Նիկոլ Փաշինյանն Արցախ գա, ի՞նչ անի բայց

Նիկոլ Փաշինյանն Արցախ գա, ի՞նչ անի բայց

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայացրած բացառիկ մանրամասներին, աշխարհաքաղաքական ու ռազմավարական գնահատական-վերլուծություններին հընթացս նա թեւավոր խոսքերի մի նոր փունջ նետեց ասպարեզ․ «Կլուբնիկով բանակ չեն պահում», «Բանակը սանատորիա չէ», «Շուշիի հանձնումն ուզում էին գցել Սեյրան Օհանյանի ջեբը», «Եթե մենք «սերմացու գողացող մկներ» էինք, ապա զրահաբաճկոնը 600 ԱՄՆ դոլարով առնողն ի՞նչ է՝ կռի՞ս է»։ 

Սերժ Սարգսյանի ներկայացրած բացառիկ մանրամասներից էր նաեւ այն, որ 2020 թվականի ապրիլից սկսած՝ ինքը գիտեր, որ կան առարկայական բանակցություններ, որոնք ոչ մի լավ տեղ չեն տանելու։ «Ես նրան (Բակո Սահակյանին) ասում էի, որ այսպիսի բան կար, ինքը ոչինչ չէր պատասխանում, այնուհետեւ հարցնում էր սրանց, եւ սրանք ասում էին` չկա, եւ քանի որ Բակո Սահակյանը շատ ազնիվ մարդ է, ինձ ասում էր՝ հարյուր տոկոսով չկա»,- պատմեց Սերժ Սարգսյանը։

Մեղադրանքներ հնչեցրեց՝ ուղղված «կապիտուլյանտին», որ մարդավարի լրահամալրում չի կատարել, որ պատերազմից առաջ կորպուսի հրամանատարներ են փոխվել, 3 անգամ՝ Պաշտպանության բանակի հրամանատար։ Իսկ երբ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը պատերազմից 5 օր հետո է զանգել ՊԲ հրամանատարին, ՌԴ-ին կարող էին դիմել, որ աջակցի մեզ՝ չդիմեց, թեեւ երկկողմ պայմանագրերով Ռուսաստանը կարող էր եւ անպայման կաջակցեր։ ՀՀ նախկին նախագահն ընդգծեց, որ ռուսական կողմին վիրավորել էինք՝ մանր ու մեծ հարցերում, ինչի համար էլ պատժվեցինք, եւ այդ սխալների անվերջանալի մի շարան թվարկեց։ Այն դեպքում, երբ ասում են․ «Դա ավելին է, քան հանցագործությունը, դա սխալ» է։ 

Ինչպե՞ս են Արցախում վերաբերվում բոլոր այս բացահայտումներին։ Բակո Սահակյանի մամուլի նախկին քարտուղար, այժմ Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանն այլեւս առաջվա պես հակված չէ հարցազրույցների։ Սկզբում ասաց, որ զանգենք այլ պաշտոնյաների։ «Բայց հարցերը Ձեր պաշտոնավարման շրջանին են վերաբերում» մեր դիտարկումից հետո էլ պարոն Բաբայանը պատճառաբանեց, թե հանդիպման է։ Արցախցի տարբեր պաշտոնյաներ՝ Դավիթ Իշխանյան, Հայկ Խանումյան, նախկին ու ներկա պատգամավորներ, կա՛մ խուսափում են խոսել, կա՛մ անիմաստ են համարում։ Ինչպես, օրինակ, Արցախի ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը, որն ասաց, որ չի ուզում մեկնաբանել այդ դժոխքը։ Բառացի ասաց, որ չի ուզում խոսել եւ չի ուզում ապրել։ 

Զանգահարեցինք Շուշիի նախկին քաղաքապետ Արծվիկ Սարգսյանին, որին հարցրինք՝ Սերժ Սարգսյանն ասում է, որ չգիտի, թե ով է իրականացրել Շուշիի պաշտպանությունը, ինքը գիտի՞։ Ասաց․ «Ես չգիտեմ՝ կոնկրետ պատասխանատու եղե՞լ է, թե՞ չէ, բայց Սեյրան Օհանյանն այստեղ է եղել»։ Երբվանի՞ց։ «Ճիշտն ասած, կլիներ հոկտեմբերի կեսերը, որ ինքը եկել ա Շուշի, որ կազմակերպի Շուշիի պաշտպանությունը։ Խրամատներ, դիրքեր, հետո՝ էդ վաշտերի ստեղծումը։ Էդ հարցերով էր զբաղվում»։ Պատերազմի փորձառու վետերաններին պատերազմի կառավարումից դուրս թողնելու մասով էլ ասաց․ «Ես չեմ ասում, իրենք են ասում, որ մեկուսացված են եղել»։ 
Շուշիի նախկին քաղաքապետը նաեւ նշեց, որ Հայաստանից ժամանած ՄՕԲ-ը վերջին պահերին «տրամադրված չի եղել մասնակցելու»։ Ասել են՝ ուզում ենք գնանք Հայաստան, մեզ ազատեք։ Այն մասին, որ ռուսները վիրավորված էին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին հետ կանչելու փաստից, ասաց․ «Դե, եթե նեղացրել էինք, պիտի պատժեր»։ 

Շուշիի քաղաքապետին հայտնեցինք նաեւ, որ Հայաստանում որոշ մարդիկ շատ ծանր են տանում, որ ռուսերենն Արցախում երկրորդ պետական լեզու է դառնում, Արծվիկ Սարգսյանն ասաց․ «Եթե էսօր ռուսն ա էստեղ՝ մեր թիկունքին, ինքն ա մեր հարցերով զբաղվում, երեւի էդ անելը ճիշտ է։ Ավելի լավ ա ռուսը, քան թե ադրբեջանցին։ Որովհետեւ ադրբեջանցիներն էնքան լցվել են, որ ամեն հարց իրենք են առաջադրում, որ դրոշակները պիտի հանվի, որ եսիմ․․․ արձանը պիտի հանվի, այ, տենց հարցեր որ դնում են, ավելի լավ է ռուսի հետ լինենք, քան թե ադրբեջանցու։ Հետո, էսօր որպես դաշնակից, էն որ ասում ա՝ հարազատ․․․ պետություն Ռուսաստանն է։ Էսօր էլ ուրիշ ո՞ւմ ունենք։ Ես կոնկրետ չեմ համարում, որ Ամերիկան, Ֆրանսիան մեզ գալու են օգնեն։ Եթե օգնող էին, գոնե կռվի ժամանակ կօգնեին։ Եվ հետո, կար 1813 թ․ Գյուլիստանի պայմանագիր․ էն ժամանակ Արցախը Ռուսաստանի գուբերնիա էր, գուցե դա ժամանակին հիմք պիտի ծառայեր, որ էս պատերազմն էլ չլիներ։ Ռուսը պետք է լինի մեր թիկունքը։ Իհարկե, Հայաստանը՝ առաջին հերթին, բայց երկրորդ հերթին՝ ռուսը։ Հլա Հայաստանին էլ պետք է թեւ ու թիկունք կանգնի, որովհետեւ էսօր մեր դեմը կանգնած է Թուրքիայի պես պետություն։ Մենք տեսանք՝ Թուրքիա, Պակիստան, թե չէ՝ եթե պատերազմը մենակ ադրբեջանցիների հետ լիներ, մենք հերները կանիծեինք դրանց»։ 

Եվս մի հարցի մասին․ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ի կապիտուլյացիան ստորագրելուց հետո ոչ մի անգամ Արցախ չի գնացել։ Ինչո՞ւ չի գալիս, Արծվիկ Սարգսյանն ասում է․ «Դե, գա, ի՞նչ անի բայց»։

ՀԳ․ Սերժ Սարգսյանի այն հայտարարության մասով, որ Արայիկ Հարությունյանն իրեն այդպես էլ չի ընդունել, փորձեցինք մեկնաբանություն ստանալ Արցախի նախագահի նորանշանակ մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանից։ Նա ասաց․ «Այս պահին էդ թեման չենք մեկնաբանելու, բայց առաջիկայում ոչ միայն այդ, այլեւ այլ հարցերի նախագահն անդրադարձ կկատարի»։