Մենք գազի համար ավելի թանկ ենք վճարում, քան եվրոպացիները
Գաղտնիք չէ, որ բացի ծանրամարտից ու ըմբշամարտից, Հայաստանին ոչ մի բնագավառում չի հաջողվում լինել առաջինը: Բայց... ոչ` կա եւս մի այդպիսի բնագավառ: Դա երկրի գազիֆիկացման մակարդակն է, որը 2015-ի հուլիսին հասել էր 95 տոկոսի:
Ինձ միշտ զարմացրել է, որ աղքատ Հայաստանը կարողացել է այդ բնագավառում առաջ անցնել Եվրոպայի շատ ավելի հարուստ ու բարգավաճ երկրներից: Մտածում էի՝ մի՞թե այդ երկրները չէին կարող կրակել 100 տոկոս թիվը եւ հաղթել «Գազպրոմ Արմենիային»: Բայց հասկացա, որ դրա իմաստը չկա: Ի՞նչ կարիք կա մի քանի բնակիչ ունեցող գյուղ հասցնել գազամուղի խողովակաշար: Դա ավելորդ, անիմաստ ծախս է: Այդ մի քանի հոգին կարող են իրենց հոգսերը հոգալ էլեկտրականության միջոցով: Չէ՞ որ նույնիսկ մայրաքաղաքում կան բազմաթիվ բնակիչներ, որոնց բնակարանները գազիֆիկացված չեն: Մինչդեռ աղքատ Հայաստանում քիչ չեն այնպիսի գյուղական բնակավայրերը, որոնք, ըստ «Գազպրոմի», գազիֆիկացված են, այսինքն՝ գազի խողովակաշարը հասցվել է այդ բնակավայրին: Գաղտնիք չէ, սակայն, որ որոշ այդպիսի բնակավայրերի բնակիչները չունեն անհրաժեշտ ֆինանսական միջոցներ, որպեսզի այդ գազի խողովակը հասցնեն իրենց տներ:
Մի բան էլ կար, որը ոչ միայն ինձ, այլեւ բոլորին էր զարմացնում: Ինչո՞ւ գազի տեղափոխումը Ռուսաստանից մինչեւ Հայաստանի սահման ավելի նվազ է արժենում, քան այդտեղից այն ՀՀ բաժանորդներին հասցնելը: Հիշեցնեմ, որ մի քանի տարի առաջ, երբ «Գազպրոմը» 1000 խմ գազը Հայաստանին վաճառում էր 150 դոլարով, մեր երկրի ներսում գազի գինը համարյա կրկնապատկվում էր՝ հասնելով շուրջ 300 դոլարի: Եվ ՀԾԿՀ-ն` հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, որը հաստատում է գազի սակագինը, միշտ համաձայնում է «Գազպրոմի» ներկայացրած հաշվարկների հետ: Հանելուկ էր, թե այդ ինչ ծախսեր է անում «Գազպրոմ Արմենիան»՝ գազը ՀՀ սահմանից մինչեւ բաժանորդ հասցնելու համար, որ դրա գինը, որը սպառողին հասնելուն պես սկսում է կոչվել սակագին, կրկնապատկվում է: Գազին ֆրանսիական օծանելիքի հոտո՞վ է օժտում, թե՞ նրբահամ կերակրի համ է պարգեւում: Հայտնեմ իմ կարծիքը` եթե սխալ եմ, թող այդ հանձնաժողովն ուղղի ինձ եւ բացատրի այդ հանելուկը:
«Գազպրոմ Արմենիան», որը ռուսաստանյան «Գազպրոմի» «100 տոկոսանոց դուստրն» է, մեզ՝ հայերիս, պարգեւել է հպարտություն եւ փառք: Գազիֆիկացման բնագավառում մենք դարձել ենք առաջիններից մեկն աշխարհում, ինչը մեծ ծախսեր է պահանջել: Այնքան մեծ, որ տարիներ են անցել, բայց մենք շարունակում ենք փակել այդ ծախսը, եւ այն չի ավարտվում: Ավելին: Թվում էր, թե դոլարի փոխարժեքի կտրուկ անկման հետեւանքով պետք է անկում ապրեր նաեւ դոլարով հաշվարկված գազի գնի սակագինը: Բայց՝ ոչ: Այն անշեղորեն աճում է: Չէ՞ որ փառքն ու հպարտությունը թանկ հաճույքներ են:
Մինչեւ վերջերս մենք կարող էինք մխիթարվել այն հանգամանքով, որ «Գազպրոմին» հաջողվել էր մի քանի անգամ բարձրացնել գազի գինը Եվրոպայում, եւ այն մեզ համար արժեր ավելի էժան, քան եվրոպացիների համար: Եվրամիության երկրները, սակայն, կարողացել են այդ հարցն այնպես կարգավորել, որ գազի գինն այնտեղ այսօր ավելի էժան է, քան մինչեւ ճգնաժամն էր: 1000 խմ-ի համար այն դարձել է 300 դոլարից պակաս: Եվրոպացիները նույնիսկ չափն անցել են՝ այնտեղ այսօր գազի պահանջարկն ավելի քիչ է, քան առաջարկը: Ինչը կարող է հանգեցնել նրան, որ, ըստ հեղինակավոր «Բլումբերգ» ինֆորմացիոն ընկերության, այս ամառ գազի գինը Եվրոպայում դառնա … զրոյից ցածր:
Իսկ ի՞նչ իրավիճակ է Հայաստանում: Հայաստանում շարունակվում են փառքի ու հպարտության համար արվող մուծումները: Հայաստանցի բնակիչ-բաժանորդը 1000 խմ գազի համար վճարում է 143.700 դրամ, ինչն այսօրվա փոխարժեքով կազմում է մոտավորապես 370 դոլար: Հետեւաբար, շարունակվում է մանիպուլյացիան, երբ «Գազպրոմն» իր 100 տոկոսանոց դուստր-ձեռնարկությանը, այսինքն՝ ինքն իրեն, գազը վաճառում է 165 դոլարով: Ինչը մեզ հետ կապ չունի: Իսկ վերջինը, այսինքն՝ նույն ռուսաստանյան «Գազպրոմը», այն մեզ է մատակարարում 143.700 դրամով: Այսինքն՝ 370 դոլարով: Ստացվում է կրկնակի օգուտ՝ թե՛ ֆինանսական, թե՛ պրոպագանդիստական: Ֆինանսական, որովհետեւ Հայաստանի քաղաքացիներին գազը հաջողվում է վաճառել ավելի թանկ գնով, քան եվրոպականն է: Եվ պրոպագանդիստական, քանի որ հայաստանցիները եւ աշխարհի հանրությունը կարծում են, թե մենք գազը գնում ենք ամենաէժան գնով՝ ընդամենը 165 դոլարով: Մինչդեռ, իրականում, մենք այն ստանում ենք 370 դոլարով:
Գրիգոր Էմին-Տերյան
Կարծիքներ