Կառավարությունը որոշեց ուսուցիչների «բերանը փակել»

Կառավարությունը որոշեց ուսուցիչների «բերանը փակել»

Հավելավճար ստացող ուսուցչի դրույքաչափը, կամավոր ատեստավորման արդյունքում, 2022 թվականի մայիսի 1-ից սահմանվել է 200 հազար դրամ: Այս մասին երեկ կառավարության նիստում խրոխտ հայտարարել է գործադիրը՝ ընդունելով համապատասխան որոշում, ըստ որի, արդեն մայիսի 1-ից կամավոր ատեստավորում անցած 478 ուսուցիչների դրույքաչափը կհաշվարկվի՝ մեկ դրույքը 200 հազար դրամի չափով, որի նկատմամբ կհաշվարկվի նաեւ հավելավճարը, 30 տոկոսը՝ 60 հազար, 40 տոկոսը՝ 80 հազար, 50 տոկոսը՝ 100 հազար դրամի չափով։ Կամավոր ատեստավորման արդյունքում՝ հավելավճար ստացող ուսուցչի նվազագույն աշխատավարձը կկազմի 260 հազար դրամ, իսկ ատեստավորման ընթացքում հավաքած միավորներով եւ տարակարգի սանդղակի կիրառմամբ կամավոր ատեստավորման միջոցով ուսուցիչը կարող է ստանալ 400 հազար դրամ աշխատավարձ։

Բայց նախարարության ներկայացրած հիմնավորումն արդեն իսկ անիրատեսական ու ծիծաղելի է հնչում, հատկապես որ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի այն հարցին, թե կա՞ն ուսուցիչներ, որ մայիսի 1-ից 400 հազար դրամ աշխատավարձ կստանան, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ասել է. «Այս պահին չկան, բայց կլինեն»: Այլ կերպ ասած՝ 400 հազար դրամ աշխատավարձը միֆ է, փուչիկ, որը հատկապես այս օրերին, երբ «թավիշների» իշխանությունը մազից է կախված, ընդունվեց կառավարության կողմից՝ հենց միայն ուսուցիչների բազմահազարանոց բանակն իրենց դեմ չհանելու համար։ Սրանով է պայմանավորված նաեւ այն հանգամանքը, որ 2021 թվականին կամավոր ատեստավորման արդյունքում՝ հավելավճար ստացող ուսուցիչների նկատմամբ եւս կկիրառվի բարձրացված՝ 200 հազար դրամ դրույքաչափը՝ «փորձնական ծրագրին մասնակցած ուսուցիչներին խրախուսելու» հիմնավորմամբ, իսկ իրականում՝ դժգոհ ուսուցիչների բերանը փակելու համար։