Ես բազմավաստակ մանկավարժ եմ, չէի ուզենա, որ այդ ձևով ինձ հետ վարվեին

Ես բազմավաստակ մանկավարժ եմ, չէի ուզենա, որ այդ ձևով ինձ հետ վարվեին

Մայիսի 25-ին Երեւանի թիվ 114 հիմնական դպրոցի մի խումբ շրջանավարտների՝ երկարամյա տնօրեն Ռուզաննա Կոստանյանին մատուցած անակնկալն այսօր գլխացավանք է դարձել նրա համար։ Երեխաներն ավարտական վկայականները ստանալու ժամանակ թխվածքով ու երաժշտությամբ ինքնաբուխ մտել են տնօրենի աշխատասենյակ՝ փորձելով այդպիսով իրենց երախտիքն արտահայտել սիրելի տնօրենին՝ համատեղ 12-ամյա ճանապարհ անցնելու համար։ Փոքրիկ ուրախության այդ տեսանյութը, «հակահամաճարակային կանոնների խախտման» շրջանակում, հայտնվել է վարչապետի էջում, դարձել քննարկման առարկա, եւ կրթության նախարարությունից որոշել են, որ թույլ տված «հանցանքի» համար Ռուզաննա Կոստանյանը պետք է ազատման դիմում գրի։

«Ինձ հանրակրթության վարչության պետն է զանգահարել, հարցրել՝ եղե՞լ է նման դեպք, թե՞ չէ, ես ասել եմ՝ այո, որն ինքնաբուխ է եղել։ Մենք այդ օրն ունեցել ենք 6 հատ 12-րդ դասարան, բոլորը եկել են՝ առանց ծնողների, ու այդ մի դասարանը, որը, անկեղծ եմ ասում, չնախատեսված էր, քանզի, եթե նախատեսված լիներ, բոլորի համար կլիներ, եւ այդ մի դասարանի աշակերտները ներս մտան երաժշտությամբ, ինձ բերեցին մեջտեղ, եւ 1-2 րոպե է երեւի տեւել՝ պարեցի, հետո 2-3 նախադասությամբ ասացի՝ իմ շատ սիրելի աշակերտներ, որեւէ բան չի պատահել, ոչինչ, որ վերջին զանգ չեք ունենա, կարեւորը՝ դուք առողջ եղեք, մեր ժողովուրդը մեծ փորձություններ է անցկացրել, սա էլ կանցկացնենք։ Ու խնդրեցի, որ դուրս գան, երկուական մոտենան, ատեստատները ստորագրեն, ստանան ու գնան։ Այդպես էլ եղավ»,-մեզ հետ զրույցում հուզված պատմեց տիկին Կոստանյանը, որը 1997 թվականից ղեկավարում է թիվ 114 դպրոցը։ Ի դեպ, սա մայրաքաղաքի ամենալավ դպրոցներից է՝ ամենաշատ աշակերտներ ունեցող, ամենալավ նորոգված, եւ ցանկացած մեկի համար այս դպրոցի տնօրենի պաշտոնը երանելի պաշտոն է։

- Տեսանյութում երեւում է, որ կարծես խնջույք է տեղի ունենում Ձեր սենյակում, սեղան էր գցված, խմիչք կար։

- Իրենք բերեցին խմորեղեն, ծաղիկներով ներս մտան եւ մի բլյուդով միրգ դրեցին սեղանին։ Հետո արդեն, երբ իրենք դուրս եկան, ես դասղեկին ասացի՝ խնդրում եմ, երեխաներին պահեք, թող իրենք օգտվեն։ Մենք չենք նախապատրաստել ոչ մի բան, հավատացեք, խնդրում եմ, անակնկալ է եղել, այդ րոպեին ես նույնիսկ չէի պատկերացնի, թե ինչ կարող եմ անել, չէի կարող ասել՝ դուրս եկեք։

- Փաստորեն, Ձեր աշակերտների արած հաճելի անակնկալը հակառակ էֆեկտն ունեցավ՝ Ձեզ համար գլխացավանք դարձավ։

- Այո։ Իսկ ի՞նչ կարող էր անել նորմալ մանկավարժը, նորմալ տնօրենը, երբ երկուսուկես-երեք ամիս երեխաները դպրոց չէին մտել, դա իրենց վերջին օրն էր, եկել էին ատեստատ ստանային ու էդ ձեւով ներս մտան, ի՞նչ կարող էր անել ցանկացած մարդ։

- Իսկ Դուք ի՞նչ եք անելու, տիկին Կոստանյան, Ձեզ հորդորել են ազատման դիմում գրել, կգնա՞ք ընդառաջ այդ հորդորին։

- Ես առայժմ չեմ կողմնորոշվում, նախ մտածում եմ, որ շատ դպրոցներում է եղել նման բան, եւ նկատողություն են ստացել այդ տնօրենները, ու հիմա ինչո՞ւ իմ հարցն էսպես պիտի լուծվի։ Ես ուղղակի անարդար վերաբերմունք եմ իմ նկատմամբ զգում, ես բազմավաստակ մանկավարժ եմ, չէի ուզենա, որ այդ ձեւով ինձ հետ վարվեին։

- Դուք որեւէ կուսակցական պատկանելություն ունեցե՞լ եք երբեւէ։

- Ոչ, երբեւէ որեւէ կուսակցության չեմ պատկանել, երբեւէ։ Եղել է, որ հանձնաժողովներում եղել եմ, առաջարկել են՝ լիցենզավորված ենք եղել, բոլոր ուսուցիչներին, մանկավարժներին այդ ժամանակ ընդգրկում էին։

- ՀՀԿ-ի կողմի՞ց եք ընդգրկվել հանձնաժողովներում։

- Ես հանձնաժողովում եղել եմ մեկ անգամ՝ ԲՀԿ-ի կողմից, մեկ անգամ՝ ՀՀՇ-ի կողմից, մեկ անգամ՝ Հանրապետականի կողմից, ինքս կուսակցական չեմ եղել, եւ ամբողջ կոլեկտիվից եւ այդքան ծնողական համայնք ունեմ, մեկ հոգի չի կարող կանգնել ասել, որ ես երբեւէ, որեւէ անգամ ուղղորդել եմ որեւէ մեկին ընտրության հարցում։ Ես ուղղակի կատարել եմ ինձ վրա դրված պարտականությունը։

- Կարո՞ղ է Ձեզ դիտարկում են որպես «նախկին», եւ հիմա սա հարմար առիթ է Ձեզնից ազատվելու։

- Չգիտեմ, չեմ կարող ասել, որովհետեւ ես ակտիվ կուսակցական չեմ, ես իմ բնույթով մայր եմ, կին եմ, տատիկ եմ, ես դրա ժամանակն էլ չեմ ունեցել, երբեւէ որեւէ տեղ ինձ չեք տեսնի ակտիվ կուսակցական գործունեություն ծավալելիս, եւ եթե ես կուսակցական գործունեություն մեկ անգամ ծավալած լինեի, որեւէ ուսուցչի հետ գոնե խոսացած կլինեի՞, որ սրան ձայն կտաք կամ նրան ձայն կտաք։ Մեր դպրոցը կուսակցականացված չի եղել, կուսակցականացված որեւէ մանկավարժ չեմ ունեցել երբեւէ, որովհետեւ ես՝ ինքս, կուսակցականացված չեմ եղել։

- Դուք հանրակրթության վարչության պետին ի՞նչ պատասխան եք տվել, եւ որո՞նք են լինելու Ձեր հետագա քայլերը։

- Ես զարմացած ասացի՝ վա՜յ, բայց ի՞նչ եմ արել, որ պիտի դիմում գրեմ։

- Իսկ օրենքով Դուք պարտավո՞ր եք ենթարկվել այդ պահանջին եւ դիմում գրել, վարչության պետն իրավունք ունե՞ր նման բան հրահանգել, թե՞ դա Ձեր իրավունքն է՝ գրել կամ չգրել։

- Չէ, դա իմ իրավունքն է, չեմ կարող ասել։ Բայց դեռ չեմ որոշել՝ ինչ պետք է անեմ։ Ես նորից եմ ասում՝ այնքան ինքնաբուխ է եղել դա, 1-5 րոպեի տարբերությամբ, նույնիսկ դիմակներով երեխաներ ունենք նկարված։ Հետո՝ ես ասեմ, որ մայիսի 25-ի երեկոյան նոր պարետի որոշումն ավելի խստացավ։ Մինչեւ մայիսի 25-ը 20 հոգով կարող էին մի տեղ լինել, ես խնդրում եմ՝ դրան էլ ուշադիր լինել։ Մենք նախարարի հրաման ունեինք, որ մայիսի 25-ին հանձնենք միջնակարգ կրթության ատեստատները, եկել ենք 4 հոգով ատեստատները գրել ենք, ոչ մի կարգ չեմ խախտել, դպրոցն ախտահանել եմ էդ օրվա համար, ջերմաչափել եմ երեխաներին, ալկոգելները՝ դրված սեղաններին, ամեն բան պահել եմ, եւ հետո, երբ երեխաները եկան, ներս մտան, մենք անմիջապես պատուհանները բացեցինք։