլ իրական հայրենիքից հրաժարվելն ամենօրյա գործելակերպ է դարձել։ Դա սկսվեց «Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջան է» վիրավորական ձեւակերպմամբ, այն դեպքում, երբ Տեղ գյուղից այն կողմ իրականում դեռեւս հայկական մնացած Աղավնոն ու Բերձորն են։ ՀՀ վարչապետը, փաստորեն, մեր հայրենիքի այս բնակավայրերը, նաեւ Ստեփանակերտը, անվանում է Ադրբեջան։ Օրեցօր նման հայադավ պնդումների շարքը թանձրացավ՝  «Էյվազլի» ու «Չայզամի», տավուշյան անկլավներ, «Արցախը չէր կարող չլինել Ադրբեջանի կազմում» եւ այլն։

Խորհրդային քարտեզների մեջբերման սիրահար Փաշինյանն, օրինակ, երբեւէ հրապարակային հարցադրում հնչեցրե՞լ է, թե ինչո՞ւ է 1920-ականների սկզբներին հենց նման անարդարացի սահմանագծում արվել խորհրդային Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, կամ ինչո՞ւ է սահմանագիծը փոփոխվել դրան հաջորդած տասնամյակներում։ Ի վերջո, բոլոր հնարավոր վտանգավոր հայտարարությունները նրա շուրթերից արդեն հնչել են, եւ պարզ է, որ Բաքուն դրանցով էլ ղեկավարվելու է։ Հայրենիքի այս կամ այն հատվածը թյուրքական անունով կոչելու կամ այն թշնամուն նվիրելու համարժեքն, օրինակ, այն է, որ հաջորդիվ արգելվի նաեւ «Արեւմտյան Հայաստան» ասելը, այն հանվի դպրոցական դասագրքերից եւ հանրային խոսքից, դրա փոխարեն պարտադրվի ասել «Թուրքիա»։ Կա՞ անհայրենիք առաջնորդի ավելի դասական օրինակ, քան նա, որն ստիպում է հրաժարվել պատմական հիշողությունից եւ ժառանգությունից։

Հայաստանի որեւէ առաջնորդ երբեւէ այսքան թեթեւությամբ եւ անհոգությամբ չի վարվել սեփական հայրենիքի ճակատագրի, պատմության համար վավերագրվող իր ելույթների եւ դրանցում առկա հակազգային պնդումների հարցում։ Դժվար է ասել՝ Փաշինյանն արդեն ծանրութեթեւ էլ չի անո՞ւմ՝ ինչ է խոսում, թե՞ գործում է թշնամական հրահանգով, փաստն այն է, որ նա վաղուց Ադրբեջանին եւ Թուրքիային տվել է բոլոր օրինական հիմքերը՝ մեզնից խլելու այն ամենը, ինչն իրավունքով մեզ է պատկանում եւ երբեւէ չի էլ վիճարկվել։ Թշնամու ակնկալիքները բավարարելուց հետո մեր նկատմամբ նոր նախապայմաններ եւ պահանջներ են առաջադրվելու, աղետը չի ավարտվելու, այն հասնելու է անգամ ամենախոր թմբիրի մեջ գտնվող մեր հայրենակիցներին, որոնք բացառապես սեփական ապահովությամբ են մտահոգ՝ անտեսելով երկրի անվտանգության հարցերը։

Դավիթ Սարգսյան