Պետական կառավարման համակարգի և պետական ծառայության տրանսֆորմացիան Հայաստանում

Պետական կառավարման համակարգի և պետական ծառայության տրանսֆորմացիան Հայաստանում

ՄԱՍ 5

Պետական կառավարման համակարգը շատ նուրբ օրգանիզմ է, ուստի չի կարելի նրա հետ անզգույշ վարվել: Չի կարելի այն ցնցել՝ չունենալով պլանավորված գործողությունների ու ակնկալվող արդյունքների մասին հիմնավոր ու հստակ պատկերացումներ:
1999-2002թթ. իրականացված մեծամասշտաբ, երբեմն «ցավոտ», բայց ապագային միտված բարեփոխումներն անհրաժեշտ էր զարգացնել։ Այդ փուլում պետական կառավարման մարմիններում իրականացվել էին գործառութային վերլուծություններ, որոնք հնարավորություն էին տվել բացահայտել կրկնվող, ավելորդ եւ տվյալ մարմնին ոչ բնորոշ գործառույթները: Նախարարություններում ձեւավորվել էին գործակալություններ եւ տեսչություններ, որոնց գործունեությունը պետք է սահմանափակվեր ծառայությունների մատուցման, կանոնակարգման եւ վերահսկողական ու տեսչական գործառույթների իրականացմամբ: Կառավարման մարմինների համակարգում գործող բազմաթիվ հիմնարկներ վերակազմավորվեցին պետական ոչ առեւտրային կազմակերպությունների եւ դրանցից տարանջատվեցին կառավարչական գործառույթները, միասնականացվեցին նախարարությունների կառավարման կառուցվածքն ու օրինակելի կանոնադրությունը:

Սա մի գործընթաց էր, որը պահանջում էր միջազգային հաջողված փորձի ուսումնասիրություն եւ լրջագույն փորձաքննություն, եւ կարեւորագույնն այն էր, որ խնդիրն ամբողջովին գիտակցված էր ու գնահատված: Վարչական բարեփոխումն այսրոպեական իրադարձություն չէ, այլ հետեւողականորեն տարվող գործընթաց: Սա այն ոլորտն է, որտեղ պետք է առավելագույնս զերծ մնալ պոպուլիստական լոզունգներից, ընդհանուր ու վերացական ծրագրերից՝ սահմանելով հստակ, հասկանալի եւ չափելի առաջադրանքներ:

Փոփոխությունների կառավարման մասշտաբային եւ ընդգրկուն այս գործընթացը ենթադրում էր շարունակական եւ բավարար քաղաքական կամք, որը, բարեբախտաբար, առկա էր հանրապետության քաղաքական ղեկավարության գործողություններում:
Բնության մեջ եւ մարդկային հասարակություններում նորարարությունները հեշտությամբ չեն հարթում իրենց ճանապարհը: Ոչ միշտ եւ ոչ բոլորն են կարողանում հրաժարվել պահի թվացյալ կոմֆորտից, ինչը նրանց զրկում է ապագայի տեսլականից՝ թողնելով անցյալի մշուշներում:
Մրցունակ են այն պետություններն ու հասարակությունները, որոնք գնում են ոչ թե մարտահրավերների ետեւից եւ հաճախ դառնում դրանց պատանդը, այլ կարողանում են կանխատեսել դրանք՝ ժամանակին չեզոքացնելով ռիսկերն ու դրանց հնարավոր բացասական հետեւանքները:

2000-ականների Հայաստանն աչքի էր ընկնում իր սոցիալ-տնտեսական շոշափելի ցուցանիշներով, տնտեսական բավականին հավակնոտ ծրագրերով եւ կառավարման համակարգի արդիականացման նշանակալի ու առաջանցիկ քայլերով:

Այս զարգացումները պարտադրում էին ունենալ պրոֆեսիոնալ, դինամիկ, նախաձեռնող, ստեղծագործ եւ արդյունավետ կառավարման համակարգ: Կառուցվածքային լուծումների կենսունակությունը հիմնականում կախված էր լինելու կառավարման ուղղահայացի բոլոր մակարդակներում տեղ գտած մարդկային ռեսուրսների գործնական ու մասնագիտական որակներից, նրանց փորձառությունից ու հմտություններից, որպես պետական ծառայող դրսեւորած վարքագծից ու գործին անմնացորդ նվիրվելու կարողությունից:

Հանրային ծառայության առանձին տեսակները կանոնակարգող օրենսդրությունն իր նորամուծություններն էր բերել մեր կյանք: Ներդրվել էր թափուր պաշտոնների համալրման մրցութային կարգը, սահմանվել էին պետական ծառայողների պարտադիր վերապատրաստման ու ատեստավորման պահանջներն ու ընթացակարգերը: Հստակ սահմանվել էին այն պահանջները, որոնց պետք է բավարարեին այս կամ այն պաշտոնը զբաղեցնողները կամ դրանց հավակնողները: Առանցքում պաշտոնի անձնագիրն էր, բոլոր վերապահումներով հանդերձ, հաջողված մի գործիք, որը հնարավորություն էր տալիս սահմանել մասնագիտական գիտելիքների, աշխատանքային հմտությունների եւ ունակությունների անհրաժեշտ պահանջներն ու չափանիշները։
Պետական կառավարման մարմիններում քաղաքացիական ծառայության անցման եւ ներդրման այս փուլում, ի թիվս տարաբնույթ ու բազմատեսակ այլ խնդիրների, ի հայտ եկան նաեւ մի շարք արատավոր երեւույթներ։ Եզակի չէին դեպքերը, երբ այս կամ այն մակարդակի պաշտոնին առաջադրված պահանջներին բավարարելու մղումով մարդիկ գնացել էին պատժելի եւ պարսավելի ճանապարհով։ Խոսքը վերաբերում է բարձրագույն կրթության մասին վկայող փաստաթղթի՝ դիպլոմի, ինչպես նաեւ` աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի կեղծումներին։

Գաղտնիք չէ, որ մեզանում եւ թերեւս մեր տիպի հասարակություններում կադրերի ընտրության հարցը մշտապես եղել է շատ զգայուն։ Նոր իրավակարգավորումներն ու պետական ծառայության ինստիտուցիոնալացումը խնդիր ունեին այս գործընթացը դարձնել հասկանալի, բաց եւ թափանցիկ։
Թափուր պաշտոնների համալրումն այլեւս պետք է իրականացվեր հրապարակայնորեն՝ հանրության համար մատչելի եւ հասանելի դարձնելով մրցույթների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը։ Սկզբնական փուլում այդ ամենն ապահովում էինք այդ նպատակով ստեղծված «Քաղաքացիական ծառայություն» շաբաթաթերթի, այնուհետեւ նաեւ՝ Քաղաքացիական ծառայության խորհրդի պաշտոնական ինտերնետային կայքի միջոցով։

Կարեւորելով պետական ծառայության պաշտոններում կադրերի ընտրության գործում քաղաքացիական հասարակության մասնակցությունը՝ օրենքով սահմանվել էր հասարակական կազմակերպությունների, գիտական եւ ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների ներգրավումը մրցութային եւ ատեստավորման հանձնաժողովների կազմերում։ Ներդրված էր դիտորդների ինստիտուտը, որը տարիներ շարունակ գործեց անխափան եւ առանց որեւէ խոչընդոտի։ Մրցութային դահլիճների դռները մշտապես բաց են եղել նաեւ լրատվամիջոցների առջեւ։

Տարիների հեռվից ավելի տեսանելի եւ գնահատելի է դարձել Քաղաքացիական ծառայության խորհրդի եւ հասարակական կազմակերպությունների ու լրատվամիջոցների միջեւ ձեւավորված առողջ գործընկերային հարաբերությունների նշանակությունը։ Դա մեզ հնարավորություն էր տալիս վերհանել առկա բացերը, կատարել համապատասխան բարեփոխումներ, կատարելագործել լուծումները եւ ճանապարհ հարթել մեզանում արմատավորված կարծրատիպերը հաղթահարելու ուղղությամբ։ Սա բավականին լուրջ ու ծանրակշիռ հանգամանք էր այս նոր, բարդ, հասարակությանն անծանոթ, շատերի, այդ թվում՝ չինովնիկների մտածողությանը խորթ, ձեւավորված ավանդույթներին հակոտնյա համակարգը ներդնելու եւ կայացնելու համար։
Հեշտ չէր չեզոքացնել տասնամյակներով արմատավորված հովանավորչության ու նեպոտիզմի դրսեւորումները, հաղթահարել, այսպես կոչված, մերձավորության սկզբունքը, մարդկանց ըստ կուսակցական պատկանելության առաջմղման հիվանդագին տենդը։

Պետական ծառայության պաշտոնները պետք է զբաղեցնեն մարդիկ, որոնց համար պաշտոնը ոչ թե լոկ զբաղվածության ու սոցիալական խնդիրներ լուծելու հնարավորություն է, այլ՝ կոչում, առաքելություն եւ նվիրում։

Խոստովանենք՝ մարդու մասնագիտական որակները չափելն ու գնահատելը բարդ գործընթաց են, իսկ մարդկային տեսակը՝ դժվար չափելի, բարդ, սակայն չափազանց կարեւոր, հատկապես՝ այսօր։
Այո՛, պետական պաշտոնյաները պետք է լինեն իրական նվիրյալներ, եւ դա վերաբերում է բոլորին՝ շարքային քաղաքացիական ծառայողներից մինչեւ երկրի ղեկավար։ Նրանց, ում հասու չէ այս աքսիոմատիկ ճշմարտությունը, կարելի է միայն կարեկցել։

Կառավարման համակարգը պետք է զերծ լինի պոպուլիստ ու դեմագոգ, քծնող ու շողոքորթող, ամբարտավան եւ ինքնասիրահարված դիլետանտներից։ Այս դեպքերում էր, որ նաեւ նախկինում հաճախ հնչեցնում էի այն միտքը, որ կա մարդու տեսակ, որին հակացուցված է լինել պետական ծառայող։

Շարունակելի

Մանվել ԲԱԴԱԼՅԱՆ