Ոչ մի դեպքում չի կարելի դպրոցին նման ցնցման ենթարկել

Ոչ մի դեպքում չի կարելի դպրոցին նման ցնցման ենթարկել

«Հայոց լեզու», «Գրականություն», «Մայրենի» առարկայական չափորոշիչները լրամշակող փորձագիտական խմբի ղեկավար Թամար Ալեքսանյանը մեզ հետ զրույցում շտապում է հանգստացնել` «Հայոց լեզու» առարկայական չափորոշիչում ներառված նախագծային աշխատանքն ապագայում չի փոխարինելու ընդունելության քննություններին, այն ընթացիկ գործնական աշխատանք է.

«Նախագծային աշխատանքը ընթացիկ գնահատում է, սովորողն իր ցանկությամբ որեւէ թեմա է վերցնում եւ ուսուցչի ղեկավարությամբ այդ թեմայի վրա աշխատում է 1 կամ 2 ամիս՝ կախված ժամանակից, հետո այդ թեման ներկայացնում է իր ընկերներին դասարանում։ Սա ավարտական քննության հետ կապ չունի։ Հետո՝ ինձ համար զարմանալի է, որ ուսուցիչներն այդպես խառնվել են, չէ՞ որ ասվեց, որ այդ ամենը պետք է ներդրվի 2022-23 ուստարում, իսկ մինչ այդ վերապատրաստումներ են լինելու, շատ հանգամանալից աշխատանք է տարվելու, ոչ ոք չի մտածում, որ այդպես միանգամից ինչ-որ բան պետք է ներդրվի։ Առայժմ հին ձեւով, նախորդ տարիների պես պետք է աշխատեն գործող ծրագրերով, շտեմարաններով ու թեստերով ավարտական քննություններ հանձնեն։ Իսկ փոփոխությունները լինելու են աստիճանաբար, հանգիստ, խաղաղ, առանց ցնցումների»։

Նախագծային աշխատանքների հետ կապված՝ ուսուցիչներին հատկապես մտահոգում է, թե արդյոք բոլո՞ր սովորողները կկարողանան կատարել նախագծային աշխատանքներ, ստուգման ինչ չափորոշիչներ են մշակվելու՝ դրանք ստուգելու համար։

«Քայլ առ քայլ պետք է գանք այդ նորությանը, որովհետեւ ոչ մի դեպքում եւ ոչ մի անգամ չի կարելի դպրոցին նման ցնցումներ պատճառել։ Սա ընդամենը դեռ նախագիծն էր, որի շուրջ աշխատում էինք, եւ շնորհակալություն բոլոր այն մարդկանց, որոնք մեզ խորհուրդներ տվեցին, եւ ըստ այդ խորհուրդների էլ աշխատում ենք, լրամշակում եւ բարելավում այդ փաստաթուղթը։ Սա դեռեւս փաստաթուղթ է, ոչ դասագիրք, իսկ ընդունելության քննության մասին խոսք լինել չի կարող։ Հաջորդ քայլը պետք է լինեն վերապատրաստումները, ընտրված են փորձարարական դպրոցներ, որտեղ մենք պետք է ուսուցիչների հետ աշխատենք, հաջորդաբար իրականացնենք անցումը։ Այնպես որ, որեւէ ցնցում չի լինելու դպրոցի համար»,- վստահեցնում է Թ․ Ալեքսանյանը։

Առանց կրկնուսույցի կկարողանա՞ն աշակերտները նախագծային աշխատանք անել, մտավախություն կա, որ առանց ուսուցչի օգնության երեխաները դժվար թե կարողանան գլուխ հանել։ «Երբ մենք իրենց բացատրենք, թե ինչպես պիտի իրականացնել նախագիծը, կտեսնեն, որ որեւէ բարդություն այդտեղ չկա։ Ուսուցիչներն ընդամենը պետք է աշակերտին ուղղորդեն՝ նյութեր, աղբյուրներ գտնել, դրանք խմբավորել, եւ հետո կիրառել նախագծի մեջ, իսկ վերջում՝ ընդհանրացնել եւ ներկայացնել դասընկերներին։ Աշխատանքի տեւողությունը որոշում են աշակերտը եւ ուսուցիչը միասին: Հետազոտական աշխատանքը ընդամենը առաջարկ է եւ դեռեւս ընդունված չէ։ Մենք ուղղակի առաջարկում ենք, որ նրանք, ովքեր պետք է գնան բանասիրական ֆակուլտետ, հետազոտական աշխատանք անեն 1 կամ 2 տարի, բայց դա դեռեւս խոսակցություն է, եւ մեր խմբի առաջարկը դեռ չի դիտարկվել, որովհետեւ նախարարությունը նաեւ առանձին ընդհանրական փաստաթուղթ պետք է մշակի գնահատման շուրջ, որը դեռեւս չկա։ Հիմա սպասենք, տեսնենք, թե ինչ արձագանք պետք է լինի: Իսկ ինչ վերաբերում է կրկնուսույցին, ապա այս բոլորն արվում է, որ ուսուցչին վստահեն, ոչ թե նորից դիմեն կրկնուսույցի օգնությանը»։