Քաղաքական սպանություններն Ադրբեջանում՝ Ալիեւների օրոք. Մաս 4-րդ

Քաղաքական սպանություններն Ադրբեջանում՝ Ալիեւների օրոք. Մաս 4-րդ

2003 թվականին Հեյդար Ալիեւին Ադրբեջանի նախագահի պաշտոնում փոխարինեց նրա որդին՝ Իլհամ Ալիեւը։ Ալիեւ կրտսերի կառավարման առաջին տարիներին եւս երկրում մի քանի աղմկահարույց քաղաքական սպանություններ տեղի ունեցան։

Այսպես, 2004 թվականի հունիսի 14-ին իր տան դիմաց սպանվեց գնդապետ Ֆաթուլլա Հուսեյնովը։ Ադրբեջանական մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ նա հարել է Հաջի Մամեդովի հանցախմբին։ Վերջինս, ի դեպ, դատարանում իր մեղքը չհերքեց եւ հայտարարեց, որ «Սեւ գնդապետ» մականունով Ֆաթուլլա Հուսեյնովին սպանել է վրիժառությունից ելնելով։ Իսկ ավելի կոնկրետ՝ կոնֆլիկտ էր եղել Հուսեյնովի որդու եւ Մամեդովի զարմիկի միջեւ։

2005 թվականին սպանվում է ադրբեջանցի հայտնի լրագրող Էլմար Հուսեյնովը, ով «Մոնիթոր» պարբերականի ստեղծողն ու գլխավոր խմբագիրն էր։ Այս պարբերականը հայտնի էր իշխանության հանդեպ ունեցած կտրուկ քննադատական ոճով եւ լրագրողական աղմկոտ հետաքննություններով ու բացահայտումներով։ 37-ամյա Հուսեյնովը բազմաթիվ սպառնալիքներ էր ստացել նախքան սպանությունը։ Նրան գնդակահարում են մարտի 2-ի երեկոյան, իր տան մուտքի մոտ։ Լրագրողի հայրն ու կինը հայտարարել են, որ սպանությունից առաջ իրենց բնակարանի լույսն անջատվել է, իսկ սպանությունից հետո չի գործել ստացիոնար հեռախոսն ու բջջային կապն իրենց բնակարանում։ Նույն թվականի մայիսի 4-ին ադրբեջանական իրավապահ համակարգը ներկայացնող մարմինները համատեղ հայտարարությամբ են հանդես գալիս՝ նշելով, որ լրագրող Էլմար Հուսեյնովի սպանության հետ կապ ունի Վրաստանի քաղաքացի Թահիր Խուբանովը։ Վերջինս, ըստ պաշտոնական վարկածի, սպանությունն իրականացնելուց հետո հեռացել է Ադրբեջանից։ Նրա նկատմամբ հայտարարվում է միջազգային հետախուզում։ Պաշտոնական Բաքուն այս հայտարարությունից կարճ ժամանակ անց դիմում է Թբիլիսիին՝ Խուբանովի արտահանձնման համար։ Սակայն հուլիսի 28-ին Վրաստանի գլխավոր դատախազությունը հրաժարվում է հանձնել Խուբանովին եւ նրա գործակից Թեյմուրազ Ալիեւին՝ դրա փոխարեն Բաքվից պահանջելով քրեական գործի նյութերը։

Թբիլիսիի պատասխանում նշվում է, որ եթե նրանց հանցանքն ապացուցվի՝ տրամադրված գործի նյութերով, ապա երկու անձինք էլ կձերբակալվեն եւ կկանգնեն վրացական դատարանի առաջ։ Բաքուն այս պատասխանին չի արձագանքում։ Հուլիսի 26-ին, սակայն, Բաքվի դատարանը Թուրգայ Բայրամովին, ով մեղադրվում էր Թահիր Խուբանովին եւ Թեյմուրազ Ալիեւին բջջային հեռախոսներ եւ սիմ-քարտեր գնելու մեջ, դատապարտում է երկուս եւ կես տարվա ազատազրկման։ Պատիժը կրելուց հետո նա ազատ է արձակվում։ 2006 թվականի հուլիսի 26-ին Հաջի Մամեդովը հայտարարում է, որ լրագրող Հուսեյնովը սպանվել է իր հանցախմբի կողմից, իսկ սպանությունը պատվիրել է տնտեսական զարգացման նախկին նախարար Ֆարխադ Ալիեւը։ Այս ցուցմունքները, սակայն, քննության կողմից չեն հաստատվում։

2011 թվականին սպանվում է ադրբեջանցի գրող-փիլիսոփա Ռաֆիգ Թահին։ Անհայտ անձը նրան մի քանի անգամ դանակով հարվածել է։ Համաձայն ադրբեջանական մամուլում եղած հրապարակումների՝ այս սպանության հետ կապ ունեին իրանցի բարձրաստիճան կրոնավորներ։