Մնա տանը՝ դիտիր թատրոն

Մնա տանը՝ դիտիր թատրոն

Հայաստանյան որոշ թատրոններ հանդիսատեսի հետ կապը փորձում են պահպանել առցանց ներկայացումների միջոցով: Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Փելեշյանը մեզ հետ զրույցում ասաց, որ սկզբնական շրջանում թատրոնի տնօրենի և գեղարվեստական ղեկավարի հետ քննարկել են, թե որքանով է նպատակահարմար ներկայացման մատուցման այդ եղանակը: Քանի որ ունեն պրոֆեսիոնալ կերպով նկարահանած բեմադրություններ, փորձել են հեռարձակել «Լիր արքան», բայց տեխնիկական խնդիրների պատճառով վիրտուալ ցուցադրությունը շարունակություն չի ունեցել: Փոխարենը ընտրել են մեկ այլ ձևաչափը: «Ֆորտունա» Լոռու մարզային հեռուստաընկերությամբ հեռարձակելու են թատրոնի խաղացանկային սիրված ներկայացումները:

«Ֆորտունա» հեռուստաընկերությունը ողջունել է գաղափարը: Ապրիլի 10-11-12-ին հեռարձակվելու են «Լիր արքա», «Աշնանային իրիկնամուտ», «Ռուզան» ներկայացումները: Դրանք հնարավոր կլինի դիտել նաև հեռուստաընկերության պաշտոնական կայքէջում։ Առցանց դիտմանը կարող եք հետևել նաև թատրոնի ֆեյսբուքյան էջում։ «Ֆորտունան» սպասարկում է Լոռու մարզին, նաև մալուխային հեռարձակում է իրականացնում: Գոռ Փելեշյանը ընդգծում է, որ ներկայացումները ցուցադրելու եթերային ձևաչափը ընտրելիս՝ հաշվի են առել նաև մարդկանց այն խմբին (մանավանադ ավագ սերնդի ներկայացուցիչներին), որոնք չեն օգտվում համացանցից: Չի բացառվում, որ նախագիծը նաեւ շարունակական դառնա: