ԵԱՏՄ-ում մնալու փաշինյանական հիմնական փաստարկը` ԵԱՏՄ-ն եկամտաբեր է

ԵԱՏՄ-ում մնալու փաշինյանական հիմնական փաստարկը` ԵԱՏՄ-ն եկամտաբեր է

Շատ է ասվել այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը մինչեւ 2018 թվականի իշխանազավթումը տարբեր հարցերի վերաբերյալ ունեցել է այլ կարծիք, իսկ իշխանությունը բռնազավթելուց հետո տրամագծորեն փոխել է տեսակետը: Օրինակները բազմաթիվ են, համեմատությունները՝ ակնհայտ: Բայց ինչի՞ արդյունքում է տեղի ունեցել տեսակետների նման կտրուկ փոփոխությունը, արդյո՞ք միայն այն պատճառով, որ իշխանություն ձեռք բերելու արդյունքում նա պարտադրված է եղել փոխել տեսակետը, քանի որ եթե նախկինում արտահայտում էր անձնական տեսակետը, վարչապետի պաշտոնում ստիպված է հաշվի նստել նաեւ ՀՀ ազգային եւ պետական շահերի հետ, թե՞ ուղղակի նախկինում  անձնական շահը, որպես իշխանություն չունեցողի, այլ էր, իսկ իշխանություն ստանալուց հետո անձնական շահի շրջանակը եւ ընկալումը փոխվել են: Քանի որ առավել քան համոզված ենք, որ Փաշինյանը երբեք չի առաջնորդվել Հայաստանի պետական շահերով, եւ նրա միակ ուղեցույցը եղել է անձնական շահի սպասարկումը, անգամ երկրի ղեկավարի`վարչապետի պաշտոնին նստելուց հետո, դա ապացուցենք մի օրինակով:

Հայաստանում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստի իր ելույթում Փաշինյանն ասում է. «Պետք է ընդգծեմ, որ չնայած բոլոր մարտահրավերներին, միջազգային դժվար իրավիճակին` ԵԱՏՄ-ն լավ զարգանում է: Պետք է նկատեմ, որ ԵԱՏՄ-ի շրջանակում առեւտրաշրջանառությունը կայուն տեմպերով աճում է»: Այնուհետեւ Փաշինյանը խոսում է ԵԱՏՄ-ի զարգացման հեռանկարների, էներգետիկ եւ գազային ընդհանուր շուկայի ձեւավորման անհրաժեշտության, ԵԱՏՄ-ին միանալու՝ այլ երկրների ցանկության մասին, մի խոսքով՝ ԵԱՏՄ-ն ներկայացնում է որպես զարգացող եւ հեռանկարային կառույց: 

Ոմանք չեն մոռացել, որ իշխանազավթումից ընդամենը ամիսներ առաջ՝ 2017 թ․ հոկտեմբերին, Հայաստանի ԱԺ-ում Փաշինյանն առաջարկեց Հայաստանի Հանրապետության կողմից Եվրասիական տնտեսական միության պայմանագիրը դադարեցնելու գործընթաց սկսել, որով ԱԺ եզրակացություն կազմելու համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագիծ էր ներկայացրել: Այն ժամանակ Փաշինյանն իր ելույթում ասում էր, որ «Ելք» դաշինքը հանդես է եկել ԵԱՏՄ-ից դուրս գալու առաջարկով, բայց քանի որ իրենք ուզում են լսել նաեւ իշխող ուժի` ՀՀԿ-ի հակափաստարկները, թե ինչու է անհրաժեշտ, որ Հայաստանը շարունակի անդամակցել ԵԱՏՄ-ին, ուզում են ստեղծել ԱԺ հանձնաժողով, որտեղ կքննարկվեն կողմ եւ դեմ փաստարկները, որովհետեւ իրենք սկզբում մտածում էին, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու օգտին փաստարկների եւ հակափաստարկների հաշիվը կլինի 5-2, բայց փաստացի ստացվում է 10-2: Փաշինյանը 2017-ին ԱԺ-ում ունեցած իր ելույթում, որպես ԵԱՏՄ-ից դուրս գալու հիմնավորում, ասում էր. «Երբ մենք ասում ենք, որ ԵԱՏՄ անդամ դառնալուց հետո է Հայաստանը ղարաբաղյան հակամարտության գոտում տարածքային շոշափելի կորուստներ ունեցել, մեզ ասում են՝ ի՞նչ կապ ունի դա պատերազմի հետ, չէ՞ որ սա զուտ տնտեսական միավորում է»: 

Այսինքն՝ 2017 թվականի աշնանը Փաշինյանը համոզված էր, որ 2016 թ․ ապրիլյան պատերազմում Հայաստանն Արցախում, տարբեր հաշվարկներով, 800-1200 հեկտար հողատարածքի կորուստ է ունեցել, քանի որ եղել է ԵԱՏՄ անդամ: Փաշինյանի տրամաբանությամբ՝ չլիներ Հայաստանը ԵԱՏՄ անդամ, Հայաստանը չէր ունենա այդ տարածքային կորուստները: Եթե Փաշինյանն առաջնորդվեր այդ տրամաբանությամբ, ապա 2018 թվականին իշխանության գալուց հետո առաջին հերթին պետք է Հայաստանը դուրս բերեր ԵԱՏՄ կազմից՝ հետագա տարածքային կորուստներ թույլ չտալու համար: Բայց նա դա չարեց: Չարեց անգամ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, երբ Հայաստանն Արցախում ոչ թե շոշափելի տարածքային կորուստներ ունեցավ, այլ 2016-ի համեմատությամբ կորցրեց հազար անգամ ավելի մեծ տարածք, եւ Փաշինյանը ստորագրեց Հայաստանի համար ստորացուցիչ պայմաններով մի փաստաթուղթ, որի արդյունքում Ադրբեջանին հանձնեց ոչ միայն պատերազմի արդյունքում փաստացի կորցրած տարածքները, այլեւ դրանից անհամեմատ ավելի մեծ տարածքներ։ Այդ փաստաթղթի արդյունքում Հայաստանը փաստացի հրաժարվեց Արցախից, Արցախի նկատմամբ վերահսկողությունից: Փաշինյանը ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց չսկսեց անգամ այն դեպքում, երբ տարածքային կորուստներ ունեցավ Հայաստանի Հանրապետությունը, անհամեմատ շոշափելի, քան եղել էին 2016 թվականի ապրիլին: Ավելին, նա սկսեց շատ ակտիվ մասնակցել ԵԱՏՄ շրջանակներում ընթացող միջոցառումներին՝ ամեն անգամ ընդգծելով ԵԱՏՄ-ի կարեւորությունը եւ զարգացման հեռանկարների նկատմամբ ունեցած իր վստահությունը:

Փաշինյանի վարքագծի փոփոխությունը կարող է բացատրվել այն հանգամանքով, որ նա իշխանազավթումից հետո հասկացավ, որ նախկինում սխալվել է, որ, լինելով ընդամենը պատգամավոր, չի պատկերացրել, որ քառօրյա պատերազմում ունեցած փոքր անհաջողության հետ ԵԱՏՄ-ն ոչ մի կապ չունի, որ ԵԱՏՄ-ն կապ չունի նաեւ 2020 թ․ խայտառակ պարտության, դրան հետեւած տարածքային կորուստների հետ, այդ ամենն իր ապաշնորհ ու հակապետական քաղաքականության արդյունքն է: 
Բայց Փաշինյանն առաջնորդվում է բացառապես մերկանտիլ մոտեցումներով, նրան հետաքրքրում են բացառապես իր անձնական եւ կորպորատիվ ֆինանսական շահերը: Նա հաշվարկել է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը կարող է հսկայական ֆինանսական կորուստներ պատճառել իրեն ու իր թիմին, Հայաստանը զրկել միլիարդավոր դոլարների եկամտից: Օրինակ, Ռուսաստանում ցորենը կրկնակի էժանացել է, բայց Հայաստանում ալյուրի եւ հացի գները մնացել են նույնը, Ռուսաստանից ներմուծվող բենզինի գինը գրեթե չի թանկացել, բայց Հայաստանում այն երկու ամսվա ընթացքում 60 տոկոսով թանկացել է, այդ գերշահույթներն ինչ-որ տեղ գնում են, չէ՞: ԵԱՏՄ-ից դուրս գալուց հետո Հայաստանը ռուսական գազը պետք է գնի միջազգային գներով, նույնը՝ միջուկային վառելիքը: ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում ռուսական շուկան կփակվեր Հայաստանի համար, եւ Հայաստանը միլիարդավոր դոլարների եկամուտ չէր ստանա վերարտահանումից կամ Ռուսաստան զուգահեռ արտահանումից: Հիմա Փաշինյանը ոչ թե 10, այլ հարյուրավոր փաստարկներ գիտի, թե ինչու է ԵԱՏՄ-ին անդամակցությունն ավելի շահավետ, քան դրանից դուրս գալը:

Ի տարբերություն 2017 թվականի, հիմա Փաշինյանն առաջնորդվում է «այն, ինչ շահավետ է Հայաստանին, շահավետ է նաեւ ինձ» կարգախոսով, որովհետեւ համարում է, որ Հայաստանն ինքն է, Հայաստանի բյուջեն եւ եկամուտները՝ իրենը, որքան ուզի, որտեղ ուզի, կծախսի, իր համար մեքենաներ կգնի, ինքնաթիռ ու տուն կվերանորոգի, իրենից ո՛չ հաշիվ պահանջող կա, ո՛չ իրեն պատասխանատվության ենթարկող: Ինչ-ինչ, բայց Փաշինյանը հաշվել գիտի։ Խոսքը, իհարկե, փողի մասին է:

Ավետիս Բաբաջանյան