Նիկոլ Փաշինյանը հիմա այն տեսակն է դարձել, որի դեմ ժամանակին պայքարում էր

Նիկոլ Փաշինյանը հիմա այն տեսակն է դարձել, որի դեմ ժամանակին պայքարում էր

ՀԱԿ-ը դեռ գնահատական չի տվել ընտրություններին։ Մենք զրուցեցինք ՀԱԿ ցուցակի 14 համարի թեկնածու, «Չէին սպասում» հաղորդման հեղինակ, վարող, ռեժիսոր Սուրեն Շահվերդյանի հետ։

- ՀԱԿ-ն ի՞նչ գնահատական ունի ընտրություններին՝ ճանաչո՞ւմ է արդյունքները, թե՞ ոչ։

- Հարցրեք Մուսինյանին։

- Դուք առաջին անգամ էիք մասնակցում ընտրություններին։ Ձեզ տեսա ընտրատեղամասերից մեկում՝ ընտրական կրքերի կիզակետում, Ձեր աչքերում զարմանք տեսա։ Ասես գազանանոցում լինեիք։ 

- Ի՞նչ եք կարծում՝ գազանանոց չէ՞ր։ Կարծում եմ՝ կհամաձայնեք ինձ հետ, որ գազանանոց էր։

- Ու նման պայմաններում ձեր քարոզարշավը շատ չէ՞ր ստերիլ, պասիվ։

- Պասի՞վ․ մեր քարոզարշավը շատ զուսպ էր, բայց շատ իմաստուն։ Իսկ զուսպ էր, որովհետեւ ես ենթադրում եմ, դա իմ կարծիքն է, որ այսօր այն կուսակցությունը, որի ցուցակում հայտնվել էի, նպատակահարմար չէր գտել թույլ տալ այն շռայլությունը, որը թույլ են տվել մյուսները։

- Այսինքն՝ չագուճ, եղա՞ն, հայտնի բառապաշա՞ր։

- Նրանք, ովքեր օգտագործում են վարչական ռեսուրսը, իրենց ու իրենց ընկերների հարստությունը։ 

- Նիկոլ Փաշինյանը երեկ առաջարկեց վերջ տալ հայհոյախոսությանը, անգամ խոստովանեց, որ ինքն էլ մեղք ունի, որ զերծ չի մնացել դրանից։ Թերեւս ԱՄՆ իշխանությունների հայտարարությունն էր դեր խաղացել, եւ առաջարկեց հանդիպել, քաղաքական կոնսուլտացիաներ անցկացնել։ ՀԱԿ-ը կգնա՞։

- Չեմ կարող պատասխանել։ Եթե անձամբ ինձ է վերաբերում, կհանդիպե՞մ իր հետ, ինքս՝ որպես Սուրեն Շահվերդյան, թեկնածու կամ մարդ, որին ինքը ճանաչում է բավականին լավ, ապա՝ ոչ։ Հանդիպման ո՛չ ցանկություն ունեմ, ո՛չ էլ իմաստն եմ տեսնում, որովհետեւ կարծում եմ, որ այն իրավիճակը, որում հայտնվել ենք ու շարունակում ենք գնալ դեպի անդունդը, նրա պատճառով է։ Ես նրան ուղիղ մեղավոր եմ համարում։

-  Փաշինյանը հայտարարում է, որ վարչապետ դառնալուց հետո սկսել է ավելի վատ ապրել։ Դուք հեղափոխությունից առաջ՝ «Սոված չէին սպասում» հաղորդման շրջանակում, այցելել էիք Փաշինյանի Երրորդ մասի տուն, Իջեւան, խոզ էիք խանձում նրա հետ, ուտում։ Նրա կենցաղը տեսել եք, իրո՞ք հիմա ավելի վատ է ապրում։

- Ես իր ներկայիս կենցաղը չգիտեմ, չգիտեմ՝ փոխվել է, թե ոչ, բայց ես համարում եմ, որ Նիկոլ Փաշինյանը հիմա այն տեսակն է դարձել, որի դեմ ժամանակին պայքարում էր։ Այն ժամանակ, երբ իրեն նկարահանում եւ շփվում էի իր հետ, նա պայքարում էր այն տեսակի դեմ, ինչն ինքն էսօր դարձել է։