Ոստիկանությունը չի ասում՝ ինչ թվով զորք է ուղարկվել Կապան և ինչ հրամանով

Ոստիկանությունը չի ասում՝ ինչ թվով զորք է ուղարկվել Կապան և ինչ հրամանով

Կիրակի օրը Կապանում տեղի ունեցող բողոքի ցույցերը ճնշելու նպատակով ոստիկանության բավականին մեծաթիվ  զորք ուղարկվեց Կապան։ Ներքին զորքերը, փաստորեն, կրկին կիրառվում են ներքին կյանքում, այն էլ՝ հանրային բողոքի ալիքը ճնշելու համար։ Ու երեկոյան, մեր տեղեկություններով, 7 ավտոբուս էր ուղարկվել Կապան եւ 15 փոքր մեքենա, բոլորի մեջ ներքին զորքերի զինծառայողներ։ Երեկ ոստիկանությունից փորձեցինք ճշտել, թե ի՞նչ նպատակով են ոստիկանության զորքերն ուղարկվել Կապան, ի՞նչ հրաման են նրանք ունեցել, ի՞նչ թվով զորք է ուղարկվել, արդյոք զորքն արդեն վերադարձել է Երևան, կա՞ն բերման ենթարկվածներ, ոստիկանության այլ ստորաբաժանումներ ուղարկվե՞լ են, թե՞ ոչ, եթե այո, ի՞նչ թվով։ Սակայն մեր այս բոլոր հարցադրումներին ոստիկանության լրատվականից պատասխանեցին ընդամենը հետևյալը․

«Ոստիկանությունը յուրաքանչյուր միջոցառման ժամանակ որոշում է ծառայողների քանակն ու միջոցների ընտրությունը»։

Հիշեցնենք, որ մենք գրել էինք, որ նախօրեին վաղ առավոտյան մի քանի քաջարանցիների բերման էին ենթարկել Կապան, նրանց մերձավորները՝ համայնքապետի ղեկավարությամբ շտապել էին Կապան եւ ոստիկանության դիմաց ողջ օր ցույց էին անում՝ պահանջելով ազատ արձակել տղաներին, կամ՝ առնվազն քննությունն իրականացնել Կապանում, քանի որ լու էին ստացել, որ Կապանից երիտասարդներին տեղափոխելու են Երեւան։ Ուշ երեկոյան ոստիկանության զորքերի զինծառայողներով լի 7 ավտոբուս էր դուրս եկել Երեւանից՝ յուրաքանչյուրի մեջ 20 ոստիկան և 15 փոքր մեքենա՝ 4-ական ուղեւորով եւ ճանապարհվել դեպի Կապան։

Իսկ մինչ այդ՝ Կապանի ոստիկանության դիմաց բարձրախոսով յուրաքանչյուր 5 րոպեն մեկ զգուշացնում էին ցույցի մասնակցիներին, որ պարետի որոշման եւ արտակարգ դրության կանոնների շրջանակներում արգելվում է հավաքներ անելը եւ առաջարկում են ցրվել՝ հակառակ դեպքում ուժ կկիրառվի հավաքված մարդկանց նկատմամբ։ 

Ցուցարարները խոսում էին, որ Կապանում Նիկոլը որոշել է «երկրորդ Իջեւան» սարքել՝ անտառահատների ցույցերը ցրելու օրինակով, երբ ուժ կիրառվեց ցուցարարների նկատմամբ, նրանից որոշները գիշերով իրենց տներից բերման էին ենթարկվել ու ծեծվել։