«Հրապարակ». Համակուրսեցիներով

«Հրապարակ». Համակուրսեցիներով

Հետաքրքիր օրինաչափությամբ, քաղաքական դաշտում կան «համքարություններ», որոնք ոչ թե քավոր-սանիկ-բարեկամ տիրույթում են ձեւավորվել, այլ՝ ուսանողական ընկերների։ Հայտնի համակուրսեցիներ կան, որոնք աճել են բանասիրականից, պոլիտեխնիկից, բայց հատկապես՝ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետից: Համակուրսեցիներ են եղել Աղասի Ենոքյանը, Լարիսա Մինասյանը, Վարուժան Հոկտանյանը, Գառնիկ Իսագուլյանը, վերեւի կուրսերում` Դավիթ Շահնազարյանը, Աշոտ Մանուչարյանը, մի կուրս տարբերությամբ` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Էդ ո՞նց եք հաջողացրել՝ հարցրինք «Ազատություն» ռադիոկայանի նախկին տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանին։ «Մոռացաք` Դանչոյի` Դանիել Իոաննիսյանի հայրն ու մայրը նույնպես մեր կուրսից են եղել, իսկ Լարիսան մի կուրս բարձր էր։ Դե, կային մարդիկ, ովքեր ուզում էին մտածել, ովքեր ակտիվ էին` էդ մեկ, եւ հետո` այն ժամանակ փողով ընդունվել չկար»: Կմտածեի՞ք, որ նրանք կմեծանան, կդառնան հայտնի։ «Չէ, չեմ մտածել, չնայած Սարգսյան Արմենը եղել է մեր ֆակուլտետի կոմսոմոլի քարտուղարը»:

Իսկ «Բաց հասարակության հիմնադրամների» տնօրեն Լարիսա Մինասյա՞նը։ «Լարիսային հիշում եմ, որ Վիլիկի` լազերային տեխնիկայի ինստիտուտում էր աշխատում»: «Լազերային» ասպարեզն այն ժամանակ խոստումնալի՞ց էր։ «Չեմ կարող ասել, բայց ամուսինը հայտնի ֆիզիկոս էր։ Օրինակ, Վարուժին՝ Հոկտանյան, ավելի շատ եմ հիշում, քան Լարիսային։ Գիտե՞ք օրինաչափությունը որն էր․ ղարաբաղյան շարժումն էր սկսվում, մենք, որպես մտածող մարդիկ, արդեն պատրաստ էինք դրան. ֆիզիկների համար մտածողության սահմանափակումներ չկան, իսկ պատմագիտությունն ու բանասիրությունը կաղապարված գիտություններ են։ Հավատացեք` դա անչափ էական է»: