Մաշկավեներականն ուզում են միացնել մասնավոր կլինիկայի. կոլեկտիվը տեղյակ չէ

Մաշկավեներականն ուզում են միացնել մասնավոր կլինիկայի. կոլեկտիվը տեղյակ չէ

Բուժհաստատությունների սեփականաշնորհման գործընթացը, որը սկսվել էր դեռ նախորդ կառավարության ժամանակ եւ մեծ դժգոհություններ առաջացրել, դանդաղ տեմպերով է վերանայվում։ Վերանայման մասին, հիշեցնեմ, ամռանը հայտարարել էր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Հայտնի է, որ մի երկու հաստատություն հանվել են ցանկից, սակայն սեփականաշնորհման ենթակա օբյեկտների ցանկը սահմանվում է օրենքով, իսկ Ազգային ժողով նման օրինագիծ չի մտել։ 

Բուժհիմնարկների կոլեկտիվները, տնօրենները հիմնականում ցանկություն ունեն, որ դրանք ուղղակի վաճառքի ձեւով եւ մատչելի գնով նախ առաջարկվեն իրենց։ Առողջապահության նախարարության մաշկաբանության եւ սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնի կոլեկտիվն այս իմաստով բացառություն չէ։ Այս հայտնի հաստատությունը, որը 2017-2020 թվականների մասնավորեցման ենթակա օբյեկտների թվում է, ամենաեկամտաբերներից է համարվում։ Ոստիկանությունն այստեղ թմրանյութերի օգտագործման մեջ կասկածվողների բուժզննումներն է անցկացնում, մարմնավաճառների փորձաքննությունն է իրականացնում, որպեսզի նրանք հաճախորդներին վեներական հիվանդություններով չվարակեն։ 

«Արդեն երկու տարի է՝ մեր կենտրոնը մասնավորեցման գործընթացում է։ Հիմա գնահատման փուլն է։  Կոլեկտիվը ցանկություն է հայտնել մասնակցելու մասնավորեցմանը, «հետո»-ն արդեն չգիտեմ, թե ոնց կլինի»,- ասաց հիվանդանոցի տնօրեն Միքայել Սահակյանը։ Տեղեկություն ունենք, որ «հետո»-ն այնքան էլ վառ չէ կոլեկտիվի համար։ Բանն այն է, որ ծրագիր կա՝ մաշկաբանության եւ սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնը միավորել «Մեդլայն կլինիկ» մասնավոր հաստատությանը։ «Մեդլայն կլինիկ»-ն ունի երկու մասնաշենք՝ պոլիկլինիկա Պուշկինի եւ հիվանդանոց՝ Ռոստոմյան փողոցներում։ Մաշկաբանության եւ սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնի հետ միավորման մասին վերջինիս տնօրեն Միքայել Սահակյանը տեղյակ չէ։ «Ես չեմ լսել այդ մասին, տեղյակ չեմ»,- ասաց նա։

Իսկ Ռոստոմյան փողոցում գտնվող «Մեդլայն կլինիկ» հիվանդանոցի տնօրեն Բաբկեն Շահումյանը «Հրապարակի» հետ զրույցում ըստ էության հաստատեց լուրերը՝ ասաց, որ մաշկաբանության եւ սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնին վերաբերող ներդրումային ծրագիր է ներկայացրել նախարարություն։ Կենտրոնի տնօրեն Միքայել Սահակյանի հետ համաձայնեցրե՞լ եք այդ ծրագիրը։ Հարցին Շահումյանը պատասխանեց․ «Դա մեր նախաձեռնությունն է։ Ուղղակի մենք նամակով մեր մտադրությունն ենք հայտնել, եւ այդ փուլի վրա կանգնած է գործընթացը։ Մենք նամակ ենք ուղարկել տարածքային կառավարման նախարարություն։ Ոչ մի որոշակի բան չկա»։ Դիտարկմանը, թե «Մեդլայնի» նախկին տնօրենը հեռացավ, քանի որ այն վատ վիճակում էր, նույնիսկ աշխատավարձեր չէին կարողանում տալ, Բաբկեն Շահումյանը պատասխանեց․ «Դուք էլի մամուլից եք ինչ-որ բան ասում։ Ոչ, նորմալ, բնականոն աշխատանք է գնում»։ Արսեն Թորոսյանի հետ մտերիմ հարաբերությունների մասին էլ ասաց՝ <չկա նման բան>։ 

Մաշկաբանության եւ սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնը լիարժեք աշխատող հիմնարկ է, ունի 108 աշխատակից։ 

ՀԳ․ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պետբյուջեի միջոցները տնտեսելու մեծ հնարավորություն ունի։ Հանգիստ կարող է աշխատանքից ազատել հասարակության հետ կապերի բաժինն ու մամուլի քարտուղարին եւ նրանց փոխարեն ինքնապատասխանիչ դնել, որը գեթ մեկ նախադասություն կարտաբերի․ «Խնդրում եմ՝ հարցումն ուղարկեք գրավոր»։ Անգամ ամենաաննշան հարցերի դեպքում, որոնք «այո» կամ «ոչ» պատասխաններ են ենթադրում, մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը եւ տեղեկատվության պատասխանատու Լիլիթը այս ֆրազն են արտաբերում։ Լիլիթն ասաց, որ ինքը հին աշխատող է, սակայն տեղյակ չէ՝ սեփականաշնորհման ենթակա բուժհաստատությունների ցանկը փոխվե՞լ է, թե՞ ոչ, կամ էլ գրավոր հարցում է պահանջում իր հաճույքի համար։ Կարծում ենք, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որը պատրաստ է մերկանալ ու ջուրը մտնել տեսախցիկների առաջ, հազիվ թե նման փակ գործելաոճ պարտադրի իր աշխատակիցներին։