Կլանային քաղաքականությունը՝ ՀՀ ֆինանսների նախարարությունում

Կլանային քաղաքականությունը՝ ՀՀ ֆինանսների նախարարությունում

Անցած տարի մամուլում մի շարք աղմկահարույց հրապարակումներ եղան, որ «Ինտեր Լիմենս» ՍՊԸ-ն տարիներ շարունակ փաստացի մենաշնորհային կարգավիճակով զբաղվել է պետական գնումների կազմակերպմամբ եւ գնումների գործընթացի վերաբերյալ խորհրդատվության տրամադրմամբ, ինչը մեծ շահույթներ է ապահովել: Նման մենաշնորհային կարգավիճակն ընկերության համար, ըստ մեր տեղեկությունների, ստեղծել էին Ատոմ Ջանջուղազյանն ու Կարեն Բրուտյանը՝ օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը, ազդեցությունը եւ այլ կապերը:
Մամուլի նշված հրապարակումներից հետո՝ գուցե հասկանալով, որ այդ ամենը կարող է հեռուն գնացող հետեւանքներ ունենալ, Կարեն Բրուտյանն ու Ատոմ Ջանջուղազյանը 2018թ. դեկտեմբերի վերջերին ժամանակավորապես կասեցրել են «Ինտեր Լիմենս» ՍՊԸ-ի գործունեությունը: Սակայն այժմ էլ նշված անձանց կողմից մշակվել է մի նոր եղանակ՝ պետական գնումների ամբողջ ոլորտը մենաշնորհելու ուղղությամբ: 

Խոսքը գնում է գնումների հետ կապված բողոքներ քննող անձի պաշտոնում ՀՀ ֆինանսների նախարարության պետական գնումների վարչության պետ Սերգեյ Շահնազարյանին նշանակելու մասին, ով սերտ քավոր-սանիկ-բարեկամ հարաբերություններ ունի ՀՀ ֆինանսների նախարարության ղեկավարության հետ: Մասնավորապես, պետական գնումների վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանի մտերիմ ընկերը եւ սանիկն է, իսկ Կարեն Բրուտյանն, իր հերթին ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի սանիկն է: Չմոռանանք նշել, որ Սերգեյ Շահնազարյանը, Կարեն Բրուտյանը եւ Ատոմ Ջանջուղազյանն իրենց հերթին «Ինտեր Լիմենս» ՍՊԸ-ի փայատերերն են, իսկ Սերգեյ Շահնազարյանը պետական ապարատում չաշխատելու տարիներին զբաղեցրել է նաեւ «Ինտեր Լիմենս» ՍՊԸ տնօրենի պաշտոնը:

Գնումների հետ կապված բողոքներ քննող անձն օժտված է չափազանց կարեւոր գործառույթով, քանի որ քննում է պետական մարմինների կողմից պետական գնումների ոլորտում թույլ տրված խախտումների դեմ ընկերությունների կողմից բերված բողոքները եւ օրենքի ուժով անկախ ու անկողմնակալ վարչական մարմին է,  ենթարկվում է միայն օրենքին: Սերգեյ Շահնազարյանին՝ որպես գնումների հետ կապված բողոքներ քննող անձի թեկնածու, ՀՀ վարչապետի նշանակմանը ներկայացնելու եւ մյուս հնարավոր թեկնածուներին մրցույթից դուրս թողնելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ս.թ. մարտին հայտարարվել է մրցույթ, սակայն մրցույթի պայմաններում միաժամանակ նշվել է, որ մրցութային գործընթացը ՀՀ ֆինանսների նախարարությանը  չի պարտավորեցնում որեւէ անձի ընտրության՝ թեկնածության առաջադրման կամ պաշտոնի նշանակման:

Այսպիսով, ստացվում է մի իրավիճակ, երբ ՀՀ ֆինանսների նախարարը կարող է իր համար ընդունելի ցանկացած թեկնածուի, անկախ մրցույթի արդյունքներից, կամայականորեն ներկայացնել ՀՀ վարչապետին՝ գնումների հետ կապված բողոքներ քննող անձի պաշտոնում նշանակելու համար: Գուցե հենց հեռավոր պլաններ ունենալով՝ իրենց հարազատին՝ Սերգեյ Շահնազարյանին դարձնել գնումների հետ կապված բողոքներ քննող անձ եւ մենաշնորհելով պետական գնումների ոլորտը՝ պետական գնումների կազմակերպումից սկսած, գնումների բողոքարկումով ավարտված, «Ինտեր Լիմենս»  ՍՊԸ-ի փայատերերի կողմից որոշում կայացվեց 2018թ. դեկտեմբերի վերջերին ժամանակավորապես դադարեցնել «Ինտեր Լիմենս»-ի գործունեությունը՝ վերոհիշյալ ծրագրերը քողարկելու համար:

Մեր տեղեկություններով՝ ՀՀ ֆինանսների նախարարության պետական գնումների վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը վարչության պետի պաշտոնից իրեն ազատելու խնդրանքով արդեն իսկ դիմում է գրել՝ ակնկալելով, որ իր բարեկամ-հարազատները կլուծեն իրեն գնումների հետ կապված բողոքներ քննող անձի պաշտոնում նշանակելու հարցը: Մեզ չհաջողվեց պաշտոնապես տեղեկություն ստանալ՝ Շահնազարյանը գրե՞լ է արդյոք դիմում, թե՞ ոչ։ Մեր տեղեկություններով, այսօր արդեն հնարավոր է նշանակման հրամանն արձակվի։

Սարգիս ԳՐԻԳՈՐՅԱՆ