Մենք երբեք չենք ունենալու խաղաղություն․ պետք է պատրաստ լինենք պատերազմի․ Սուրեն Պետրոսյան

Մենք երբեք չենք ունենալու խաղաղություն․ պետք է պատրաստ լինենք պատերազմի․ Սուրեն Պետրոսյան

Ես չեմ հավատում, որ խաղաղության պայմանագիր կկնքվի, և եթե նման պայմանագիր կնքվի՝ դա խաղաղության երաշխիք չի լինելու։ Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասաց «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը։

«Ենթադրենք, որ կարող է նաև կնքվել խաղաղության պայմանագիր, այդ պայմանագիրը որևէ բանի երաշխիք չի լինելու։ Այսինքն, եթե արդբեջանական կողմն էլի ունեցավ հնարավորություն, որը մոտ ժամանակում անպայման կունենա, եթե իրերի դասավորվածությունը չփոխվի, ապա անընդհատ ունենալու է առաջխաղացում, անընդհատ ունենալու ենք զոհեր, անընդհատ լինելու են պրովոկացիաներ։  Որպեսզի մենք կարողանանք սա ավելի հստակ պատկերացնել, պիտի կարողանանք ինքներս մեզ հարց տալ՝ ո՞վ է լինելու պայմանական ասած խաղաղության երաշխավորը։ Ո՞վ է լինելու՝ Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանը, ո՞վ։ Իրականում՝ գետնի վրա ինչ գործողություններ են արվելու, եթե գործանականում խախտվեն պայմանագրի դրույթները»,-ասաց Պետրոսյանը։

Նա նշեց, որ մենք երբեք չենք ունենալու խաղաղություն՝ երբեք, մեր տարածաշրջանում կարող է լինել միայն ժամանակավոր հրադադար՝ հինգ տարի, տասը տարի առավելագույնը ու մենք անընդհատ պետք է պատրաստ լինենք պատերազմի ու ռազմական գործողությունների, եթե ուզում ենք գոյատևել։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի՝ Վլադիվոստոկում Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովին մասնակցությանը, ասաց, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջով անցնող  տրանսպորտային ուղիների մասին հայտարարությունը եւ Նիկոլ Փաշինյանի տեսլականը ազգային անվտանգության խնդիր է։ Իշխանությունները դիտարկում են Հայաստանը որպես տնտեսական գոտի, կարծես չունենք անվտանգային խնդիրներ, կարծես այլևս չունենք ռազմագերիներ, որ նոյեմբերի 9-ի համաձայնագրի կետերն իրագործվում են միակողմանիորեն։

Պետրոսյանը շեշտում է, որ այս տեսլականում տեղ չունեն անվտանգային բաղադրիչները՝ բանակը, օրինակ։ Նա շեշտում է, որ ընդդիմության տեսլականում ևս այդպես է՝ չնայած խոսույթը տարբերվում է, սակայն գործանականում նրանք նույն բևեռում են գտնվում։

Անդրադառնալով ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանի հայտարարությանն այն մասին, որ Արցախը ճանաչելու շանս չի եղել ու չկա, դա ևս նա ազգային անվտանգության խնդիր է համարում, ու հավելում, որ նման պարտվողականությունը ցույց է տալիս ինքնության խորքային ճգնաժամի առկայությունը։ Վերջիններս իսպառ հրաժարվել են մարտահրավերներին պատասխանելու ցանկությունից, մի կողմն ուզում է ամեն գնով պահել իշխանությունը, մյուս կողմն ամեն գնով ուզում է ունենալ իշխանություն՝ համոզված է Սուրեն Պետրոսյանը։

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահն ասում է, որ ընդդիմության միջին ու ստորին օղակներում կան ազնիվ ու հայրենասեր մարդիկ, սակայն վերին օղակները իշխանափոխության նպատակ չեն ունեցել ու չունեն։ Բացի այդ, այս իշխանությունները ընդդիմության անվտանգության երաշխիքն են, իսկ ընդդիմությունը՝ իշխանության, ավելին, իշխանությունները նաև ընդդիմության կապիտալի երաշխավորն են։ Պետրոսյանը նկատում է, որ ընդդիմության առանցքային առաջնորդների կապիտալին ոչ ոք ձեռք չի տվել։

«Ընդդիմությունը խցանված է պահում ողջ ընդդիմադիր դաշտը, իշխանությունը երաշխավորում է կապիտալի անձեռնմխելիությունը ընդդիմության և ընդհանրապես նրանց անձեռնմխելիությունը։ Եվ եթե շատ ավելի խորքային գործընթացներ լինեն, կտեսնեք, որ հիմնական և կարևոր դերակատարների կապիտալին որևէ մեկը չի դիպչել և այդ ուղղությունը սրբորեն պահվում է»,-ասաց Պետրոսյանը։
Նա նշեց, որ այս իշխանությունները շատ լավ պատկերացնում են, թե ինչպես պահել իշխանությունը և շատ լավ գիտակցելով այս օրենքը, նրանք կարող են ընդդիմադիրների նկատմամբ ցանկացած գործողություն ձեռնարկել, բայց երբեք նրանց կապիտալին ձեռք չեն տա, այլապես ընդդիմությունը իսկապես կարող է խնդիրներ առաջացնել իշխանությունների համար։  Բացի այդ, ոչ միայն իշխանության օրակարգում Արցախի հարցը չկա, այլև ընդդիմության օրակարգում էլ՝ համոզված է Պետրոսյանը։ Վերջինս կարծում է, որ ընդդիմության ցույցերը ու գործողությունները միայն լեգիտիմացրին այս իշխանություններին։

Ինչ վերաբերում է աշնանային նստաշրջանին մասնակցելու խորհրդարանական ընդդիմության շրջանում կարծիքների տարբերությանը, Պետրոսյանն ասաց, որ այս ընդդիմության պարագայում արդյունքը նույնն է՝ կմասնակցեն նստաշրջանի նիստերին, թե ոչ։

Սուրեն Պետրոսյանը կարծում է, որ նույնիսկ ընդդիմության ներսում իշխանության համար պայքար չկա՝ դա երկրորդ և երրորդ նախագահների միջև պայքար է ընդամենը։