Պաշարված ամրոցում վերապրելու գրավականը

Պաշարված ամրոցում վերապրելու գրավականը

Այն, որ իշխանությունն արտոնություն է եղել Հայաստանում կամ Արցախում, նորություն չէր: Մեզ թվաց, թե 2018-ի գարնանային իշխանափոխության արդյունքում դա պետք է վերանա: Որովհետեւ իշխանության էին եկել երիտասարդ մարդիկ՝ երիտասարդական ավյունով ու մտածողությամբ: Բայց դա ոչ միայն չվերացավ, այլեւ ավելի խորացավ: Իշխանության ներկայացուցիչներից մեկն էլ մեզ հաթաթա տվեց, թե իրենց մի աչքով չնայենք՝ իրենք հեչ էլ նվիրյալ չեն եւ չեն պատրաստվում ցածր աշխատավարձերով ծառայել հասարակությանը: Բարոյականության տեսակետից դա կրկնակի հանցանք էր, մանավանդ երբ բարձրաձայնվում էր 44-օրյա պատերազմի խայտառակ պարտությունից հետո: Այն ժամանակ, երբ մեր հայրենիքն ամենից ավելին էր զգում ՆՎԻՐՅԱԼ պաշտոնյաների կարիքը:

Որքան էլ զարմանալի թվա, բայց իշխանությունը որպես արտոնություն է դիտարկվում նույնիսկ այսօրվա Արցախում: Մի տարածքում, որտեղ իշխանությունը պետք է քափ ու քրտինքի մեջ կորած մտածեր, թե ինչպես է դուրս գալու վտանգավոր իրավիճակից: Այն վիճակից, որ ստեղծվել է խայտառակ պարտության, Հայաստանում Փաշինյան Նիկոլի եւ Արցախում Արայիկ Հարությունյանի կառավարման արդյունքում: Թեեւ խոստովանեմ, որ տրամաբանական չի հնչում․ Նիկոլի կամակատար Արայիկը պետք է փորձի լուծում գտնել հենց իր գործունեության կամ անգործության արդյունքում առաջացած խնդիրների առումով: Բայց այլ տարբերակ ուղղակի չկա: 

Այնինչ Արցախի Հանրապետության կամ այն, ինչ մնացել է նախկին հանրապետությունից, նախագահ Արայիկը, փոխանակ պետական մտածողություն կրողի կերպար լիներ, զբաղված է էժանագին ներկայացումներ սարքելով: Կես տարին մեկ հայտարարում է (հրապարակավ կամ ոչ) հրաժարական ներկայացնելու մտադրության մասին, իսկ հետո հրաժարվում իր խոսքից: Իսկ որպեսզի հերքումն ավելի առարկայական ու ազդեցիկ հնչի, ավտոմատավոր ընկերոջ (ասում են, որ ինքն է նրան ավտոմատ տրամադրել) օգնությանն է դիմում (հիշենք նիկոլական «հեղափոխության պահապաններին»): Այն էլ՝ այնպիսի իրադրությունում, երբ նրա ամեն մի սխալ քայլը կարող է օգտագործվել թշնամու կողմից, որը գործելու հետ մեկտեղ հենց նման երեւույթների է սպասում:

Ինչը, ի դեպ, շատ արագ կյանքի կոչվեց. վերը նշված՝ «Արցախի աշխարհազոր» անվանումով խմբի հրամանատար Մաթեւոսյան Կարենի նկատմամբ քրեական գործ է հարուցվել Ադրբեջանում: Նրան ձերբակալելու հետախուզում է հայտարարվել «օրենքով չնախատեսված զինված կազմավորումների եւ խմբավորումների ստեղծման» եւ «ազգային ատելություն եւ թշնամություն հրահրելու» հոդվածներով։ Եվ եթե երկրորդ հոդվածը ստանդարտ մեղադրանք է հայաստանաբնակների ու արցախցիների առումով, ապա առաջինը հարուցվել է հենց Ազգային ժողով զենքով մուտք գործելու եւ պատգամավորներին սպառնալու հիման վրա:  

Այսօր Արցախը պետք է վերածվի մեկ միասնական բռունցքի: Ինչը նշանակում է, ինչու չէ, նաեւ սպառման առումով՝ միասնություն: Դա որոշակիորեն պետք է նման լինի իրենց պատմական հայրենիքում նախորդ դարի առաջին կեսի հրեա վերաբնակների գյուղատնտեսական համայնքին՝ կիբուցին, որը հատկանշվում էր ունեցվածքի միասնությամբ, աշխատանքի եւ սպառման հավասարությամբ: Այսօրվա պայմաններում Արցախի իշխանությունն այդ երեքից կարող է որդեգրել սննդի սպառման հավասարությունը՝ որպես պաշարված ամրոցում վերապրելու միակ գրավական: Դա՝ մեկ, եւ երկրորդ՝ պետք է չեզոքացվեն «նիկոլիզմի» արցախյան շոշափուկները՝ հանուն իրենց ծննդավայրերում ազատ ապրելու՝ արցախցիների իրավունքի: