Ինչպես կշարունակի իր ընթացքը էրդողանական Թուրքիան

Ինչպես կշարունակի իր ընթացքը էրդողանական Թուրքիան

Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլով նախագահ վերընտրվեց գործող նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը։ Հաշվի առնելով նրա առողջական խնդիրները՝ կարծում ենք, որ սա նրա պաշտոնավարման վերջին ժամկետը կլինի, եւ հնարավոր է հաջորդն արտահերթ ընտրություններ լինեն։ Էրդողանի ընտրությունը, իհարկե, կարող է նշանակել, որ նա կշարունակի իր որդեգրած քաղաքական գիծը թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքականության ասպարեզում։ Սակայն Էրդողանի ընտրությունը նշանակում է, որ նրա իշխանության վրա է մնալու Թուրքիայի տնտեսական դժվարությունների առնչությամբ լուծումներ գտնելու բարդ պատասխանատվությունը։ Կարծիքները, թե այս ընտրության արդյունքներով Էրդողանի ձեռքերն ամբողջովին կարձակվեն, որը հատկապես հայկական մամուլում է շրջանառվում, 100 տոկոսանոց ճշմարտություն չէ։

Իհարկե, նա հանրային լսարանի առաջ կփորձի ցույց տալ դա, սակայն իրականում, հաշվի առնելով թուրքական պետության եւ հասարակության բնույթը, Արեւմուտքի՝ Թուրքիայի համար ունեցած նշանակությունը, աշխարհում տեղի ունեցողը եւ այլ բազմաթիվ ֆակտորներ ու հատկապես նաեւ սեփական առողջական վիճակը, նաեւ դրա «անակնկալ» փոփոխությունները, Էրդողանը կլինի ավելի զգուշավոր՝ ի վերջո, հասկանալով, որ ասպարեզից իր հեռանալով կքանդվի այն, ինչ ինքը ստեղծել է։

Արեւմուտքի եւ հատկապես Միացյալ Նահանգների հետ էլ հարաբերություններում կփորձի լինել ավելի ճկուն՝ հասկանալով, որ այն Թուրքիան, որը կա այսօր, ինչ-որ իմաստով նաեւ Միացյալ Նահանգների պրոդուկտն է, եւ ԱՄՆ-ի համար մեծ դժվարություն չի լինի քանդել այն, ինչը ստեղծել է, եթե այնպես զարգանան դեպքերը, որ Անկարան Վաշինգտոնի համար սկսի լուրջ «պոմեխա» հանդիսանալ։ Ռուսաստանը, իհարկե, Էրդողանի վերընտրությամբ ուրախ է։ Սակայն որքան էլ Էրդողանը հայտարարի, թե ռուսների հետ հարաբերությունները նույն հունով են շարունակվելու, ամեն դեպքում, որոշ սրբագրումներ կլինեն, իսկ թե հանուն ինչի, արդեն ասել ենք։

Ադրբեջանը կշարունակի մնալ Էրդողանի հարավ-կովկասյան արտաքին քաղաքական գծի առաջնագծում գտնվող վիլայեթը, իսկ Ալիեւն էլ, անկախ «եղբայրական սիրատոչոր» հռետորաբանությունից, կշարունակի որոշակի ժամանակ խաղալ «ադրբեջանական վիլայեթի փոխարքայի» դերը, գոնե այնքան ժամանակ, քանի դեռ Էրդողանն Արեւմուտքի եւ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում այն կետին չի հասել, որ հակազդեցությունը նաեւ Բաքվի վրա պրոյեկտվի, եւ ինքը հայտնվի ուշադրության կենտրոնում։ Արդեն ասվել է, որ «հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման ընթացքը կլինի ոչ սահուն եւ անորոշության մեջ, քանի որ Էրդողանը փորձելու է մաքսիմում զիջումներ կորզել Հայաստանից»։ Սա, իհարկե, հնարավոր է, սակայն չմոռանալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացներում ամերիկյան գործոնի ազդեցությունը, չի բացառվում, որ հատկապես ԱՄՆ-ին սիրաշահած լինելու համար Անկարան փորձի որոշակի դրական ժեստեր անել Երեւանի նկատմամբ։ Հատկապես, երբ նաեւ հաշվի ենք առնում, թե պաշտոնական Երեւանն ինչ մտայնություններով է շարունակում «թեւածել» իր իսկ հորինած «խաղաղության դարաշրջանի» երկնակամարում, եւ ցանկացած ժեստ կարող է արդեն ներհայաստանյան լսարանի առաջ մատուցվել որպես այդ «դարաշրջանի» անկյունաքարային հանգրվան՝ ամրապնդելով Հայաստանի գործող իշխանությունների դիրքերը, իշխանություններ, որոնք, ամենամեղմ բնորոշումներով, ամենացանկալին են թուրք-ադրբեջանական տանդեմի համար։

Եվ մի հանգամանք եւս` խիստ բարձր ձայներ ստացած ընդդիմությունը եւ նրա թեկնածուն` Քըլըչդարօղլուն, ավելի մեծ ազդեցություն ձեռք կբերեն թուրքական քաղաքականության վրա, քան մինչ այժմ էր: