Առաջին ընտրություններն էին, որտեղ ոչ մի լծակ, ճնշում չի օգտագործվել

Առաջին ընտրություններն էին, որտեղ ոչ մի լծակ, ճնշում չի օգտագործվել

Քանդակագործ Լեւոն Թոքմաջյանն ավելի երջանիկ պահ չի ունեցել, քան նախօրեին՝ լսելով խորհրդարանական ընտրությունների արդյունքների մասին․ «Այնքան ուրախացա, որ իմ Հայաստան երկիրն այդքան մեծ միջազգային արձագանք ունեցավ, այսօր լսեցի, թե Ամերիկայի դեպարտամենտն ինչ մեծ գոհունակությամբ էր խոսում, եւ ուրախ եմ, որ այսօր Հայաստանում տեսա նման ընտրություններ։ Կարծում եմ՝ շատ արդար են անցել ընտրությունները, ոմանք ասում էին, թե հեղափոխական ալիքը վերջացել է, բայց դեռ չի վերջացել, մենք դեռ շատ մեծ անակնկալներ ունենք եւ պետք է այդ հեղափոխական ալիքի արդյունքը տեսնենք։ Սպասում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու»։

Թոքմաջյանը մի քիչ ափսոսում է «Սասնա ծռերի» համար, ովքեր չմտան խորհրդարան․ «Ես հավատում եմ ժողովրդիս իմաստուն գաղափարին եւ կարծում եմ՝ ճիշտ բաշխվեցին ձայները, մենակ ափսոսում եմ «Սասնա ծռերի» համար, իրենց գործունեությունը շատ ազնիվ է եղել, եւ պետք է գային խորհրդարան»։

Այն, որ նախկին ընդդիմությունն այժմ դառնալու է խորհրդարանում իշխանություն, եւ ըստ էության նոր, ուժեղ ընդդիմություն չենք ունենալու, ապա․ «Ընդդիմությունը նա չէ, որ դու մի բան ասում ես, ես դրա հակառակը պետք է ասեմ, ընդդիմությունը պետք է ունենա գաղափարական շատ մեծ պաշար, ինքը պիտի լինի ազնվության, արդարության, ճշմարտության կրողը, որպեսզի դիմացինին քննադատի։ Փիլիսոփայության մեջ մի կատեգորիա կա՝ հակասությունների միասնության եւ զարգացման օրենք, այդ հակասությունների միասնությունն անհրաժեշտ է, բայց ո՞վ պետք է լինի այդ ընդդիմությունը։ Ես հավատում եմ Մարուքյանին, նա շատ ուղղամիտ եւ ճիշտ խոսող է, մինչեւ երեկ էլ ասում էր, որ գործարար մարդը չի կարող քաղաքականությամբ զբաղվել։ Ես հավատում եմ, որ Էդմոնը, Լենան, Մանեն կարող են դառնալ շատ լավ ընդդիմություն, թող իզուր չասեն՝ ընդդիմություն չկա, միահեծան իշխանություն է լինելու, ես հավատում եմ ե՛ւ Նիկոլին, ե՛ւ «Լուսավոր Հայաստանին»»։ 

Ասում է՝ վերջին հաշվով, չգիտենք, թե 1-2 տարի հետո ինչ կլինի, մարդիկ փոխվում են, ինչպես, օրինակ, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի դեպքում եղավ, ում մեծ ոգեւորությամբ ընտրեցին եւ ում դեմ հիմա ցույցեր են անում։

Այն, որ ընտրություններին մասնակցել է բնակչության 48 տոկոսը, Լեւոն Թոքմաջյանը դա բացատրում է նրանով, որ առաջ մարդկանց մեծ մասը կաշառք էր վերցնում, նոր էր գնում քվեարկության, իսկ հիմա, քանի որ չի տրվել, էլ հավես չունի ընտրության գնալու․ «Տարբեր շերտեր կան հասարակության մեջ, համենայնդեպս, գիտակից շերտը մասնակցել է։ Կարծում եմ՝ ոչ մի անգամ ողջ ազգը 100 տոկոսով չի մասնակցում ո՛չ ընտրություններին, ո՛չ հեղափոխությանը, դա այն սերուցքն է, որ ամենագիտակիցն է եւ ցավում է իր հայրենիքի ու ժողովրդի համար։ Շատը, քիչը հարաբերական են, կարեւորը՝ որ առողջ մասն իր ձայնը ճիշտ տնօրինեց»։

Երգահան, հեղինակ կատարող Էդուարդ Զորիկյանը նույնպես սպասում էր, որ «Սասնա ծռերը» կանցնեն խորհրդարան, իսկ ընդհանուր առմամբ, սա առաջին նորմալ ընտրությունն էր։

«Ընտրատեղամասում, որտեղ ես էի, նույնիսկ հերթ էր»,- ասում է Զորիկյանն ու հավելում, որ սա առաջին ընտրություններն էին, որտեղ ոչ մի լծակ, ճնշում չի օգտագործվել․ «Բոլորս գիտենք, թե նախկինում ոնց էին դպրոցներից, աշխատավայրերից ավտոբուսներով տանում քարոզարշավի, ընտրատեղամասեր․ այդ ամենը մեր աչքի առաջ է եղել։ Իսկ այն, ինչ ունենք, մասնակցության իրական թիվն է։ Սա առաջին անգամ ժողովրդի ընտրած Ազգային ժողովն է, առաջին անգամ երկրի առաջին դեմքերը, ովքեր քանդեցին Հայաստանի հիմնասյուները, հայտնվել են բանտում, առաջին անգամ վարչապետի որդին գնաց ու մյուս տղաների հետ հավասար ծառայում է բանակում, առաջին անգամ լսում ենք, որ երկրի առաջնորդն ասի՝ կեցցե ազատ, անկախ Հայաստանը։ Ինձ ու աղջկաս փողոցում նման բան ասելու համար տարիներ առաջ բերման են ենթարկել։ Այն, ինչ կատարվեց, առաջին անգամ էր, մինչ այս չէր եղել, եւ շատ բաներ ենք լսելու եւ տեսնելու առաջին անգամ, ու համոզված եմ՝ դրական իմաստով, իսկ մնացած վայնասունը, որ բարձրացրել են, կանցնի կգնա։ Ինչքան շատ խոսեն, այնքան ավելի շատ ծիծաղի առարկա են դառնալու, որովհետեւ ժողովուրդն արդեն էլ չի հայհոյում իրենց (ՀՀԿ-ին), այլ ծիծաղում է նրանց վրա»։ 

Էդուարդ Զորիկյանը մի քիչ ավելի բազմազան էր պատկերացնում ԱԺ անցած ուժերին, բայց միաժամանակ նկատում է, որ պետք է հաշվի նստենք այն հանգամանքի հետ, որ սա է իրական պատկերը։ Ինչ վերաբերում է այն կանխատեսումներին, որ հանձին ԲՀԿ-ի եւ ԼՀԿ-ի, ուժեղ ընդդիմություն չենք ունենա խորհրդարանում, ըստ այդմ կբացակայի առողջ բանավեճը, Զորիկյանն ասաց․ «Խորհրդարան անցել են այն ուժերը, որոնցից գոնե 2-ն ուզում են փոխել մեր կյանքը»։ 
Ավելին՝ նա խնդիր չի տեսնում, որ նախկին ընդդիմությունը դառնալու է իշխանություն․ «Ժողովուրդն իրենց է ընտրել, եւ այն, ինչի համար մտել են Ազգային ժողով, պետք է իրականացնեն»։