Մենք այսօր ունե՞նք բարոյական իրավունք՝ դնել ու օրենք քննարկել

Մենք այսօր ունե՞նք բարոյական իրավունք՝ դնել ու օրենք քննարկել

ՀՀ կառավարության դեկտեմբերի 3-ի օրակարգում ընդգրկված էր նաեւ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ու հարակից օրենքների նախագծերին հավանություն տալու եւ անհետաձգելի համարելու մասին որոշման նախագիծը, որն այս օրերին քննադատեցին թե՛ բուհական, թե՛ ակադեմիական շրջանակները։ Ըստ այս նախագծի՝ ՀՀ բուհերի ռեկտորները եւ գիտական հաստատությունների տնօրենները ոչ թե ընտրվելու են, այլ նշանակվելու են անմիջապես ԿԳՄՍ նախարարության կողմից, մինչեւ 5 տարի ժամկետով, ինչն էլ նշանակում է, որ նախագծում ներառված դրույթների ընդունման դեպքում բուհերը կզրկվեն ինքնակառավարման իրավունքից։

Այս առիթով նախօրեին ԿԳՄՍ նորանշանակ նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է ՀՀ ռեկտորների խորհրդի անդամներին եւ լսել նրանց առարկությունները։ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Լիլիթ Արզումանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ԿԳՄՍ նորանշանակ նախարարի հետ հանդիպման ժամանակ ռեկտորները մի քանի ժամ շարունակ խոսել են օրենքի մասին, հնչել են քննադատություններ՝ անխտիր բոլորի կողմից․ «Խնդիրները բազմաթիվ են լիցենզավորման, գիտական աստիճանների հետ կապված։ Անհասկանալի է ակադեմիայի կարգավիճակի հարցը, թե ինչ է ինքն իրենից ներկայացնելու։ Անհասկանալի է նաեւ գիտական աստիճանաշնորհման համակարգը, ընդունելության քննություններն են խճճված»։  

Լիլիթ Արզումանյանը հանդիպել եւ օրենքի շուրջ զրուցել է նաեւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ։ «Խոսել եմ օրենքից՝ շատ մանրամասն եւ շատ երկար, ամենայն մանրամասնությամբ ներկայացրել եմ իրավիճակը, օրենքը, նա էլ չի ընդհատել ինձ։ Արդյունքում մեզ խոստացավ, որ այդ օրենքը հրատապ չի մտնի ԱԺ եւ կվերանայվի»,- ասում է Արզումանյանն ու հավելում, որ այդ հանդիպումից հետո մի փոքր հույս է արթնացել։ Իսկ օրենքն ունի բազմաթիվ խնդիրներ՝ եւս մեկ անգամ ընդգծում է ռեկտորն ու հավելում, որ այս իրավիճակում հրատապ օրենքի նախագիծ ներկայացնելն իր կողմից անընդունելի է։

«Մենք խայտառակ վատ վիճակում ենք, որովհետեւ ունենք նոր թաղված 18-20 տարեկաններ, ունենք երիտասարդներ, որոնք գնացին ու անհեր երեխաներ թողեցին իրենցից հետո, որդեկորույս մայրեր, սգավոր կանայք, խելագարված ծնողներ, որոնք իրենց երեխաներին չեն գտնում, իսկ այն մարդիկ էլ, ովքեր զոհ չունեն, միեւնույն է՝ կիսախելագար ման են գալիս։ Ես, օրինակ, այդ վիճակում եմ։ Այսօր ունենք անթիվ-անհամար չլուծված խնդիրներ, ու նման իրավիճակում հանկարծ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը գնում է Ազգային ժողով: Մենք ուղղակի իրավունք չունենք այս վիճակում նման անկատար օրենք տանել ԱԺ։ Նման հարցեր պետք է առայժմ չքննարկվեն, որովհետեւ դրա ժամանակը չէ, մենք հազարավոր անտուն մարդիկ ունենք, հազար ներողություն, մեր բոլոր երիտասարդ զինվորները թաղվե՞լ են, բոլոր հարցերը լուծե՞լ ենք, որ մնացել էր այս անկատար օրենքը։ Այստեղ խնդիրն ինձ համար սկզբունքային է՝ արդյոք մենք այսօր ունե՞նք բարոյական իրավունք՝ դնել ու օրենք քննարկել։ Կարծում եմ՝ ուղղակի չի կարելի, ամբողջ երկրի ու մարդկանց ճակատագրերն են խեղված, անկախ նրանից՝ ցավ ունեն-չունեն, երեխա կորցրել են, թե չէ, դա ոչ մի նշանակություն չունի։ Ստացվում է, որ մեր Ազգային ժողովը չի առերեսվում իրականության հետ, ու մենք ապրում ենք 2 տարբեր՝ մեկը մյուսից անտեղյակ իրականություններում․ իրենք՝ իրենց իրականությունում, մենք՝ մեր»,- ընդգծում է ԵԹԿՊԻ ռեկտորը։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի ԺՊ Ռուբեն Աղգաշյանն ասում է՝ ԿԳՄՍ նոր նախարարի հետ հանդիպման ժամանակ իրենց կողմից կոնկրետ եւ որոշակի հարցադրումներ արվել են, որը լրացուցիչ քննարկման կարիք ունի։ «Կան կետեր, որոնք իսկապես խնդրահարույց հարցեր են՝ լիցենզավորման, հավատարմագրման հետ կապված, այսինքն՝ կա՛մ լինում է պարտադիր ծրագրային հավատարմագրում, կա՛մ ինստիտուցիոնալ հավատարմագրում։ Ինչպես նաեւ այն, որ մինչեւ 5 տարի ժամկետով, նախարարի հրամանով պետք է նշանակել ռեկտոր, ընդ որում՝ ոչ մի պահանջ չներկայացնել, ինչը, օրինակ, մրցույթի ժամանակ արվում էր եւ ճիշտ էր։ Մեր խնդրանքը նախարարից այն էր, որ օրինագիծը հրատապ կարգով չուղարկվի ԱԺ, քանի որ բազմաթիվ խնդրահարույց հարցեր կան, որոնք լուրջ քննարկումներ են պահանջում»,- ասում է Ռ․ Աղգաշյանն ու ի պատասխան բուհերի միավորման հետ կապված շրջանառվող լուրերին՝ նշում, որ նման խոսակցություններ միշտ էլ եղել են, բայց ինքը դրանց լուրջ չի վերաբերվում եւ չի արձագանքում։  

Ի դեպ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողական խորհուրդը եւս արձագանքել էր օրենքի նախագծին՝ մտահոգություն հայտնելով մի քանի հոդվածների հետ կապված․ «Ռոտացիայի խնդիր․ օրենքի նախագծի 34-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն, անվճար համակարգով ընդունված ուսանողը պահում է պետության կողմից հատկացված անվճար տեղը, եթե ապահովում է 80% բարձր գնահատական․ ստացվում է՝ վճարովի համակարգով ընդունված ուսանողը զրկվում է հետագայում անվճար համակարգ անցնելու հնարավորությունից։ Բուհի բարձրագույն մարմնում՝ կառավարման խորհրդում, ուսանողական խորհուրդն ունի 25 տոկոս ներկայացվածություն, ինչի շնորհիվ կարողանում է բարձրաձայնել եւ ներկայացնել ուսանողների խնդիրները։ Կատարվող փոփոխությունների արդյունքում այս մարմնի անդամների թիվը կրճատվում է՝ դառնալով 12, ինչի հետեւանքով նվազում է նաեւ ուսանողների ներկայացվածությունը՝ դառնալով 8 տոկոս, այսինքն՝ 1 ուսանող»։ 

Օրենքի նախագծի վերաբերյալ երեկ հայտարարությամբ հանդես եկավ նաեւ ԳԱԱ-ն՝ նշելով, որ նախագիծը լայնորեն քննարկվել է ԳԱԱ գիտական կազմակերպությունների կոլեկտիվների ժողովներում, ԳԱԱ տնօրենների խորհրդում, ԳԱԱ անդամների ժողովում: Բազմաթիվ սկզբունքային առաջարկություններ եւ դիտողություններ պարբերաբար ներկայացվել են ԿԳՄՍՆ-ին, որոնք հիմնականում չեն ընդունվել։ «Ներկայացված օրենքի նախագծով կազմաքանդվում է ՀՀ գիտությունների ակադեմիական համակարգը, եւ վտանգի տակ է դրվում հիմնարար գիտությունների զարգացումը: Վերացվում են ՀՀ Սահմանադրությամբ եւ տարբեր օրենքներով նախատեսված բուհական եւ գիտական ինքնավարությունը, ակադեմիական ազատությունները, խախտվում են կրթության, գիտության հիմնական շահառուների իրավունքներն ու օրինական շահերը»,- նշված է հայտարարության մեջ, որտեղ ԳԱԱ-ն պահանջում է՝ անհապաղ հետ կանչել «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ Ազգային ժողովից եւ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ կազմակերպել քննարկումներ՝ բարձրագույն կրթության եւ գիտության զարգացումն ապահովող հայեցակարգային դրույթների եւ օրենքների նախագծերի մշակման համար: