Ով ինչքան է մուծվել «այո»-ի քարոզարշավին

Ով ինչքան է մուծվել «այո»-ի քարոզարշավին

Փետրվարի 25-ին «Այո» շտաբը դրամահավաք կազմակերպեց «Դվին» հյուրանոցում եւ 205 միլիոն դրամ գումար հավաքեց՝ սահմանադրական հանրաքվեի «այո»-ի քարոզարշավի համար։ Հետագայում պարզվեց, որ օրենքից անտեղյակ են եղել, իսկ «Հանրաքվեի մասին» օրենքը սահմանում է, որ «այո» կամ «ոչ» քարոզչության մեկական հիմնադրամ կարող է ստեղծվել, եւ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ այդ հիմնադրամի հաշվին կատարված մուծումների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի 100 միլիոն ՀՀ դրամը․ այդ չափը գերազանցող մուծումները պետք է փոխանցվեն պետական բյուջե։ Ուստի հետագայում հայտարարեցին, որ հանգանակությունը ոչ թե հանրաքվեի համար է իրականացվել, այլ «Քաղպայմանագիր» կուսակցության կարիքների, եւ Նիկոլ Փաշինյանը հընթացս փոխեց նպատակադրումը, թե «նվիրատվության որոշ մասն ուղղվելու է «Այո» նախընտրական շտաբի քարոզարշավի կազմակերպմանը»։

Ինչեւէ, հանգանակությունը կատարվեց, քարոզարշավը սկսվեց, սակայն մարտի 16-ից հայտարարվեց արտակարգ դրություն, եւ հանրաքվեի քարոզարշավը կիսատ մնաց։ Մենք հետաքրքրվեցինք ԿԸՀ-ից, թե ով ինչքան գումար է տրամադրել քարոզչական հիմնադրամներին։ Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ ԿԸՀ-ից ուղարկեցին հանգանակությունների ցուցակները։ Եվ այսպես․ «Այո»-ի քարոզչական հիմնադրամին, ըստ ԿԸՀ տրամադրած ցուցակների, գումար են տրամադրել 344 ֆիզիկական անձ եւ մեկ իրավաբանական անձ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն։ Ֆիզիկական անձինք տրամադրել են, ընդհանուր հաշվով, 68 միլիոն 650 հազար դրամ, իսկ ՔՊ-ն՝ 3 մլն 871 հազար 202 դրամ։ «Ոչ»-ի շտաբի հանգանակությունների ընդհանուր գումարը կազմում 3 մլն 561 հազար դրամ, հանգանակողների քանակը 16 ֆիզիկական անձ է։ Մենք ուսումնասիրեցինք «Այո»-ին հանգանակություն տրամադրողների ցանկը։ Այստեղ, իհարկե, մեծ թվով անծանոթ անուններ կան, որոնց հետեւում, բնականաբար, տարբեր օլիգարխներ ու գործարարներ են կանգնած, որոնք գիտեն՝ եթե «չմուծվեն» իշխող կուսակցությանը, պրոբլեմներ կունենան։ Դա չգրված օրենք է եւ միշտ անխախտ է գործում, ինչի վկայությունն են մինչ իշխանություն ձեռք բերելու  շրջանում «Ելք»-ի հանգանակությունների չնչին գումարները եւ ներկայիս 205 միլիոն դրամը։ Բայց այս ցուցակում ծանոթ անուններն էլ քիչ չեն։

Մենք նկատեցինք, որ մեծ թվով ՔՊ-ականներ, պատգամավորներ, պաշտոնյաներ մասնակցել են հանգանակությանը․ նրանց մի շոշափելի մասը ստանդարտ թիվ է տրամադրել՝ 500 հազար դրամ, ինչը եւս որոշակի ձեռագրի վկայություն է։ Նրանց թվում են Թագուհի Ղազարյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Վարազդատ Կարապետյանը, Արփի Դավոյանը, Սեդրակ Թեւոնյանը, Մարիա Կարապետյանը եւ այլք։ Պարգեւավճարի համար կռիվ տվող այս մարդկանց կողմից այդքան գումար տրամադրելու հանգամանքն ինքնին կասկածելի է։ Հանգանակություն տրամադրողների թվում են որոշ մարզպետներ ու նախարարներ․ Արսեն Թորոսյանը, Սուրեն Պապիկյանը, Գարիկ Սարգսյանը 500 հազար են տրամադրել, Արայիկ Հարությունյանը՝ 150 հազար, Հակոբ Արշակյանը՝ 50 հազար դրամ։ Իսկ Վայոց ձորի նախկին մարզպետն ու իր հայրը 500 հազարական դրամ են տրամադրել։ Նույնքան գումար տրամադրել են նաեւ Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանն ու նրա հայրը։

Գումարներ են տրամադրել ազգային փոքրամասնությունների քվոտայով խորհրդարան անցած անձինք՝ Արսեն Միխայլովը, Կնյազ Հասանովը, Ալեքսեյ Սանդիկովը, բոլորը՝ 200 հազարական դրամ։ Ակնհայտ է, որ ինչ-որ կերպ կառավարվել է այս գործընթացը։

Այս ցանկում անգամ դերասան Հովհաննես Ազոյանի անունը կա՝ 15 հազար դրամ, արդեն պաշտոնաթող փոխնախարար Գեմաֆին Գասպարյանինը՝ 300 հազար դրամ, եւ ԲՈԿ նախկին նախագահ Սմբատ Գոգյանինը՝ 200 հազար։ Սփյուռքի գծով հանձնակատար Զարեհ Սինանյանը 100 հազար դրամ է տրամադրել «Այո»-ի քարոզչությանը։

Մեզ ասացին, որ այս գումարները, որոնք հիմնադրամները չեն հասցրել ծախսել քարոզչության առաջին փուլում, եթե մեկ ամսվա ընթացքում չուղղվեն բարեգործական նպատակների համար, գնալու են պետբյուջե։ Բայց վստահ ենք, որ իշխող կուսակցությունը նման բան թույլ չի տա՝ մինչեւ վերջին լուման կծախսի այդ փողերը՝ գոնե Աննա Հակոբյանի հիմնադրամներին կուղղի։