Փաշինյանից շատ առաջ էլ Քոչարյանն էր Սահմանադրություն ոտնահարում

Փաշինյանից շատ առաջ էլ Քոչարյանն էր Սահմանադրություն ոտնահարում

Այնպես է ստացվել, որ ՍԴ դատավորներից երկուսը, ում լիազորությունները փաշինյանական խմբավորումը վիճարկում է արդեն 2 տարի, Հայաստանի պետական էսթաբլիշմենթում երբեւէ եղած իմ ամենասիրելի մարդկանցից են, առհասարակ շատ սիրելի մարդկանցից` Ալվինա Գլուլումյանը եւ Ֆելիքս Թոխյանը: Տիկին Գյուլումյանին ճանաչում եմ Սահմանադրական դատարանից, լրագրողի հանգամանքով, պրն Թոխյանն իմ դասախոսն է եղել Կառավարման դպրոցում: 

Ալվինա Բալաբեկովնայի հետ կապված այնքան հետաքրքիր պատմություններ կան՝ ինչպես է իրավաբան դարձել բժշկի փոխարեն, ինչպես է դատավորի ու դատախազի կարիերան թողած՝ փաստաբանությունը նախընտրել, ինչպես է 29 տարեկանում Խորհրդային Հայաստանի Գերագույն դատարանի անդամ նշանակվել, Հայաստանի անկախացումից հետո՝ 1996-ին ստեղծվող Սահմանադրական դատարանի առաջին կազմում ընտրվել եւ այլն: Այդ մասին գրվել է, ինքս էլ եմ գրել, նորից կգրվի, բայց անձերն այս նյութի շրջանակից դուրս են` մեկ ուրիշ անգամ: 
Պրն Թոխյանի մասին էլ, վստահ եմ՝ ժամանակ կլինի պատմելու, գրելու, ընդամենը այն ասեմ, որ բոլոր այն դասախոսներից, ում կյանքում ինձ վիճակվել է ունկնդրել, ԵՊՀ-ից մինչեւ կարճատեւ դասընթացներ Բեռլինում, Լայպցիգում, Վարշավայում, Լոնդոնում, Կարդիֆում, Վաշինգտոնում եւ այլն, իմ ամենասիրելի դասախոսը եղել եւ մնում է Պետրոս Հովհաննիսյանը` Հայ ժողովրդի պատմության մեր դասախոսը ԵՊՀ-ում, երկրորդը` Ֆելիքս Թոխյանը` իրավագիտության դասախոսը Կառավարման դպրոցում: Նրանք ոչ թե գիտեին իրենց առարկաները, այլ ֆունդամենտալ կերպով գիտեին իրենց գիտությունները` պատմությունը եւ իրավունքը՝ որպես իմացության ընդհանրական ոլորտներ, եւ դրան զուգահեռ նյութն այնպիսի՜ հմայքով, հումորով, թեթեւությամբ մատուցելու կարողություն ունեին, որ 20 տարի հետո էլ տպավորությունն ու հիշողությունը վառ են մնում: 
Այդքանով էլ մարդկային հարթությունում ՍԴ-ի շուրջ կատարվողն ինձ համար շատ կոնկրետ անձերի պրիզմայով է երեւում: Կարծում եմ՝ փաշինյանական կիսագրագետ կադրերի ընդունած, հրապարակած թղթերը ՍԴ դատավորները կբողոքարկեն դատական կարգով, եւ եթե Հայաստանում դրանք ապօրինի կամ առոչինչ չճանաչվեն էլ, այդպիսին կճանաչվեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Գյուլումյանն էլ, Թոխյանն էլ, Հրանտ Նազարյանն էլ եթե որոշեն բողոքարկել, հազիվ թե չվերադառնան ՍԴ-ում իրենց պաշտոններին: 

Եթե չբողոքարկեն, դարձյալ դրամա չէ, ի վերջո՝ մարդիկ պաշտոնների գալիս են ու գնում, կյանքը ո՛չ դրանով սկսվում է, ո՛չ ավարտվում: Գյուլումյանն էլ, Թոխյանն էլ այնպիսի մարդկային արժեք, կենսագրություն, միտք, գործեր, հեղինակություն ունեն, որ կարող են աստվածաշնչյան պատգամի օրինակով կոշիկների փոշին էլ թափ տալ Փաշինյանի ու իր ամբոխի առջեւ ու հեռանալ: 

Փաշինյանի քաղաքական հաշվարկները 

Օրինաչափորեն, այս օրերին ամենքը շուրջբոլորը կրկնում են Սահմանադրության պահանջների ոտնահարմամբ ՍԴ գործունեությանը միջամտելու, ՍԴ-ի անկախությունը ոչնչացնելու, վերջնահաշվում պետության մեջ իշխանության բոլոր ճյուղերն ուզուրպացնելու փաշինյանական տենդի մասին: Առերեւույթ այդպես է: Սակայն ինքս չեմ կարծում, թե Փաշինյանի հաշվարկներն իրականում այդքան հեռուն գնացող են եւ իրավական, կարծում եմ՝ դրանք շատ ավելի մոտ են իր մաշկին եւ քաղաքական են: 

Ըստ իս, այսօր կատարվում է այն, որ Փաշինյանն ու ԱԺ-ում իր խմբակցությունը Ռոբերտ Քոչարյանի դատական հետապնդման ճանապարհին որեւէ խոչընդոտ բացառելու համար ջանում են կազմաքանդել ՍԴ ներկա կազմը` թերեւս հաշվարկելով, որ նոր անդամների նշանակմամբ այնպիսի կազմ կձեւավորվի, որը կբացառի Քոչարյանի դատական հետապնդման եւ հետագա ազատազրկման ճանապարհին իրավական որեւէ բարդության հարուցումը: Ընդսմին, Քոչարյանի հանդեպ մերժումն այնքան խորն է Հայաստանում, որ շատերի համար հանդուրժելի է անգամ Սահմանադրություն ոտնահարելը, ՍԴ-ն կազմաքանդելը, միայն թե Քոչարյանին դատապարտված տեսնեն: Փաշինյանը ոչ մի հեծանիվ չի հայտնագործում, նա ընդամենը այդ հանրային տրամադրությունն է շահագործում՝ իր դիրքերն ամրապնդելու համար, որովհետեւ վերջնահաշվում 2018-ից երկու տարի անց նա ոչ մի ձեռքբերում չունի վարչապետի պաշտոնում, բացի ՀՀԿ-ին իշխանությունից հեռացնելը եւ Քոչարյանին ազատությունից զրկված պահելը: Ամեն հերթական տապալմանն ի պատասխան, Փաշինյանն այդ հաղթաթղթերն է թափահարում՝ իր ընտրազանգվածին կոնսոլիդացնելու համար: 

Ճի՞շտ է վարվում․ իհարկե՝ ոչ: Արդյունավե՞տ է վարվում․ իհարկե՝ այո: Փաշինյանը, ի վերջո, իշխանության եկել է մերժելու, պատժելու, քանդելու կարգախոսներով, դա էլ անում է եւ կանի այնքան ժամանակ, քանի դեռ այդ կարգախոսները հասարակության մոտ աշխատում են: Հետեւաբար, մեծ նորություն չկա ՍԴ-ի դեմ Փաշինյանի քայլերի մեջ: Փաշինյանը հետապնդում է Ռոբերտ Քոչարյանին, քանի որ նրա քաղաքական գոյության հիմքում հենց ՀՀԿ-ի եւ Քոչարյանի հետապնդումն է ընկած: ՍԴ-ն էլ հանգամանքների բերումով հայտնվել է այդ հետապնդման խաչուղիներում, ընդ որում՝ հետապնդումը կասեցնելու կարողությամբ, ինչի համար էլ Փաշինյանը ոտնահարում է Սահմանադրությունը, միայն թե չեզոքացնի ՍԴ-ին եւ վերջինիս հնարավոր անցանկալի քայլերը: Իսկ քաղաքական շահագրգռությամբ Սահմանադրություն ոտնահարելու հարցում Փաշինյանը նախակարապետ չէ: 

Քոչարյանն էլ էր ժամանակին ոտնահարում 

Գրեթե ճակատագրի ծաղր է, բայց Փաշինյանից շատ առաջ ՀՀ նախագահի աթոռը զբաղեցնող Ռոբերտ Քոչարյանն էր նույնկերպ ոտնահարում ՀՀ սահմանադրությունը՝ անցանկալի անձերից ազատվելու, իշխանություն ուզուրպացնելու եւ իր քաղաքական նպատակները սպասարկելու համար: Այն, ինչ կատարվում է այսօր Փաշինյանի ձեռամբ, Քոչարյանի դեմ բումերանգ էֆեկտն է: Դեռ մի կողմ թողնենք, որ 1998-ի պալատական հեղաշրջումից հետո Քոչարյանը ՀՀ նախագահի պաշտոնի համար առաջադրվեց՝ չբավարարելով ո՛չ ՀՀ քաղաքացիության, ո՛չ էլ Հայաստանում ապրած լինելու սահմանադրական պահանջներին: Հետո էլ զանգվածային ընտրակեղծարարության արդյունքում ՀՀ նախագահ հայտարարվեց, ինչը Սահմանադրության կատարյալ ոտնահարում էր: Բայց դա էլ թողնենք մի կողմ: 

Ի՞նչ արեց Ռոբերտ Քոչարյանն այնուհետեւ, մասնավորապես՝ 2000-ի մայիսին: Հոկտեմբերի 27-ից հետո հայաստանցիների աչքում չունեցած հեղինակության փշուրներն էլ կորցրած, Արամ Սարգսյանի պարկեշտության հաշվին զինվորականների հաշվեհարդարից խուսափած, աթոռը եւ կյանքը պահպանած Ռոբերտ Քոչարյանը, ԱԺ-ում կատարված ահաբեկչությունից մոտ կես տարի անց, օգտվելով հանգամանքից, որ Հոկտեմբերի 27-ը հետաքննող իրավապահները նման հետեւողականություն չունեցան իրեն մեղադրանք առաջադրելու, իմփիչմենթի հարցով ԱԺ մտնելու եւ կալանավորելու, որոշեց անցնել հակահարձակման եւ դիրքերն ամրապնդել: Իսկ երկրում իր ազդեցությունը վերահաստատելու եւ իշխանության ղեկը նորից ձեռքը վերցնելու համար Քոչարյանին հարկավոր էր զինված ուժերի հանդեպ վերահսկողություն: Դա հնարավոր չէր ձեռք բերել առանց Վազգեն Սարգսյանի նշանակած նախարարին` Վաղարշակ Հարությունյանին հեռացնելու, իսկ նրան էլ հնարավոր չէր հեռացնել, քանի որ վերջինս վարչապետ Արամ Սարգսյանի հենասյունն էր, եւ վարչապետը նման առաջարկ չէր ներկայացնի: 

Գործող 1995թ. Սահմանադրության 54 հոդվածը սահմանում էր․ «Հանրապետության նախագահը. 
4) նշանակում եւ ազատում է վարչապետին։ Վարչապետի առաջարկությամբ նշանակում եւ ազատում է կառավարության անդամներին։ Ազգային ժողովի կողմից կառավարությանն անվստահություն հայտնվելու դեպքում քսանօրյա ժամկետում ընդունում է կառավարության հրաժարականը, նշանակում վարչապետ եւ կազմավորում կառավարություն»։
Արդյունքում ստեղծվել էր փակուղի` վարչապետ Սարգսյանը չէր ներկայացնի ՊՆախարար Վաղարշակ Հարությունյանին ազատելու առաջարկ, իսկ քանի դեռ զինված ուժերը Վաղարշակ Հարությունյանի վերահսկողության ներքո էին, Քոչարյանը չէր համարձակվի վարչապետի պաշտոնից ազատել Արամ Սարգսյանին, ով ժամանակին իր անձով կանգնել էր Քոչարյանի եւ վրիժառության հակված հրամանատարների միջեւ: Եվ Քոչարյանն ի՞նչ արեց: Արեց այն, ինչ այսօր իր դեմ անում է Փաշինյանը: Ոտնահարելով Սահմանադրության ամեն պահանջ, կարգավորում, իշխանության ճյուղերի հավասարակշռություն՝ Քոչարյանը հակաօրինական հրամաններով պաշտոնից ազատեց միաժամանակ ե՛ւ վարչապետին, ե՛ւ Պնախարարին, ե՛ւ ուզուրպացրեց գործադիր իշխանությունը, հետո էլ արդեն՝ օրենսդիր իշխանությունը, «շնորհիվ» հերթական դավաճանությունը կատարած եւ այժմ էլ Քոչարյանին սատարող ՀՀԿ-ի: Այնպես որ, Փաշինյանը նոր ոչինչ չի անում Սահմանադրության ոտնահարմամբ անցանկալի անձանց հեռացնել փորձելով ու ցանկալիներին ասպարեզ բերելով: 

ՍԴ-ի հանդեպ բացակայած հարգանքը

Կամ՝ ո՞վ երբեւէ կմոռանա, թե ինչպես Ռոբերտ Քոչարյանը 2004-ին ոստիկանության ուժերով ցրեց Բաղրամյան պողոտայում հավաքված հազարավոր ցուցարարներին, որոնք պահանջում էին ընդամենը ու միայն ՍԴ որոշումը հարգել, 2003-ի նախագահական ընտրությունների վերաբերյալ ՍԴ որոշման մեջ ամրագրված վստահության հանրաքվեն անցկացնել: Ի՞նչ եղավ ՍԴ որոշմանը Քոչարյանի պատասխանը․ եղավ հազարավոր երեւանցիների ու հայաստանցիների մահակներով, արցունքաբեր գազով, ջրցանով, ծեծով, բռնությամբ ցրելը: Այսինքն՝ Քոչարյանն այնքան էր օրինախախտ, որ ոչ միայն արտոնել էր վայրագ բռնություններ գործադրել ընտրությունների ժամանակ, հազարավոր ընտրատեղամասերում քվեարկության արդյունքներ կեղծել, սեւ քարոզչություն տանել ընտրություններում իր մրցակցի եւ ակնհայտ ֆավորիտի` Ստեփան Դեմիրճյանի դեմ, այլեւ այդ բոլորը փաստագրած ու ՍԴ տարված տասնյակ հատորների, հազարավոր փաստաթղթերի ու վկայություների ճնշման ներքո ՍԴ-ի ընդունած մի թույլ պլեբեսցիտ անցկացնելու հնարավորությունն էլ որոշել էր բացառել: 

Սա է եղել Քոչարյանի հարգանքը ՀՀ սահմանադրության ու Սահմանադրական դատարանի հանդեպ: Եվ ճակատագրի հեգնանք է, որ այսօր Քոչարյանն իր ճակատագրով զգալիորեն կախված է այդ նույն Սահմանադրական դատարանից: Առհասարակ, եթե Տեր-Պետրոսյանը ճակատագրական սխալ չգործեր եւ Հայաստան չբերեր Քոչարյանին, Հայաստանում որքան բան այլ կերպ կընթանար, եւ նա էլ հիմա Փաշինյանի ու դատական համակարգի ձեռքում չէր տառապի: Բայց եղել է այն, ինչ եղել է: Մնում է նայել առաջ, թե ինչ կլինի ապագայում: