Ստեր, ստեր, ստեր...

Ստեր, ստեր, ստեր...

44-օրյա պատերազմում մեր խայտառակ պարտության պատճառներն իբրև թե բննող՝ ՀՀ ԱԺ հանձնաժողովի նիստին Նիկոլի մասնակցելը նրան անմեղ դարձնելու փիառ գործողության վերջին պաշտոնական արարն էր: Եվ, բնականաբար, ուղղված էր հասարակության այն հատվածին, որը զուրկ է իր լսածը վերլուծելու կարողությունից: Իսկ այդպիսին, ինչպես մենք տեսանք 2021 թվականի ընտրական գործընթացի առնչությամբ, հասարակության մեծամասնությունն է: Այդ մեծամասնության մաս են կազմում թե՛ նրանք, ովքեր դեռևս հավատում են Նիկոլին, և թե՛ նրանք, ովքեր չեն հավատում ոչ մեկին: Եվ, մեծ հաշվով, թքած ունեն պետության ճակատագրի վրա:
Վերադառնանք Նիկոլի ցուցմունքներին: Դրանց քաղաքական և ռազմական ասպեկտներն չեմ անդրադառնա, քանի որ դա կատարվել է բազմիցս: Քաղաքականը՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի, ռազմականը՝ գեներալների կողմից: Եվ բազմիցս ներկայացվել են նիկոլական թերասացությունը, սուտն ու կեղծիքը: Բայց դա չի խանգարել, որ դրանք բազմիցս կրկնվեն: Նույնը տեղի է ունեցել նաև այն երկու հարցերի առնչությամբ, որ ես ցանկանում եմ ներկայացնել: Բայց ի տարբերություն քաղաքական և ռազմական ասպեկտների՝ իմ ընտրած երևույթներն ավելի պարզ են: Ու, ըստ այդմ, հանրության մեծամասնության համար ավելի ընկալելի:

Առաջին երևույթը տիկին Հակոբյան Աննայի ներկայությունն էր Արցախի հրամանատարական բունկերում: Նիկոլի ասելով 10-15 րոպեով նրան այնտեղ է հրավիրել ԱՀ նախագահ Հարությունյան Արայիկը, որպեսզի իր ներկյությամբ ոգևորի ներկա գեներալներին ու գնդապետներին: Պատկերացնո՞ւմ եք՝ տիկինը պետք է ոգևորեր այդ կարգի զինվոերականներին: Կարծում եմ, որ սա հերթական սուտն է, քանի որ այդ դեպքում ՀՀ ՊՆ Ռազմական վերահսկողության ծառայության պետ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը նրան քաղաքավարի դուրս չէր հրավիրի բունկերից: Իսկ եթե փորձեր էլ, ապա Հարությունյան Արայիկը կմիջամտեր՝ ասելով, որ հրավիրողն ինքն է եղել: Ու տիկինն էլ շուտով դուրս կգա: Ի դեպ, այն հարցը, թե ինքը ինչու է եղել այնտեղ՝ Նիկոլը լավ գիտի, քանի որ հենց իքն է նրան գործուղել Ստեփանակերտ: Այլապես ծառայության պետն ինքնագլուխ չէր հայտնվի այնտեղ: Եվ երբ իր հարցազրույցներից մեկում Մովսես Հակոբյանը ներկայացնում էր այդ դրվագը՝ այդ առումով ոչինչ, ոչ մի բացատրություն չհնչեց ո՛չ Երևանից և ո՛չ էլ Ստեփանակերտից: Այնպես, որ սա նիկոլական հերթական սուտն էր: Ենթադրվում է, որ նաև այդ պատճառով գեներալ-գնդապետը պաշտոնանկ արվեց, իսկ 2021 թվականի կեսերին նրա և երկու այլ ծառայակիցների նկատմամբ քրեական գործ հարուցվեց պետական գաղտնիք հանդիսացող ինչ-ինչ տեղեկություններ հրապարակելու մեջ: Կարծում եմ, որ դա ևս քաղաքական կամ տվյալ դեպքում նաև «ընտանեկան» հիմքով հետապնդումների շարքից էր: 

Երկրորդը վերաբերում է այդ ընտանիքի արու զավակին: Երբ վերջինս կամավորագրվել էր ու ընկել էր շրջապատման մեջ, ըստ Արթուր Այվազյանի (մականունը՝ Մանախ), նրան այնտեղից դուրս բերելու համար մի քանի հարյուր զինվորականի են զոհել: Մանախն, իր ասելով, դա ներկայացրել է ԱԱԾ-ին, բայց այդ առումով որևէ հարց չհնչեց: Իսկ Նիկոլն էլ կրկին ներկայացրեց, իր ենթադրությամբ, խիստ զգայական այն տեսարանը, որ հրետակոծման տակ ընկած՝ իրար կպած զինվորներից մեկը բեկորներից մահացել էր: Մյուսն իր զավակն էր: Ենթադրում եմ, որ դա տեղի է ունեցել այն բանից հետո երբ արձանագրվել էր մոր՝ Հակոբյան Աննայի, հետ այդ երիտասարդի այցերը ստեփանակերտյան նկուղներ: Ու որպեսզի զրոյացնեին այդ տեղեկատվությունից առաջացած բացասական ազդեցությունը, հոր առաջարկով Աշոտիկը  «գործուղվել» է որևէ զորամաս: Իսկ Նիկոլի ասելով, ինքը տեղյակ չի եղել, թե որտեղ է գտնվել իր որդին: Ես չեմ կարծում, թե դա ճշմարտություն է, քանի որ այն բացարձակ հարիր չէ հայկական մտածողությանը:

Երրորդ սուտը, բռնվեք, Նիկոլից չի գալիս՝ Նիկոլն ընդամենը հաստատեց այն: Այդ կեղծիքի հեղինակը քպկական (կամ նիկոլական՝ որը կուզեք) «ազգընտիր» Պողոսյան Քրիստինեն է: Վերջինս հետաքրքրվեց, թե ինչ տարբերություն կա հայկական ու ուկրաինական ընդդիմության միջև: Ու որպեսզի Նիկոլին հիմար վիճակի մեջ չդնի՝ ենթադրելով, որ Նիկոլը կարող էր չիմանալ այդ հարցի պատասխանը, ինքն էլ տվեց այն: Ըստ այդ տիկնոջ, Ուկրաինայի նախագահ Զելեսկուն «ոխերիմ» ընդդիմությունը ռուսական ներխուժման հենց առաջին օրերից զենքը ձեռքին գնաց պաշտպանելու ուկրաինական անկախությունը: Իսկ հայկական ընդդիմությունը փորձում էր իշխանությունից հեռացնել Նիկոլին: Իհարկե, պատերազմի ժամանակ նման բան չի եղել: Իսկ պատերազմից հետո դա պետք է տեղի ունենար, որպեսզի պատերազմը սողալով չշարունակվեր մինչև մեր օրերը:

Ուրեմն, ի գիտություն տիկնոջ, ասեմ, որ 2022 թվականի աշնան կեսերի դրությամբ Ուկրաինայի անվտանգության ծառայության նախաձեռնությամբ փակվել է 12 կուսակցության: Բոլորը, բնականաբար, ընդդիմադիր: Իսկ Զելենսկուն հատկապես «ոխերիմ» ընդդիմադիր՝ Ուկրաինայի Ռադայի «Ընդդիմադիր պլատֆորմ-Կյանքի համար» խմբակցության ղեկավար, ռուսամետ Վիկտոր Մեդվեդչուկը բանտարկվել է, իսկ այնուհետև փոխանակվել ռուսների կողմից գերի առնված «ազովականների» հետ: Հետո զրկվել է նաև ուկրաինական քաղաքացիությունից: Իսկ խմբակցության անդամներն էլ, բնականաբար, զրկվել են մանդատներից: Բացի մի քանի հոգուց, որ «դավանափոխվել» են և տեղ գտել իշխող խմբակցության կազմում: Ահա այդպես է ուկրաինական ընդդիմությունը պաշտպանել երկրի անկախությունը:

Հ. Գ. Վիկտոր Մեդվեդչուկը համարվում էր ՌԴ նախագահի «մարդը», ու այդ պատճառով մի քանի ամիս շարունակ նրա մասին էին գրում ռուսախոս ռուսական ու ուկրաինական տելեգրամյան ալիքները: Դե, տիկին Պողոսյանն ի՜նչ իմանար, որ մեր երկրում կան մարդիկ, ովքեր ամենօրյա ռեժիմով հետևում են ռուս-ուկրաինական հակամարտությանը: