Վերադարձող 32 գերիներից 26-ը Շիրակի մարզից են

Վերադարձող 32 գերիներից 26-ը Շիրակի մարզից են

Ադրբեջանական ԶԼՄ-ները, վկայակոչելով իրենց աղբյուրները, հայտնում են, որ այսօր 32 հայ գերու եւ 2 ադրբեջանցու փոխանակում է տեղի ունենալու՝ հայ-ադրբեջանական Իջեւան-Ղազախ սահմանային հատվածում։ Նշենք, որ այս լուրը շրջանառվում էր դեռ օրեր առաջ, եւ նույնիսկ վերադարձող գերիների անվանացանկն է հայտնի։ 32 գերու դիմաց Հայաստանը վերադարձնելու է Երևանում դատապարտված ադրբեջանցի զինվորականներ Բաբիրով Աքշին Գաբիլի և Ախունդով Հուսեյն Ահլիման օղլուներին։

Ըստ այդ ցանկի՝ վերադարձող գերիներից 26 -ը Շիրակի մարզից են, պահեստազորային տղաները, որոնք գերեվարվել են 2020թ․-ին։ Հիշեցնենք, որ դեռ 2020 թվականի դեկտեմբերի 16-ին Արցախի պաշտպանության բանակը տարածել էր հաղորդագրություն, համաձայն որի՝ Հադրութի շրջանի Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում անհետ կորել էր 73 հայ զինծառայող: Ավելի վաղ, զինծառայողները հայտնվել էին շրջափակման մեջ, որոնց մի մասին հնարավոր էր եղել հանել այնտեղից։ Ավելի ուշ պարզ էր դարձել, որ 62 շիրակցի զինծառայող գերեվարվել է դեկտեմբերի 13-ին։

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը նրանց դատապարտեց 6-13 տարվա ազատազրկման։ Հիշեցնենք, որ սկզբում նրանցից  վերադարձավ  8- ը,  15 գերի էլ հայրենիք վերադարձավ  2021 թվականի հուլիսի 3-ին, որոնք ավելի վաղ ազատ էին արձակվել դատարանի դահլիճից՝ պատժի կրման ժամկետի լրանալու կապակցությամբ։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ 15 գերին փոխանակվել էին Կովսականի (Զանգելան) և Վարանդայի (Ֆիզուլի) ականապատ դաշտերի քարտեզների հետ։ Մյուս մասը հայրենիք է վերադարձել տարբեր ժամանակահատվածներում՝ Փաշինյան-Միշել-Ալիև բանակցությունների ընթացքում։

Թեպետ այսօր վերադարձող շիրակցի պահեստազորայինների ընտանիքներին պաշտոնական ոչինչ դեռ չեն ասել, բայց հարազատներն անհամբերությամբ եւ մեծ հույսով սպասում են, որ իրենց որդիները վերջապես 3 տարի անց տուն կմտնեն։