Բայց ինչու՞ ընդհանրացնել

Բայց ինչու՞ ընդհանրացնել
Աշոտ Ղուլյան

Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պատասխանելով հարցին, թե եկող տարվա նախագահական ընտրությունները կարո՞ղ են անակնկալ մատուցել, դիտարկում է անում, թե արդեն իսկ նկատվող նախընտրական աժիոտաժի պատճառը նոր ընտրական համակարգն է, եւ քաղաքական ու հասարակական կազմակերպությունները փորձում են իրացնել սեփական հավակնությունները, ինչը «հնարավոր է միայն նոր կուսակցությունների կազմավորման կամ գործող քաղաքական ուժերի վերափոխման ճանապարհով»:

Աշոտ Ղուլյանը գլխավորում է Արցախի ժողովրդավարական կուսակցությունը, որի խորհրդարանական խմբակցության ղեկավարը վերջերս մամուլին ասել էր, որ իրենք սեփական թեկնածու կառաջադրեն նախագահական ընտրություններին եւ, բնականաբար, կմասնակցեն նաեւ խորհրդարանական մրցապայքարին: Երբ այս հայտարարությունը դիտարկում ենք գործող կուսակցությունների փոխակերպման մասին Աշոտ Ղուլյանի նկատառման համատեքստում, ապա տրամաբանական հակասությունը պարզապես աչքի է զարնում:

Աշոտ Ղուլյանը փաստացի ակնարկում է, որ Արցախի ներկայիս քաղաքական դաշտը չունի երկրի նախագահի արժանի թեկնածու, անհրաժեշտություն կա, որ կազմավորվեն նոր կուսակցություններ, գործող ուժերը վերափոխվեն, որպեսզի պետության ապագա ղեկավարի հարցում պարզություն լինի: Արցախի ժողովրդավարական կուսակցությունը խորհրդարանական վերջին երկու ընտրություններում ունեցել է վարկանիշային շոշափելի կորուստներ: Գործող Ազգային ժողովում կուսակցության խմբակցությունը թվաքանակով երրորդն է՝ «Հայրենիք» եւ «Դաշնակցություն» խմբակցություններից հետո:

Գալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին հայտ ներկայացնելու համար ԱԺԿ-ն, իրոք, վերափոխումների կարիք ունի: Ակնարկներ կան, որ կուսակցությունը նույնիսկ կարող է միավորվել նոր ստեղծվող քաղաքական ուժերից մեկի հետ: Վերջին տասնամյակում քաղաքական կորուստներ ունեցած կուսակցության պարագայում դա, թերեւս, հասկանալի եւ արդարացված փնտրտուք է: Արտառոցն այն է, որ քաղաքական վերափոխումների անհրաժեշտությունը տարածվում է բոլոր կուսակցությունների վրա:

Տպավորություն է ստեղծվում, որ ԱԺԿ-ն դրանով ուզում է հասկանալ տալ, որ եթե ինքը չունի նախագահի ֆավորիտ թեկնածու, ապա չեն կարող ունենալ նաեւ քաղաքական դաշտի մյուս ավանդական դերակատարները: Նման առաջնահերթություն, ի դեպ, տեսնում են նաեւ որոշ այլ ուժեր՝ հիմնավորելով, թե ապագա նախագահը ոչ մի կապ չպետք է ունենա ներկայիս իշխանությունների եւ քաղաքական համակարգի հետ առհասարակ: Կուսակցական վերափոխում ասելով Աշոտ Ղուլյանը նկատի ունի ԱԺԿ-ի եւ այդ ուժերի համախմբումը նույն պլատֆորմի՞ շուրջ: