Չինական ռեստորաններում հաճախորդ գրեթե չկա

Չինական ռեստորաններում հաճախորդ գրեթե չկա

Հայաստանում գործող չինական ռեստորաններն այս օրերին, ակնհայտորեն տնտեսական վնասներ են կրում, անայցելու կամ մատների վրա հաշված այցելուներով վիճակ է։ «Պեկին » ռեստորանի մենեջերն էլ «Հրապարակի» հետ զրույցում չթաքցրեց, որ այցելուները զգալի նվազել են։

«Մարդիկ վախենում են, հասկանալի է, իհարկե»,-ասաց մենեջերը: Դե, միջազգային մամուլն արդեն իսկ հաշվարկում է այն արդեն միլիարդավոր դոլարների  վնասները, որը հասցրել է կորոնավիրուսը համաշխարահային տնտեսությանը։ Նշենք, որ ԱՀԿ-ն՝ Աառողջապահության համաշխարհային կազմակերպությունը այս հիվանդության պատճառով հայտարարել է համաշխարհային առողջապահական արտակարգ դրություն։

Հիշեցնենք, որ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն արգելանք է դրել Չինաստանից ներմուծվող կենդանական ծագման սննդի ու ծովամթերքի վրա, մինչդեռ չինական ռեստորաններում ուտեստների մոտ կեսը հենց այդպիսի սննդից է պատրաստվում։ Ուստի չինական ռեստորանի մենեջերին հարց ուղղեցինք՝ ինչպես են վարվում։ Նա ասաց, որ ոչ հիմա, ոչ առաջ Չինաստանից մթերք  երբևէ չի ստացել։ «Միշտ ստացել եմ Ռուսաստանից ու շարունակում եմ ստանալ»։ Նաև նա հայտնեց, որ իրենց շեֆ-խոհարարը չինացի չէ, որևէ չինացի աշխատող չունեն, թեև ինքն էլ նկատեց, որ դա ոչ մի կապ չունի ։«Եվ ես չեմ հասկանում, եթե նույնիսկ չինացի լիներ, թեև մեզ մոտ հայ է»,-դժգոհեց ռեստորանի աշխատակիցը։

Ի դեպ, երեկ անձամբ ականատես եղա խանութներից մեկում, որ ասիական արտաքինով երկու տղամարդու խանութ մուտք գործելուց հետ այնտեղ գտնվողների դեմքերը փոխվեցին։ Սա, իհարկե, ինչ-ինչ  քսենոֆոբիկ դրսևորման մասին չի վկայում  ուղղակի մարդիկ զգուշանում են վիրուսից։
Նաև տեղեկություն ունեինք, թե այս օրերին չի գործում մայրաքաղաքում գործող Հայ-չինական բարեկամության դպրոցը և այնտեղի ուսուցիչներն էլ վերապատրաստումից հետո չեն վերադարձել։

Տնօրեն Սպարտակ Վարդանյանը մեզ հետ զրույցում հերքեց՝ ասելով, որ սեպտեմբերից հետո իրենց դպրոցում դասավանդող որևէ ուսուցիչ Հայաստանից չի մեկնել։ «Դա անհնար է,մենք ունենք չինացի 4 ուսուցիչ և նրանք բոլորը աշխատանքային գրաֆիկով աշխատում են, օրական 5-6 դասացուցակով դաս ունեն, ինչպե՞ս կարող էին մեկնել»,-ասաց դպրոցի տնօրենը։

Նշենք, որ որպես այդպիսին հայ-չինական դպրոցն առայժմ միակն է, բայց չինարենի ուսուցումով դպրոցներ Հայաստանում շատ կան․Չեխովի, Պուշկինի անվան դպրոցներում, թիվ 135 և այլն, տեղացի և չինացի ուսուցիչներ դասավանդում են լեզու։

Զանգահարեցինք նաև Հայաստանում Չինաստանի դեսպանատուն՝ պարզելու համար Հայաստանում գտնվող չինացիների թիվը, արդյոք նրանք դեսպանատան հետ կապ են պահպանում, կա՞ն տվյալներ նրանց առողջական վիճակի ու ինքազգացողության վերաբերյալ։ Դեսպանատան աշխատակիցը շատ սիրալիր հայտնեց, որ բոլոր հարցերին կպատասխանեն գրավոր։