Ավտովթարի ենթարկվածների հարազատները կալանավորվել են 

Ավտովթարի ենթարկվածների հարազատները կալանավորվել են 

«Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիա» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Խաչատուր Մարոզյանը դիմել է «Հրապարակ» օրաթերթին՝ ներկայացնելով մի վթարի պատմություն եւ նշելով, որ վթարի վայրում քննիչների հրահրած վիճաբանության հետեւանքով կան կալանավորված քաղաքացիներ, որոնց նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում։ 

Վթարը տեղի է ունեցել 2023 թվականի հուլիսի 16-ին, Երեւան-Մեղրի ավտոճանապարհին՝ Չիվա գյուղի հատվածում։ «Նիվա» մակնիշի մեքենան հետեւից բախվել է «ԶԻԼ» մակնիշի բեռնատար մեքենային, դեպքի վայր են ժամանել  ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների  ներկայացուցիչները։ «ԶԻԼ»-ի վարորդն ասել է, որ ընդհանրապես բողոք չունի։ Վթարի մասին լսելուն պես դեպքի վայր են շտապել «Նիվայի» վարորդի եւ ուղեւորների հարազատները, ամեն ինչ դեպքի վայրում եղել է խաղաղ, մինչեւ դեպքի վայր քննիչների ժամանելը, վթարին մասնակից կողմերի միջեւ որեւէ վիճաբանություն, բողոք-պահանջ չի եղել: Ամեն ինչ սկսվել է թեժանալ, երբ դեպքի վայր են ժամանել երկու քննիչներ, երկուսն էլ՝ կին, մեկի անունը՝ Օքսանա Դանիելյան, մյուսինը՝ ականատեսները չեն հիշում, քանի որ վերջինս շատ չի միջամտել:

Դեպքի վայր հասնելուն պես, տեսնելով, որ հավաքված մարդիկ կան, այնտեղ են տուժածների հարազատները, քննիչ Դանիելյանը դիմել է հավաքվածներին եւ բավականին կոպիտ տոնով ասել․ «Հլը մի հատ արագ ցվրվեք ստուց»։ Տղաները ձայն չեն հանել, ներկա գտնվողներից մեկը՝ Մամիկոնը, ասել է՝ տղերք, էս կողմ եկեք, կին են, մի խանգարեք, թող իրենց գործն անեն արագ, գնանք տուն։ Մամիկոնի այդ խոսքից հետո քննիչ Օքսանան ավելի հեռուն է գնացել եւ ասել է․ «Էսա կտանենք բաժին, բոլորիդ կբարոյազրկենք»։ Վթարի վայրում գտնվող Շիրակ Բաբայանը, ով վթարի ենթարկված Արթուր Բաբայանի որդին է, հարցրել է քննիչին․ «Ինչո՞ւ եք մեզ  վիրավորում ու այդ տոնով խոսում մեզ հետ, ի՞նչ վատ բան ենք արել»։

Քննիչը նորից շարունակել է։ Այնուհետեւ իրավիճակն ավելի է բորբոքվել ու անկառավարելի դարձել, երբ անհասկանալի հանգամանքներում դեպքի վայրում է հայտնվել  Եղեգնաձորի ոստիկանապետ Հրազդան Կոստանյանի վարորդը: Քննիչներն ավելի են ոգեւորվել: Ըստ իրավապաշտպանի՝ վթարի ենթարկվածների հարազատների, ոստիկանապետ Հրազդան Կոստանյանի ու նրա վարորդի  միջեւ հին հաշիվներ են եղել։ Եվ արդյունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, 452-րդ հոդվածի 1-ին մասի, 452 հոդվածի 3-րդ մասի (խուլիգանություն, պաշտոնատար անձի օրինական պահանջներին չենթարկվելը) հատկանիշներով: Վթարի ենթարկված Արթուր Բաբայանի որդին՝ Շիրակ Բաբայանը, եւ  նրա ընկերը՝ Մամիկոն Մակարյանը, կալանավորվել են, Աղաջան Բաբայանի նկատմամբ տնային կալանք է կիրառվել։ 

Խաչատուր Մարոզյանը մեզ հետ զրույցում ասաց, որ վիճաբանությունը հրահրել են հենց քննիչներն ու ոստիկանապետի վարորդը, ինչի արդյունքում կան կալանքի ենթարկված մարդիկ: 
Այսինքն՝ ավտովթարը վերածվել է այլ հանցագործության, կալանավորվել են մարդիկ, որոնք գնացել էին դեպքի վայր, որպեսզի օգնություն ցուցաբերեին վթարի ենթարկված իրենց հարազատներին: Նրանք, անկախ իրենց կամքից, դարձել են «հանցագործներ» եւ պատիժ են կրում չարածի համար: Ըստ իրավապաշտպան Խաչատուր Մարոզյանի՝ նյութերի ու տեղեկությունների մանրազնին ուսումնասիրությունից հետո չի բացառվում, որ ինքը՝ որպես իրավապաշտպան կկազմակերպության նախագահ, հանցագործության մասին հաղորդում ներկայացնի ՀՀ  քննչական կոմիտե կամ Գլխավոր դատախազություն, որպեսզի մեղավորը/մեղավորները պատժվեն, եւ նմանատիպ դեպքերը կանխվեն: