Արցախի Անվտանգության խորհրդի կազմն անհայտ է, ով ասես` մասնակցում է նիստին

Արցախի Անվտանգության խորհրդի կազմն անհայտ է, ով ասես` մասնակցում է նիստին

Մի կողմից` Արցախում քրեական գործ է հարուցվում պետական դավաճանության մեղադրանքով, թեեւ չկան կասկածյալներ, առավել եւս` մեղադրյալներ, մյուս կողմից` ընդդիմությունն Արայիկ Հարությունյանին մեղադրում է չհիմնավորված գործողությունների համար, որոնք եւս կարող են հանգեցնել պետական դավաճանության։

Բանն այն է, որ Արցախի անվտանգության խորհրդի նիստերին ով ասես` մասնակցում է, ընդդիմադիրներին հայտնի չէ, թե ովքեր են խորհրդի անդամները եւ ովքեր են պարզապես որպես հրավիրյալ մասնակցում եւ ինչու։ Մինչեւ պատերազմը, երբ ԱԽ քարտուղարը Սամվել Բաբայանն էր, խորհուրդը ձեւավորման ընթացքի մեջ է եղել, եւ միայն վերջերս են ընդդիմադիրները պարզել, որ իրենք եւս ԱԽ խորհրդի նիստերին պետք է մասնակցեն։ Շաբաթներ առաջ առաջին անգամ մասնակցել ու զարմացել են՝ նիստին տեսնելով ՀԿ-ների ներկայացուցիչների։ Նախօրեին Արայիկ Հարությունյանի հրավիրած ԱԽ ընդլայնված հերթական նիստն ընդդիմադիր «Արդարություն» եւ ՀՅԴ կուսակցության անդամները բոյկոտել են։ Դրանից երկու օր առաջ էլ հանդիպել էին ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ, հանդիպման ընթացքում եւս քննարկվել է ԱԱԽ խորհրդի կազմը։ Այս եւ այլ թեմայի շուրջ զրուցեցինք «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի հետ։

- Այո, չենք մասնակցել խորհրդի նիստին, ուզում ենք հասկանալ՝ մենք որպես ի՞նչ ենք այդ խորհրդի կազմում ներգրավված եւ էլի  մարդիկ՝ հրավիրված էինք, մշտական անդամ։ Չնայած չենք պատկերացնում, որ կարող ենք մենք, առավել եւս մի շարք ՀԿ ներկայացուցիչներ ԱԽ-ում մշտական անդամներ լինել։ Բացի այդ՝ եթե ՀԿ ներկայացուցիչներ, ապա ի՞նչ սկզբունքներով է ընտրվել, որ ՀԿ-ներից պետք է մասնակցեն, Արցախում 200-ից ավելի ՀԿ կա։ Կամ՝ ի՞նչ մոտեցումով են որոշել, որ խորհրդարանում ընդգրկված քաղաքական ուժերից որը պետք է կուսակցության ղեկավարի մակարդակով մասնակցի, որը՝ խմբակցության։ Մի խոսքով, անորոշ եւ անհասկանալի իրավիճակ է։ Մենք նամակով դիմել ենք նախագահի գրասենյակ, որ հասկանանք մեր կարգավիճակը եւ ընդհանրապես ԱԽ կազմը, այդ  կազմում փոփոխություն եղե՞լ է, թե՞ ոչ։ 2020 թվականի սեպտեմբերին, երբ նոր կազմը որոշվել է, հետո փոփոխություն եղե՞լ է, թե՞ ոչ, ի՞նչ ֆորմատ է ընտրվել։ Ես կարծում եմ՝ ոչ միայն անհասկանալի, այլեւ վտանգավոր իրավիճակ է։

- Ձեր կուսակցության ղեկավար Վիտալի Բալասանյանը ԱԽ քարտուղարն է, իրեն է՞լ հայտնի չէ, թե ովքեր են ընդգրկված խորհրդի կազմում։

- Իմիջիայլոց, Վիտալի Բալասանյանը երբեւէ չի եղել մեր կուսակցության ղեկավարը, ոչ էլ անդամ, պարզապես եղել է մեր նախագահի թեկնածուն։ Մենք օրերս հանդիպել ենք ԱԽ քարտուղարի հետ եւ մեզ մտահոգող հարցերն իր հետ էլ ենք քննարկել, հարցնելով՝ այս ի՞նչ կազմ է։ Մենք սպառիչ պատասխան չենք ստացել եւ, ինչպես ասացի, նամակով դիմել ենք, մինչեւ պատասխանը չստանանք, մասնակցություն չի լինի ԱԽ նիստերին։ 
Երկրի անվտանգության խորհրդի կազմը պետք է տիրապետի գաղտնի ինֆորմացիաների, պետական գաղտնիքների, իսկ այսօրվա դրությամբ մենք չգիտենք, թե ինչ կազմով են այդ հարցերը քննարկվում, իհարկե, մենք ուզում ենք խորհրդի կազմում լինել, բայց դա մեզ համար չի կարող ինքնանպատակ լինել։ Եթե վաղը ինֆորմացիոն արտահոսք լինի, ինչո՞ւ ոչ՝ մենք էլ ենք կասկածի տակ հայտնվելու։

- Հայաստանում, օրենքով սահմանված կարգով, նման փակ նիստերին մասնակցելու համար նախապես պետական պահպանություն իրականացնող մարմնի կողմից առաջադրված փաստաթղթեր պետք է լրացնեն, անձնական բնույթի հարցաշարի պատասխանեն։ Արցախում նման կարգ չկա՞, ցանկացած մեկը կարո՞ղ է ԱԽ նիստերին մասնակցել։

- Հենց դա եմ ասում․ առաջին անգամ, երբ մասնակցեցինք նիստին, գաղտնիության ռեժիմի հետ կապված որեւէ փաստաթուղթ չստորագրեցինք, ու դրա համար ենք ասում, որ պետք է այս անորոշությունները ճշտել։ Չի կարելի ցանկացած մարդու հետ քննարկել հարցեր, որոնք վերաբերում են երկրի անվտանգությանը։

- Մյուս կողմից տեսնում ենք, որ Արցախի իշխանությունները «պետական դավաճանների» հայտնաբերման ուղղությամբ աշխատանք են տանում, ինչո՞ւ եք մտահոգվում՝ քրեական գործ է հարուցվել պատերազմի ժամանակ որոշ անձանց կողմից թշնամուն աջակցելու կասկածներով։

- Գուցե առերեւույթ նման բան կա, փորձում են թոզ փչել մարդկանց աչքերին։ Ասում եք՝ գործ է հարուցվել, բայց ո՞ւմ նկատմամբ, ո՞վ է ձերբակալվել, որո՞նք են հիմքերը․․․ Ուղղակի աբսուրդ է, ո՜նց կարող են այս իշխանությունները բացահայտեն ժողովրդի թիկունքում իրենց կատարած գործողությունները։

- Պարոն Գալստյան, պատերազմի դադարից երեք ամիս անց Արցախում ներքաղաքական մթնոլորտը չի հանդարտվում, մենք տեղեկություններ ենք ստանում, որ չի բացառվում՝ առաջիկայում ընդդիմադիրներդ՝ դուք, ՀՅԴ-ն, փողոցային պայքար սկսեք իշխանությունների դեմ։ 

- Ոչ մի բան չի կարելի բացառել։ Եթե մեր պետականությունը վտանգի տակ լինի, ոչ միայն փողոցային պայքար, այլեւ բոլոր հնարավոր եւ անհնարինն արվելու է՝ Արցախի Հանրապետությունում հայրենասեր, հայերեն մտածող մարդկանցով իշխանություն կազմվի, որպեսզի թույլ չտանք այն հայակործան ծրագիրը, որը սկսել են, շարունակեն նաեւ այսօր։

- Բայց խորհրդարանում անցած շաբաթ Սամվել Բաբայանի թիմակից Բաղունցը ձեզ մեղադրում էր պաշտոնների ձգտելու մեջ։ Ասում էր՝ քննադատում եք, որ պաշտոններ ստանաք։

- Խորհուրդ կտամ ընկեր Բաղունցին՝ նայել իր քաղաքական անցյալին եւ տեսնել, թե քանի նավ է փոխել ու այսօր աթոռի նկատմամբ իր սերը փորձում է հայրենասիրություն ներկայացնել եւ մարդկանց հանիրավի մեղադրել։ Մի մարդ, ով նոյեմբերի 9-ից հետո Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի տակ է ստորագրել, այսօր դարձել է նրա անձնական խոսափողը միայն նրա համար, որ պահի իր աթոռը։ Մարդ, ով նախագահի ընտրությունների քարոզարշավի ժամանակ Արայիկ Հարությունյանին «ժեշտանչի» (տանիք փոխող) անվանելով՝ քարկոծում էր, հիմա տեսնում ենք, թե ինչպես է քծնում, ես այդ մարդուն ի՞նչ պատասխանեմ։