Վերաբերմունքը սեփական ժողովրդի նկատմամբ

Վերաբերմունքը սեփական ժողովրդի նկատմամբ

Հոկտեմբերի 28-ին, Կարագանդայի շրջանի «ԱրսելորՄիտտալ Տեմիրտաու» (ԱՄՏ) ընկերության Կոստենկոյի անվան քարածխի հանքավայրում պատահած վթարի՝ լավայում գազոմեթանի պայթյունի հետևանքով մահացել է 32 հանքափոր, հոսպիտալացվել է 18-ը: Հոդվածը գրելու պահին 14-ին դեռևս փնտում էին: Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հոկտեմբերի 29-ը հայտարարել է սգո օր:

Ցավակցելով զոհվածներին ու առողջություն մաղթելով վիրավորներին՝ արձանագրենք, որ այն պահին, երբ հայտարարվում էր սգո օրվա մասին, հայտնի էր միայն 21 զոհվածի մասին: Եվ ներկայացնենք մի փոքր վիճակագրություն. Ղազախստանի բնակչության թիվը կազմում է շուրջ 20 միլիոն մարդ: Եթե այդ թվին համադրենք զոհվածների նախնական թիվը՝ երբ սգո օր էր հայտարարվում, ապա կստանանք բնակչության 0.0001 տոկոսը: Նույնիսկ բացարձակ թվերով էլ 21-ը (կամ թեկուզ 32-ը) համադրելի չէ 20,000,000-ին: Բայց քանի որ դա արտակարգ պատահար էր, և մարդիկ էին զոհվել, Ղազախստանի նախագահը հայտարարել էր սգո օր:

Գանք Հայաստան: 2023 թ.-ի հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի կացարանում տեղի ունեցած հրդեհից մահացավ 15 զինվոր: Հաշվի առնելով, որ Հայաստանի բնակչությունը կազմում է 3 միլիոն, բնակչության թվի համեմատ զոհվածների տեսակարար կշիռը կկազմի 0.0005 տոկոս: Համեմատենք տոկոսները՝ 0.0001 և 0.0005: Երկրորդն առաջինից մեծ է հինգ անգամ: Հասկանո՞ւմ եք՝ 5 անգամ: Բայց Հայաստանում սգո օր չհայտարարվեց: Ավելին, քպկական «ազգընտիրներից» (նախորդ բառի չակերտավոր լինելը նշանակում է իրականում ոչ ազգընտիր) մեկի՝ ազգային կուսակցություն դաշնակցությունից ապազգային քպկ-ին անցում կատարած Աղազարյան Հովիկի կարծիքով, «15 զինվորի այրվելը փոքրիկ դեպք է»: Այն, ինչ պարոն Կասիմ-Ժոմարտ Տոկաևի համար սգո օրվա պատճառ է, աղազարյանհովիկների կարծիքով՝ փոքրիկ դեպք: Ի դեպ, հանրապետության վարչապետի պաշտոնից կառչած անձի համար ևս այդպես էր, այլապես Հայաստանում ևս կհայտարարվեր սգո օր:

Վերջին անգամ Հայաստանում սգո օրեր էին հայտարարվել 2022 թ.-ի օգոստոսի 17-18-ը՝ երբ «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի և հրդեհի հետևանքով մահացավ 16 անձ, ևս 2-ը համարվեցին անհետ կորած: Երևի Փաշինյան Նիկոլի համար 16-ի մահը հիմնավոր պատճառ էր սգո օր հայտարարելու համար, իսկ 15-ինը՝ ոչ: Բացատրության այլ տարբերակ ես չեմ տեսնում: Ի դեպ, «սգո օր» հայտարարելու երևույթը բացահայտում է տվյալ երկրի գործող իշխանության վերաբերմունքն իր քաղաքացիների կյանքի նկատմամբ: Երբ Արցախում էին մարդիկ մահանում, և այն Հայաստանում չէր արժանանում գործող իշխանության ուշադրությանը՝ դա հասկանալի էր: Ժողովրդի ուսերի վրայով իշխանություն գրաված անձն Արցախը համարում էր բեռ, որից պետք էր ամեն գնով ազատվել: Այդ գնի մեջ, բնականաբար, ներառվում էին նաև արցախցիների կյանքը: Եթե այդպես չլիներ, ապա վերաբերմունքն էլ այստեղ այլ կլիներ: Բայց երբ նման վերաբերմունքի արժանացավ հայաստանյան 15 զինվորի կենդանի-կենդանի այրվելը՝ մտածում ես, որ Հայաստանի գործող իշխանությունը կազմված է ընդամենը ազգանվան «յան» վերջավորությամբ անձանցից: Որոնք կարող են լինել, օրինակ, իրանցի կամ մոլդովացի, բայց ոչ երբեք հայ: Անմիջապես ներողություն եմ խնդրում մոլդովացիներից և հատկապես մեր հարևան պարսիկներից: Ուղղակի միայն իրենց շրջանակում եմ հանդիպել «յան» վերջավորությամբ ազգանուններ:  

Հ. Գ. Ղազախստանի նախագահը կառավարությանը հանձնարարել է դադարեցնել ներդրումային համագործակցությունը ԱՄՏ-ի հետ: Վերջինս մետալուրգիայի և հանքարդյունաբերության ոլորտում համաշխարհային առաջատար խմբի («ԱրսելորՄիտտալ»-ի) մի մասն է: Կառավարությունից հայտարարել են, որ ավարտվում է ԱՄՏ ձեռնարկությունը պետական սեփականություն վերածելու գործարքը։