Եկավ դարձավ նախարար ու մեկ ամսում նման հապճեպ որոշում կայացրեց

Եկավ դարձավ նախարար ու մեկ ամսում նման հապճեպ որոշում կայացրեց

Օրեր առաջ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանը հրաժարականի դիմում ներկայացրեց՝ խոստանալով իր հրաժարականի մանրամասները ներկայացնել ավելի ուշ։ Մինչ Քեռյանը փակագծերը կբացեր, արդեն պարզ էր, որ պատճառը շրջանառվող նոր նախագիծն է, ըստ որի՝ Բարձրագույն որակավորման կոմիտեն միացնում են ԿԳՄՍՆ գիտության կոմիտեին, եւ որի մասին ինքն իմացել է ամենավերջում։ Միավորման արդյունքում նորաստեղծ կառույցը կանվանեն Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտե, որը, որոշ խոսակցությունների համաձայն, կղեկավարի Սարգիս Հայոցյանը՝ Գիտության կոմիտեի ներկայիս նախագահը, իսկ իրականում այս քայլով Ժաննա Անդրեասյանն ապահովագրում է իրեն, որպեսզի այս ոլորտում ցանկացած ձախողման դեպքում պատասխանատվությունը դրվի նորաստեղծ կոմիտեի նախագահի եւ ո՛չ իր վրա։  

Երեկ արդեն Կարեն Քեռյանը մի քանի կետով ներկայացրեց իր մտահոգությունները նոր կոմիտեի մասով։ «Դրա հետեւանքով՝ 1. հակակշիռներ են վերանում. այս պահին բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտներում առկա է 3 բարձրաստիճան պաշտոնյայի հաստիք՝ 1 փոխնախարար եւ 2 կոմիտեների նախագահներ, որոնք կարող են միմյանց հետ քննարկել իրենց կողմից նախագծված փոփոխությունները եւ հակակշիռ հանդիսանալ խնդրահարույց փոփոխությունների դեպքում, ինչը եւ տեղի է ունեցել գոնե նախորդ 2 տարվա ընթացքում: Եթե կոմիտեն ստեղծվի, արդեն կլինի միայն 1 նման պաշտոնյա՝ 3-ի փոխարեն, եւ միմյանց հակակշռելն այս մակարդակում կվերանա:
2. Օրակարգ ստեղծողների եւ փոփոխություն բերողների թիվն է նվազում, քանի որ հիմնականում դա անողները հենց այդ բարձրաստիճան պաշտոնյաներն են:
3. ԲՈԿ-ի եւ ԳԿ-ի նպատակները միմյանց հակառակ են. ԲՈԿ-ը «ոստիկանական» կառույց է, եւ նպատակներից է որակի վերահսկում իրականացնելը, ԳԿ-ն ամենեւին «ոստիկանական» կառույց չէ, նպատակներից է գիտական ներուժի զարգացումը»,- մասնավորապես նշել էր նա՝ ընդգծելով, որ այս իրավիճակում հակազդելու այլ միջոց չէր տեսնում, քան հրաժարական տալը։ 

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ, օրերս մամուլում անդրադառնալով ստեղծվելիք կոմիտեին, մասնավորապես նշել էր, որ «Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի ստեղծման նախագիծը մշակման փուլում է՝ նպատակ հետապնդելով ստեղծելու ինստիտուցիոնալ հենք՝ ապահովելու բարձրագույն կրթության բարեփոխումների ընթացքը, որը միտված է բարձրագույն կրթության եւ գիտության համակարգերի ինտեգրմանը, բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտում միասնական քաղաքականության իրականացմանը, բարձրագույն ուսումնական հաստատություններում հետազոտական բաղադրիչի ընդլայնմանը, բարձրագույն կրթության եռաստիճան համակարգի ներդրմանը»:

Արդեն ԲՈԿ նախկին նախագահ Կարեն Քեռյանից հետաքրքրվեցինք նոր ստեղծվելիք կառույցի նպատակահարմարության, հնարավորությունների մասին, եւ արդյո՞ք այդ կառույցներն առանձին-առանձին չէին ապահովում, ինչպես նշել էր նախարարը, «բարձրագույն կրթության բարեփոխումների ընթացքը»։

«Կարծում եմ, որ նույն նախարարի ներքո գործող կոմիտեների նախագահները եւ փոխնախարարը կարող են իրար հետ համագործակցել՝ ինչպես եղել է նախկինում, երբ մենք միմյանց հետ մեր նախագծերը քննարկել ենք։ Նույն ձեւով եւ եղած գործիքակազմն օգտագործելով՝ կարելի է ունենալ բոլոր հնարավորությունները՝ հետագա ընթացքն ապահովելու համար։ Հասկանալի է, որ մեկ մարդու հետ գործ ունենալը շատ ավելի հեշտ է՝ նախարարի տեսանկյունից, որովհետեւ ընդամենը մեկ կոմիտեի նախագահ է լինում, 2-րդ այլ կարծիք չի լինում, միայն նախարարի կարծիքն է լինում, ու վերջ։ Աշխատելու տեսանկյունից շատ հեշտ է դառնում, բայց ինչքանո՞վ է իրատեսական այդ մեկ մարդու վրա այդ բեռը դնելը՝ խիստ կասկածում եմ, որ այդ մակարդակում իրատեսական է լավ իմպլեմենտացիա անելը։ Նույնիսկ հրաժարականիս տեքստում գրել էի, որ տասնյակ երկրներ կան, որտեղ բարձրագույն կրթության եւ գիտության նախարարություններ են գործում, օրինակ՝ Դանիայում, Լեհաստանում, իսկ բարձրագույն կրթության, գիտության եւ ինովացիայի նախարարություններ կան Իռլանդիայում, Միացյալ Թագավորությունում եւ եւս մի տասը երկրում։ Ու հիմա շատ ավելի կարեւոր է, որ մեր կրթությունն ու գիտությունը նաեւ նոր տեխնոլոգիաների ստեղծմանը նպաստեն ու շատ փոխկապակցված լինեն։ Եթե կրթությունն ու գիտությունը ոչ մի կերպ տնտեսությանը չօգնեն կամ օգնեն անուղղակիորեն՝ սխալ է։ Այսպես թե այնպես օգնում են, բայց անուղղակիորեն օգնելը մի բան է, իսկ ուղղակիորենը՝ այլ բան, երբ քո մոտ ձեւավորվում են գիտահեն ընկերություններ, եւ նոր տեխնոլոգիաներ են ստեղծվում»,- ասում է Քեռյանը։
ԲՈԿ նախկին նախագահն ընդգծում է՝ շատ կարեւոր է, որ մեր նպատակը լինի ոչ թե միավորումը, այլ կոնկրետ ինչ-որ տիպի արդյունք ստանալը։ Մինչդեռ, նախագծով նախատեսվում է ունենալ նախարարությունից մի մակարդակ ներքեւ գտնվող կառույց՝ նախարարության ներքո գործող կոմիտե, ինչը նվազեցնում է հնարավորությունները թե՛ անկախության, թե՛ մասնագիտական եւ թե՛ ֆինանսական տեսանկյունից: Ստացվում է՝ նախարարության գերնպատակը միայն այդ կառույցներն իր վերահսկողության տակ առնե՞լն է, թե՞ կան սրանից բխող այլ թաքուն նպատակներ եւս։ «Այսպես թե այնպես, կոմիտեների նախագահները ենթարկվում են նախարարին, այսպես թե այնպես, նախարարն այդ ամբողջ գործընթացները ղեկավարում է ու կարող է ղեկավարել, բայց երբ մեկի հետ ես գործ ունենում, պատասխանատվությունն էլ այդ մի հոգու վրա է ընկնում, ու, այսպես ասած՝ մեկը մյուսի վրա չի կարող ոչինչ բարդել, ու տվյալ կոմիտեի նախագահը հաստատ ամեն ինչի համար պատասխանատու է, բնականաբար, նախարարը եւս պատասխանատու է, որովհետեւ առանց նախարարի համաձայնության դա չի կարող լինել։ Գործող մոդելում այդ պատասխանատվությունը մի քանի հոգու միջեւ կարող է բաժանվել եւ առանձին՝ նախարարի։ Իսկ առաջարկվող մոդելում հստակ մի հոգու վրա է դրված»։

Բովանդակային առումով ի՞նչ խնդիրներ կարող են առաջացնել այդ կառույցների միավորումները։ «Այսպես ասեմ․ հիմա նպատակ կա Գիտությունների ազգային ակադեմիայի ինստիտուտներն ինչ-որ կերպ միավորել բուհերին, եւ բավականին լուրջ գործընթաց պետք է գնա, էլ չասեմ, որ ընթացիկ հազարումի գործեր կան։ Հիմա այս ամենի ֆոնին մի հատ էլ նվազեցնել այդ բարձր պաշտոնյաների, քաղծառայողների քանակը, կստացվի, որ գործերը շատանում են, անողները՝ քչանում, ամենավերեւի մակարդակում՝ եւս։ Այսինքն, հակառակ պրոցեսներ են տեղի ունենում, դրա համար պետք է մտածել՝ ինչպես անել, որ ռեսուրսները շատանան, եւ այդ գործերը հնարավոր լինի որակյալ անել, հասկանալի է, որ տասն անգամ ռեսուրսներն ավելացնելով՝ տասն անգամ լավ արդյունք չի լինի, բայց այն, որ այսօրվա ռեսուրսները քիչ են, այդպես է, ու դրանք էլ նվազեցնելը հաստատ ոչ մի լավ արդյունքի չի բերի»։

Իր մտահոգությունները Կարեն Քեռյանը քննարկման ընթացքում ներկայացրել է նախարարին, որոնք, սակայն, չեն ընդունվել: Նախարարն ասել է, որ նախորդ շաբաթվա վերջին այս նախագիծը պետք է ուղարկվի արդարադատության նախարարություն (փաստացի՝ առանց հանրային քննարկման)։ Մյուս կողմից, հանրային քննարկումները որեւէ գործուն ազդեցություն ունենո՞ւմ են այս կամ այն նախագծի խմբագրման հարցում, թե՞ իշխանությունների համար ապահովում են միայն հանրային կարծիքի իմիտացիա։

«Կարծում եմ՝ հենց հրաժարականիս հետեւանքով եւ պարզապես ի լրումն նախորդ փոփոխությունների նախագծի, չեն ուղարկի այս նախագիծն արդարադատության նախարարություն, որովհետեւ մի բան է, երբ ԿԳՄՍՆ-ի ներսում կոնսենսուս լիներ, եւ դա գնար, մեկ այլ բան է, որ դրա հետեւանքով բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հրաժարական է տալիս, ու այդ փաստը հանրային տիրույթում արդեն երեւում է, ու դրան հաջորդիվ, եթե գնար, ինձ համար պարզապես ընկալելի չէր լինի։ Ինչ վերաբերում է նրան, թե հանրային քննարկումներն ինչքանով են ազդում այդ պրոցեսների վրա, այստեղ շատ կարեւոր է, թե ինչքանով է մեր գիտական հանրությունն ակտիվ ու ճնշում գործադրում, իր կարծիքը բարձրաձայնում, ու եթե մինչեւ հիմա ինչ-որ հարցերում չի էլ հաջողվել, դա չի նշանակում, որ պետք է չխոսել, այլ հակառակը՝ պետք է մտածել, թե ոնց ավելի ճիշտ խոսել, ոնց այդ ազդակներն ավելի ճիշտ տեղ հասցնել, գուցե ասուլիսների, բանավեճերի է պետք կանչել, գուցե հազարումի հարթակներ է պետք օգտագործել՝ լավ իմաստով ճնշում գործադրելու համար, պարզապես փաստարկները բերելով ու լսելով դիմացինի հակափաստարկները եւս»։

Քանի որ նախարարությունը պնդում է, որ «բարի նպատակներ» ունի, ո՞րն է պատճառը, որ ինքն ամենավերջում է իմացել շրջանառվող նախագծի մասին, նախարարության գաղտագողի գործելակերպն ինչպե՞ս եւ ինչո՞վ է մեկնաբանում, եթե նպատակը բարի է ու արդար։

«Հենց դա է խնդիրը, եթե այդ ամեն ինչը լավ բանի համար է, ընդ որում՝ նոր նախարարը դեռ մեկ ամսվա նախարար է, ու սա շատ հապճեպ որոշում է, ինչքան էլ որ այս իդեան նախկինում եղել կամ չի եղել։ Դիցուք, եղել է, թեպետ մի քիչ կասկածում եմ, որ հենց այս կոնֆիգուրացիայով է եղել, բայց, անկախ ամեն ինչից, մարդը գալով եւ դառնալով նախարար՝ մեկ ամսում նման հապճեպ որոշում է կայացնում։ Ես՝ ինքս, երբ ԲՈԿ նախագահ էի դարձել, այնպես չէ, որ հապճեպ ու արագ ասում էի, թե ինչը փոխեն, այսինքն՝ ես չէի շտապում օր առաջ այդ փոփոխություններն անել, որովհետեւ հասկանում էի, որ իմ որոշումները կարող են վնաս հասցնել համակարգին։ Նույնը՝ այս դեպքում․ եթե դու դեռ նոր ես այդ պաշտոնին ոտք դնում եւ արագ-արագ կրթության ու գիտության ոլորտներում փոփոխություններ ես փորձում բերել, շատ աղետալի հետեւանքների կարող է դա հանգեցնել»։