Սասուն Խաչատրյանի ղեկավարած կոմիտեն լիարժեք չի ձեւավորվել

Սասուն Խաչատրյանի ղեկավարած կոմիտեն լիարժեք չի ձեւավորվել

Մեկ ամսից ավելի է, ինչ ստեղծվել է Հակակոռուպցիոն կոմիտեն։ Սեպտեմբերի 16-ի կառավարության նիստում Հատուկ քննչական ծառայությունը նախորդ երեք տարիներին ղեկավարած, Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի նախագահության օրոք մոտ 17 տարի Երևանի դատախազությունում աշխատած, իսկ արյունալի՝ 2008թ. Երևանի դատախազի տեղակալի պաշտոնը զբաղեցրած  Սասուն Խաչատրյանը նշանակվեց այդ մարմնի ղեկավար։ Նոր նշանակումից րոպեներ առաջ գործադիրը Խաչատրյանին ազատել էր Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետի պաշտոնից։

Նորաստեղծ Հակակոռուպցիոն կենտրոնի իրավասությանն է անցնելու Հայաստանում կոռուպցիոն գործերի քննությունը, որը նախկինում իրականացնում էին մի քանի իրավապահ մարմիններ՝ ԱԱԾ-ն, ՀՔԾ-ն, Քննչական կոմիտեն և Պետեկամուտների կոմիտեն։ Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորումից հետո չի գործի 2007թ. ստեղծված Հատուկ քննչական ծառայությունը։

Կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը մեզ հեզ հետ զրույցում ասաց, որ Կոմիտեն գործում  է հոկտեմբերի 23-ից` «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքն ամբողջությամբ ուժի մեջ մտնելու օրվանից․ «Այս պահին համալրված են Կոմիտեի 30 ինքնավար պաշտոնները: Տարածքային ստորաբաժանումները դեռևս ձևավորված չեն: Ամենայն հավանականությամբ, դրանք կկազմավորվեն հաջորդ տարի»։

«Իրազեկ քաղաքացիների միավորման» համակարգող Դանիել Իոաննիսյանը, ով Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների մրցութային հանձնաժողովի անդամ էր՝ ասաց, որ մրցույթ պետք է հայտարարվի այս Կոմիտեի օպերների եւ քննիչների համար․ «Բարեվարքության ստուգում են անցնելու եւ դրանից հետո նոր նշանակվեն օպեր կամ քննիչ։ Ինձ թվում է՝ այս տարի կլինի»։

Հարցին, թե ինքը խառնվելո՞ւ է կոմիտեի ընթացիկ հարցերին, ինչպես նրա ստեղծվելու ժամանակ, պատասխանեց․ ««Իրազեկ քաղաքացիների միավորումը» բավականին ներգրավվածությունի ունի հակակոռուպցիոն ռեֆորմներին, մենք հակակոռուպիցոն քաղաքականության խորհրդի անդամ ենք, դրա սահմաններում տարբեր տեսակի առաջարկություններ ներկայացնում ենք, խոսում ենք թերություններից։ Բոլոր իրավապահ մարմինների հետ կապված մենք տարբեր փուլերում առաջարկներ անում ենք, որ ինչ-որ փոփոխությունով կարող ենք լավացնել որեւէ իրավապահ մարմնի աշխատանք»։

Նշենք, որ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի համաձայն` կոմիտեի նախագահի լիազորությունների ժամկետը վեց տարի է, և նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել այս պաշտոնում: