Ատելությունը...

Ատելությունը...

Մեր այս վերջին ընտրության արդյունքները զարմացրին շատերին: Նաեւ՝ շահող կողմին: Ընտրված վարչապետի խոսքի այն հատվածը, թե իբր կանխատեսում էր այդպիսի արդյունք, պետք է համարել, մեղմ ասած, սուտ: Ո՛չ նա եւ ո՛չ էլ որեւէ մեկը չէր կարող կանխատեսել այսպիսի արդյունք: Սրա մասին՝ առայժմ այսքանը:

Ցանկանում եմ բարձրաձայնել եւ, ինչպես ասում են, սեւով սպիտակի վրա արձանագրել մեր միջի այն հին ու արմատներ ունեցող ախտի մասին, թե իբր խոհեմաբար խուսափել ենք այն արտաբերելուց, որովհետեւ կարծել ենք, թե դրանով ավելի ենք շեշտելու դրա գոյությունը, որն անթույլատրելի է: Եթե երեխաների դաստիարակության գործում, ինչ-ինչ նկատառումներից ելնելով, կիրառում ենք այն, ապա հասուն մարդու դեպքում կիրառելի չէ: Ինչքան խուսափենք այն վեր հանելուց, այդքան կուշանանք դրա արմատները չորացնելուց: Իսկ այդ արատն ինքնըստինքյան չի վերանալու: 

Ատելության եւ դրանից բխող խտրական վերաբերմունքի մասին ավելին գիտեն եւ զգացել են սփյուռքահայերը: Հարցրեք ցանկացած սփյուռքահայի եւ հատկապես նրանց, ովքեր Հայաստանի անկախացումից ի վեր եկել-հաստատվել եւ ապրում ու արարում են Հայաստանում: Ձեզ հետ անկեղծորեն կիսվելու դեպքում նրանք ակամայից կխոստովանեն այդ մասին: Որովհետեւ նրանք, այսպես կամ այնպես, դա զգացել են իրենց մաշկի վրա: Սփյուռքահայի մոտ Հայաստանն ու Ղարաբաղը նույն բաներն են:

Նրանց համար ղարաբաղցին ու հայաստանցին, բառիս բուն իմաստով, ոչ մի տարբերություն չունեն: Սա բացարձակ ճշմարտություն է: Ոչ ոք թող չփորձի հակառակն ապացուցելու համար իզուր ժամանակ վատնել: Չկա՛ ոչ մի տարբերություն: Եթե կա, ապա միայն դրական իմաստով: Ղարաբաղցիները մեր հայրենի լեռնաշխարհի այն հայորդիներն են, որոնք, անկախ ապրելու եւ թշնամուն դիմակայելու անկոտրում կամքի դրսեւորումներից, միշտ էլ մեր ազգային խոհերում գնահատանքի են արժանացել: Հարյուրամյակների հաշվով, երբ կորցրել ենք անկախ պետականությունը, Ղարաբաղը եղել է մեր հայրենի լեռնաշխարհի ամենավերջին հատվածը: Խամսայի մելիքությունների կիսանկախ գոյությունը դրա վառ ապացույցներից է: Մելիքների ներքին տարաձայնությունները՝ անկախության եւ հայրենիքի ամբողջականության վտանգի դեպքում, չքանում էին: 

Հիշենք մեր առաջին նախագահի քայլերից երկուսը միայն, որոնք միտված էին համահայկական միասնության վերականգնման սիրույն: Նա իր կտրուկ որոշումներով, Կիլիկիո թեմի կաթողիկոսին հրավիրեց Հայաստան՝ բազմելու Ամենայն հայոց կաթողիկոսի գահին, իսկ Ղարաբաղի ընտրված նախագահին կանչեց եւ նշանակեց Հայաստանի վարչապետ: Այս քայլերով նա ուզում էր Հայաստանը, Ղարաբաղն ու Սփյուռքը միացնել իրար: Մենք շատ լավ հասկացանք նրա այդ որոշումների համահայկական խոր նշանակությունն ու կարեւորությունը: Չեմ ուզում հիշեցնել այն օրերի թաքնված ու երբեմն էլ բացահայտ այն վերաբերմունքի մասին, որն արտաբերեցին նույնիսկ մտավորական համարվող մարդիկ: Դրանց մասին ժամանակին զայրույթով արտահատվեց մեր սիրելի սպարապետ Վազգեն Սարգսյանը:  

Այսօր մենք կանգնած ենք նույն ատելության եւ խտրական վերաբերմունքի ակունքներում, որոնք պարզորոշ դրսեւորվեցին մեր որոշումների արդյունքում: Վարչապետ ենք ընտրում այնպիսի մեկին, ով, ըստ ամենայնի, չի համապատասխանում իր կոչումին, եւ դա գիտակցելով՝ դիմում ենք այդ քայլին, որպեսզի մյուսը չանցնի: Այդ ատելության ախտն այնքան խորն է մեր մեջ, որ հայրենի տարածքներն ու Ղարաբաղը միանձնյա որոշումով թուրքին տվողին գերադասեցինք արժանիքներով անհամեմատ բարձր որակների տեր մարդուց: Աշխարհում չկա նույնիսկ մեկ օրինակ, որ պատերազմն այդքան աղետալի հետեւանքներով տանուլ տված իշխանավորին նորից ընտրեն, այն էլ՝ այսպիսի արդյունքներով: Ինչո՞ւ. որովհետեւ մյուսը ղարաբաղցի է: Սա ազգային մեծ ողբերգություն է:

Ի սեր աստծո, եկեք չխուսափենք այս արատի մասին խոստովանելուց: Ես համոզված եմ, որ միայն անկեղծորեն խոստովանելու դեպքում է, որ դուռ կբացենք այս չարիքի դեմ պայքարելու համար: Փառք աստծո, Երեւանն ու հարակից համայնքները ցույց տվեցին, որ նրանք մասամբ հաղթահարել են այդ չարիքը: Նրանք իրենց որոշումները կայացրին հայոց պետականության եւ երկրի ու ժողովրդի անվտանգության համար բարձր գիտակցությամբ եւ հավաքական իմաստությամբ արտահայտեցին իրենց կամքը, որով եւ հույսի դուռ է բացվում: Նրանք թեեւ իրենց ընտրած թեկնածուի անցյալի թույլ տված սխալների ու բացթողումների համար ավելի շատ ասելիքներ ունեին, քան մյուսները, այդուամենայնիվ, իրենց բարձր ինտելեկտի շնորհիվ, լավագույնս գնահատելով իրավիճակը՝ համեմատաբար ճիշտ որոշման եկան, եւ դա արտացոլվեց իրենց քվեարկության արդյունքներում:

Եկեք համոզվենք բոլորս, որ ատելության հենքի վրա կառուցված իշխանությունը երկար կյանք ունենալ չի կարող: Ատելության բուկլետներ բաժանողը ո՛չ իր եւ ո՛չ էլ իր կուսակիցների, մանավանդ երկրի ու ժողովրդի համար ապագա խոստանալու բարոյական իրավունք չունի: Ատելություն հրահրողը, եթե այդպես պիտի շարունակի իր գործը, անխուսափելիորեն տխուր վերջաբանի կհասնի… Ինչպես հին առակն է ասում. «Քամի ցանողը փոթորիկ է հնձում»…

Վահան Դարբինյան