Ես խնդիրներ ունեմ, փողոց դուրս չեմ գալիս

Ես խնդիրներ ունեմ, փողոց դուրս չեմ գալիս

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար, «Կիլիկիա» գարեջրի գործարանի տնօրեն Հակոբ Հակոբյանն իր աշխատակիցներին չի պարտադրում մասնակցել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքներին։ Ասում է՝ ինքն անգամ ընտրություններին իր քարոզարշավի ժամանակ է մարդկանց կոչ արել՝ սեփական խելքով ընտրություն կատարել ցանկացած հարցում։

- Ես փող շատ եմ ծախսել, բայց ընտրակաշառք երբեք չեմ բաժանել, ես այն ժամանակ էլ եմ ժողովրդին բացատրել՝ եթե 5-10 հազարը տամ, էլ իմ երեսը չեք տեսնի, ավելի լավ է ես այդ գումարը համայնքի վրա ծախսեմ, բոլորն էլ համաձայնել են եւ սրտով ինձ ընտրել։ Կարող եք գնալ Տավուշի մարզ եւ հարցնել։

- Դուք դեռեւս ՀՀԿ-ական եք, ձեր կուսակցությունը Հայրենիքի փրկության շարժման առանցքային անդամներից է եւ նախաձեռնում է նման հանրահավաքներ։ Անձամբ Դուք մասնակցո՞ւմ եք հանրահավաքներին եւ ինչպե՞ս եք պատկերացնում հետպատերազմական մթնոլորտի հանգուցալուծումը։

- Ինձ պետք է, որ իմ երկիրն այս վիճակից դուրս գա, իսկ դրա համար յուրաքանչյուր մարդ իր տեղում իր գործը պետք է ճիշտ կատարի, հակառակ դեպքում՝ մենք այս վիճակից դուրս չենք գա։ Ես երբեք ոչ մի իշխանության չեմ մեղադրել, չեմ մեղադրում, որովհետեւ ամեն մեկն մի ոճով, մի ձեւով է աշխատում, որպեսզի գնահատես տվյալ պաշտոնյայի աշխատանքը, ամեն մեկի որոշում կայացնելիս պետք է լինես իր կողքը, ամբողջ ինֆորմացիան ունենաս, նոր որոշում կայացնես՝ ինքը ճի՞շտ է, թե՞ սխալ։ Որովհետեւ շատ հարցեր կան, որ մանրամասն չենք իմանում, հետո ասում ենք՝ իրենց որոշումը սխալ է կամ ճիշտ է։

- Փաստորեն, ձեր կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը ճիշտ չի անում, որ քննադատում է Նիկոլ Փաշինյանին այս պատերազմի, պարտության հարցում։ Հավանաբար տեսել եք, մի քանի օր է՝ հարցազրույց է տալիս, եւ դա ֆուրոր է առաջացրել։

- Ես նման բան չասացի։ Ընդհանրապես եմ ասում, որ յուրաքանչյուր մարդ պետք է իր գործով զբաղվի եւ յուրաքանչյուր մարդ, որ ինչ-որ բան ասում է, պետք է ոչ թե լավով կամ վատով ընդունեն, այլ պետք է վերլուծել, հասկանալ, նոր ասել՝ ճի՞շտ է ասում, թե՞ սխալ։

- Հիմա, 44-օրյա պատերազմի ավարտից մոտ երեք ամիս է անցել, Դուք չե՞ք վերլուծել ու հասկացել Նիկոլ Փաշինյանի արածների եւ ասածների սխալն ու ճիշտը, թե՞ կարծում եք՝ նորմալ է, պատերազմ էր, այսպես էլ պիտի լիներ։

- Ցանկալի է, որ պատերազմ չլիներ կամ շուտ ավարտվեր, բայց չեղավ։ Հիմա Դուք ինձ հարց կտաք՝ ո՞վ էր մեղավոր, բայց ես ի՞նչ իմանամ, թե ով էր մեղավոր։

- Սերժ Սարգսյանը, Ձեր կուսակից ընկերներն ասում են՝ Նիկոլն ու իր թիմն են մեղավոր, իրենց հայտարարություններով հրահրեցին պատերազմ՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ» գոռալով, բանակցային պրոցեսը տապալելով, իսկ պատերազմի ընթացքում էլ այնպիսի քայլեր արեցին, որոնք տարան պարտության։

- Դե, բա որ ասել է, դուք էլ գրեք՝ ճի՞շտ է ասել, թե՞ սխալ։

- Ես Ձեր կարծիքն եմ ուզում իմանալ։

- Իմ կարծիքը հետեւյալն է՝ մենք պարտվել ենք։ Ոչ մեկ չի կարող հերքել, հիմա պարտության մեջ պետք է տեսնենք՝ ովքեր են մեղավոր, ինչի համար ենք պարտվել, պետք է նստեցվի, խոսեցվի բոլորի հետ՝ զինվորականներ, իշխանություններ, վերլուծություն արվի, որպեսզի տեսնենք՝ ով է մեղավոր, ով՝ ոչ։

- ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը հայտարարեց, որ ինքը չորրորդ օրն է Նիկոլ Փաշինյանին զեկուցել, որ պատերազմն անհապաղ կանգնեցնել է պետք, ավելին՝ մինչեւ պատերազմն էլ զգուշացրել է, որ նման վտանգ կա։

- Դե ուրեմն պետք է կանգնեցնեին, եթե Օնիկ Գասպարյանը նման բան է ասել։ Ես, իհարկե, չեմ լսել, բայց եթե Դուք ասում եք, որ ասել է, հավատում եմ Ձեզ, բնական է, գլխավոր շտաբի պետը պատերազմական շրջանում մեր գերագույն հրամանատարն է մեր Սահմանադրությամբ, այսինքն՝ եթե իրոք ասվել է, դա պետք է կատարվեր։

- Եթե ամփոփենք՝ Դուք դեռեւս չե՞ք կողմնորոշվել՝ Նիկոլ Փաշինյանը մեղավո՞ր է, թե՞ ոչ, պիտի հեռանա՞, թե՞ չպիտի հեռանա…

- Ես կողմնորոշվել եմ, որ իշխանությունները, մեր իշխանությունները պետք է կազմակերպեն արտահերթ ընտրություն, եւ ժողովուրդը կորոշի։ Ինչքան ուզում եք մեղադրել տարբեր ղեկավարների, բայց ժողովրդի կարծիքն է կարեւորը։ Ժողովուրդը կարող է սխալվել կամ ճիշտ կատարել, բայց ինքը պետք է որոշի։

- Այսինքն՝ Դուք կարծում եք, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ արդար, թափանցիկ ընտրություն հնարավո՞ր է անել, Ձեր կուսակցությունն այդպես չի կարծում։

- Ազատ, անաչառ ընտրություն բոլոր իշխանությունների ժամանակ էլ ե՛ւ հնարավոր է, ե՛ւ հնարավոր չէ։ Իմ կարծիքով, պետք է լինի ժամանակավոր կառավարություն, եւ այն մարդը լինի վարչապետ, ով հետո չի հավակնելու մասնակցել ընտրությանը, կարող է Նիկոլ Փաշինյանը հայտարարի, որ ինքը չի մասնակցելու ընտրություններին, եւ մնա, ու հետո ընտրություններին չմասնակցի․․․ Որովհետեւ ինչպիսի ընտրություն էլ լինի, ժողովրդի մի մասը մեղադրելու է, որ անարդար ընտրություն է եղել։

- Ասացիք, որ Ձեր աշխատակիցներին չեք պարտադրում միտինգներին մասնակցել, իսկ Դուք անձամբ ներգրավվա՞ծ եք փողոցային պայքարին, մասնակցո՞ւմ եք միտինգներին։

- Ճիշտն ասած, ես խնդիրներ ունեմ, փողոց դուրս չեմ գալիս, չեմ մասնակցում, հարցեր կան, չեմ ուզում ասել՝ ինչու։ Առողջական խնդիրներ են։