Լեռնային Ղարաբաղում գլխավոր չկա, կա երկու կողմ․ Կրեմլի խոսնակ

Լեռնային Ղարաբաղում գլխավոր չկա, կա երկու կողմ․ Կրեմլի խոսնակ

Ռուս խաղաղապահները և մարդասիրական առաքելությունն իրենց գործողությունները Լեռնային Ղարաբաղում համաձայնեցնում են ինչպես Հայաստանի, այնպես էլ՝ Ադրբեջանի հետ։ 

Ռուսական «ՏԱՍՍ» տեղեկատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր լրագրողների հետ զրույցում հավաստիացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Այնտեղ (Լեռնային Ղարաբաղում) գլխավոր չկա, կա երկու կողմ, երկու հակամարտող կողմը Հայաստանը և Ադրբեջանն են», - ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով այն հարցին, թե ում հետ են ռուսաստանցի զինվորականները համակարգում իրենց գործողությունները: Պեսկովը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Հայաստանն ու Ադրբեջանը «ռուսական կողմի հետ համատեղ (կարգավորման վերաբերյալ) հայտարարություն են ստորագրել»: «Եվ սույն հայտարարության դրույթների համաձայն՝ Ռուսաստանի ռազմական, ինչպես նաև Ռուսաստանի մարդասիրական առաքելությունը, որը բաղկացած է ոչ միայն զինվորականներից, իրենց գործողությունները համակարգում են ադրբեջանցիների և հայերի հետ», - շարունակել է նա:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի պատկանելության մասին՝ ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղարը նշել է, որ այն «որոշվում է Անվտանգության խորհրդի (ՄԱԿ) համապատասխան բանաձևերով, որոնք բավականին հին են» և, որ «ոչ մի երկիր չի փոխել» այս մոտեցումը: Պեսկովը հիշատակել է նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը, որ «Ղարաբաղն ինքն իրենով չէր ճանաչվում, այն չի ճանաչվել նույնիսկ բուն Հայաստանի կողմից»: