Լիդերի ի հայտ գալը ինքնաբուխ և բնական ձևով պիտի լինի

Լիդերի ի հայտ գալը ինքնաբուխ և բնական ձևով պիտի լինի

Հայաստանի վարչապետի բրյուսելյան այցերի, հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ պայմանավորվածությունների, հայաստանյան ներքաղաքական իրավիճակի մասին Hraparak.am-ը զրուցել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախկին պատգամավոր Աննա Կոստանյանի հետ։

«Պարզ էր, որ ոչ հայանպաստ հերթական եռակողմ ձևաչափով հանդիպումը պիտի լիներ։ Ըստ էության, ներկայացված տեքստի մեջ գոնե մեկ ստորակետ ինքը ինքնուրույն չկարողացավ առանձնացնել, որով հույս կարող էր ներշնչել Հայաստանի և Արցախի հետագա ինչ-որ դրական փոփոխությունների համար։ Հերթական աղետաբեր հանդիպումն էր։ Առաջին եռակողմ ձևաչափով բրյուսելյան այցը, որ տեղի ունեցավ, ըստ էության, Հայաստանի Հանրապետության` որպես առանձին սուբյեկտի և առանձին ներկայացուցչի հետ ֆորմատում, Ռուսաստանը չէր կարող արգելք հանդիսանալ, որովհետև Հայաստանը որպես ինքնիշխան երկիր մասնակցում է ինչ-որ բանակցությունների։ Ես չեմ պատկերացնում մի իրավիճակ, որ Ռուսաստանը որևիցե կերպ կփորձեր խոչընդոտել այդ հանդիպմանը։ Եթե վերանայման կարիք կամ խնդիր լիներ, պետք է Հայաստանի կողմից քայլեր ձեռնարկվեին, Հայաստանը պետք է ադեկվատ հաշվարկեր իր երկրի վրա հնարավոր ազդեցությունները, որոնք կարող են բխել այս ֆորմատով բանակցություններից, որովհետև հաշվի առնելով նոյեմբերի 9-ի հայտարարությունը փաստացի երեք երկրների՝ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստանի միջև է կայացել, և Ռուսաստանից ուղղակի վերցնել հետ, պայմանական` բանակցությունների շրջանակից դուրս թողնել, նշանակում է ինչ-որ առումով վնասել նոյեմբերի 9-ի հայտարարության ինչ-ինչ դրույթներին։ Չեմ կարծում, որ Ռուսաստանը այս առումով որևիցե կտրուկ քայլ կարող էր, կամ պետք է աներ»։

Թե ինչպես է գնահատում նախկին պատգամավորը «Դիմադրության» շարժման կողմից իրականացվող  բողոքի ակցիաները, ինչ ակնհայտ թերություններ են առկա, որոնք ինքը կառաջարկեր, որ շտկեին, վերջինս ասաց․

«Կարծում եմ օրակարգի փոփոխություն չկա։  Փաշինյանի և իր թիմի կառավարման հեռացումը վերցրել են որպես գերնպատակ, ինչն իմ կարծիքով սխալ ճանապարհ է։ Պետք է լինի ոչ թե նպատակ, այլ խնդիր, որը պետք է լուծել։ Իսկ նպատակը՝ Հայաստանի կայունացումն է, Արցախի խնդրի առաջ մղումը միջազգային  հարթակներում։ Գործիքակազմերը պարբերաբար կրկնվում են։ Նոր մոտիվացնող, ներշնչող որևէ քայլ չի գեներացվում, որը կստիպի ժողովրդին էլ ավելի ոգևորվելու ու դուրս գալու պայքարի։ Եվ ամենակարևոր բանը, որն ամբողջ շարժման ընթացքում միշտ ասվել է՝ շատ հստակ պետք է արձանագրվի, որ նախկին վարկաբեկված անձերի, նախկին իշխանության ներկայացուցիչների և տարբեր կամ նրանց հարող, նրանց շրջանակի որևիցե անձերի վերադարձ ապագայում կառավարման մեջ պետք է բացառվի, որովհետև ժողովրդի ծանրակշիռ մեծամասնությունն այս դիլեմայի մեջ է։ Ներկա, թե նախկին` երկուսն էլ անընդունելի են ժողովրդի համար, բայց վատի ու վատագույնի միջև են փորձում իրենց ընտրությունը կատարել։ Եվ հետո, եթե ընդդիմությունը շատ հստակ, կոնկրետ ձևով ներկայացնի, որ իրենց ապագա պլանների մեջ բացառելու են այս դեմքերի վերադարձը, կարծում եմ ինչ-որ տեղ քաղաքացիներին մտածելու և ավելի ակտիվ քայլերի մեջ ներգրավվելու առիթ կտա։

Աննա Կոստանյանից հետաքրքրվեցինք նաև, թե որևէ քաղաքական ուժի կամ լիդերի այսօր ինքը տեսնո՞ւմ է, որն իր գաղափարներով և գործողություններով կօգնի երկիրը դուրս բերել այս աղետալի վիճակից․ «Որպես այդպիսին իմ կարծիքով ոչ այդ քաղաքական ուժն է ձևավորվել, ոչ էլ՝ լիդերը կա։ Թեև լիդերի ի հայտ գալը ինքնաբուխ և բնական ձևով պիտի լինի։ Այսինքն չկա մեկը, որին ենթադրենք պատրաստում են, կոպիտ ասած «աճեցնում են» ապագա պլանների համար։ Ըստ իս` պայմանական ակնկալվող լիդերը ինքնաբուխ ձևով պիտի ի հայտ գա։ Այս պահին` ոչ, չեմ տեսնում որևէ քաղաքական ուժ, որը կարող է առաջարկել կամ առաջադրել այնպիսի ծանրակշիռ օրակարգ և այնպիսի առաջնորդ, որը հայտ կներկայացնի երկիրն այս իրավիճակից դուրս բերելու համար։ Ես հավատում եմ, որ կա այդ լիդերը։ Ունենեք այդ պոտենցիալը, որպեսզի ձևավորենք մեր պատկերացրած քաղաքական ուժը, որը վերջ կդնի նախկինի ու ներկայի դիսկուրսին, իրական համախմբման և միավորման օրակարգը առաջ կբերի, պրագմատիկ տեսլականով, իրատեսական գործողությունների պլանով, բայց թե՝ երբ, այ դա հարց է։ Եվ արդյոք մենք ունե՞նք այդ ժամանակը` դեռ սպասելու, նստելու և ակնկալելու, որ ինչ-որ ուժ կձևավորվի, և կհայտնվի այդ մեծ երազանքների առաջնորդը, ասեմ՝ իսկապես լուրջ հարց է»։

Աննա Կոստանյանը մասնակցո՞ւմ է փողոցային պայքարին. «Ես, բնականաբար անմասն չեմ կարողանում մնալ, չեմ կարող նստել և անտարբեր նայել։ Սակայն հանրային առումով այս պահին դեռ չեմ տեսնում ինչ-որ կոնկրետ գործառույթ իրականացնելու և հետին պլանում փորձում եմ ինչ-որ աշխատանքներ տանել։ Հանդիպումներ եմ իրականացնում տարբեր մարզերում, այդ թվում նաև Արցախում։ Խոսում եմ մարդկանց հետ, փորձում եմ լսել առաջարկներ, ըստ այդմ`  ինչ-որ պահի հնարավոր է կկարողանամ նաև իմ առաջարկով հանդես գալ։ Միևնույն ժամանակ` չեմ էլ քննադատում այսօր փողոցում պայքարի դուրս եկած ուժերին, որովհետև ամեն դեպքում ինչ-որ բան անում են։ Այսինքն, միայն չեմ քննադատում և անգործ նստում, սպասում, թե պետության, երկրի վերջը՝ երբ է գալու։ Ինչ-որ բան անում են՝ լավ-վատ, մեր սրտով է՝ մեր սրտով չէ, ճիշտ է՝ սխալ է, բայց փորձում են։ Ապագան ցույց կտա՝ կունենան որևէ առաջարկ, որը կարող է տարբերվել բոլոր եղածներից, թե չէ»։