Ռուսաստանը փորձում է ամեն ինչ անել, որ արցախահայերը վերադառնան, բայց չի ստացվի

Ռուսաստանը փորձում է ամեն ինչ անել, որ արցախահայերը վերադառնան, բայց չի ստացվի

«Հրապարակի» զրուցակիցը քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն է։

- Նիկոլ Փաշինյանը բրիտանական The Telegraph-ին տված հարցազրույցում ասել է, որ Ադրբեջանի նախագահի՝ հունվարի սկզբին ադրբեջանական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում արած հայտարարությունները հարված էին խաղաղության գործընթացին։ Ի՞նչ է դա նշանակում:

- Ադրբեջանի արած ոչ մի հայտարարություն խաղաղության գործընթացին չի խոչընդոտել: Ադրբեջանը եւ նրա թիկունքում կանգնած Թուրքիան սպասում են Ուկրանիայում ռուսական գործողությունների արդյունքին, որպեսզի տեսնեն, թե ինչ քաղաքականություն են իրականացնելու Արցախի հետ կապված, դրա համար էլ հետաձգվում է խաղաղության պայմանագիրը: Խաղաղության պայմանագիրն Ադրբեջանը հենց այսօր էլ կարող է ստորագրել, բայց չի ստորագրի: Խաղաղության պայմանագիրը 2 տարբերակ ունի՝ ռուսական եւ արեւմտյան: Հայաստանը ցանկանում է արեւմտյան տարբերակը ստորագրել, Ադրբեջանը չի ցանկանում: Եթե Ռուսաստանը հաղթի պատերազմը` ժամկետ դժվարանում եմ նշել, ապա, բնականաբար, վերաբերմունքը դեպի Արցախի հարցը՝ ուժեղանալու է: Չի բացառվում, որ Հայաստանում լինեն իշխանափոխության խնդիրներ, եւ նոր իշխանությունը կարող է խաղաղության պայմանագիրը հաշվի չառնել, դրա համար էլ Ադրբեջանը սպասում է: Իսկ Հայաստանի իշխանություններն ուզում են օր առաջ խաղաղության պայմանագիրը ստորագրել, որպեսզի այդ փաստաթուղթը ցույց տան Ռուսաստանին՝ ասելով, որ այլեւս ռուսական ռազմաբազայի կարիքը Հայաստանը չունի, Հարավային Կովկասում արդեն խաղաղություն է: Բայց Ադրբեջանն այդ հաճույքը չի տա, նա հետաձգելու է: Հիմա ասում է՝ Սահմանադրությունը փոխեք, հետո կասի` մեկ այլ բան փոխեք, այնքան, մինչեւ Ուկրաինայում պատերազմը վերջանա:

- «Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է ԵՄ-ի հետ լինել այնքան մոտիկ, ինչքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի»,- ասել է Փաշինյանն իր հարցազրույցում: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

- Ես հասկանում եմ, որ դա լուրջ չէ, որովհետեւ պատրաստությունը խոսքերով չեն արտահայտում, պատրաստությունը գործերով են արտահայտում: Իսկ Հայաստանի իշխանությունները ԵՄ-ի հետ այս պահի դրությամբ համագործակցության որեւէ իրական, տեսանելի քայլ չեն անում, ավելին` նախկին իշխանությունների ժամանակ կնքված ԵՄ-ի համագործակցության պայմանագիրը, որը կնքվեց 2017 թվականի նոյեմբերին, անգամ այդ պայմանագրի կետերը չեն կատարվել այս տարիների ընթացքում կամ շատ քիչ են կատարվել: Դրա համար նրա խոսքերին ոչ ոք չի հավատում:

 - Հայ ժողովուրդը դեռ չի հաղթահարել Արցախի կորստի ողբերգական հետեւանքները, Ադրբեջանը կրկին պահանջներ է ներկայացնում, հիմա էլ Հայաստանի Հանրապետության նկատմամբ` այն անվանելով «Արեւմտյան Ադրբեջան»: Ի՞նչ սպասել այս ամենից:

- Ասել է ու կասի եւ սպասում է Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատերազմի արդյունքին, որ ըստ դրա որոշի իր անելիքը: Եվ որպեսզի այդ ընթացքում պարապ չմնա, ձեռքի հետ Հայաստանից ինչ կարողանում` պոկում է: Չի բացառվում, որ վաղն ասի՝ Վարդենիսի անունը փոխեք, դարձրեք Բասարգեչար:

- Ռուսաստանում խոսում են արցախցիների` հայրենիք վերադառնալու մասին: ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը մասնավորապես ասել է, որ անհրաժեշտ է լուծել արցախցիների իրավունքների ու անվտանգության ապահովման հարցերը: Ի՞նչ կարծիքի եք` դա հնարավո՞ր է:

- Բնականաբար, ոչ մի արցախցի չի գնա Ադրբեջանին ինտեգրվի եւ ադրբեջանական անձնագիր վերցնի, Ռուսաստանի խաղաղապահների հսկողության տակ այդտեղ մնա, քանի դեռ պայմանները չեն կատարվել, առաջինը՝ Ստեփանակերտում չի իջել Ադրբեջանի դրոշը, չի վերականգնվել Արցախի Հանրապետությունը, չի վերականգնվել Արցախի բանակը, մի բան, որը թույլ չի տալու Ադրբեջանը: Եթե արցախահայությունը չի վերադառնալու, նշանակում է խաղաղապահներն այդտեղ անելիք չունեն, եւ 2025 թվականի նոյեմբերի 9-ին լրանում է նրանց պայմանագրի ժամկետը, նոյեմբերի 10-ից պետք է լքեն այդ տարածքը: Ահա, նրանք փորձում են արցախահայերին հետ բերել, իսկ արցախահայերը, որոնք տեսան, թե սեպտեմբերի 19-ին ինչպես էին ռուս խաղաղապահները լուռ, դիտորդի կարգավիճակով կանգնած նայում, թե ինչպես են ադրբեջանցիները սպանում նրանց, եւ ոչ մի բան չարեցին՝ պատճառաբանելով, որ Նիկոլ Փաշինյանն Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում, եթե այն ժամանակ ոչինչ չեն արել, հիմա էլ ոչինչ չեն անի: Այս պայմաններում արցախահայությունը չի վերադառնա, եւ Ռուսաստանն էլ լավ հասկանում է՝ եթե ինքը չկարողացավ արցախահայությունը հետ բերել, նշանակում է հեռանալու է Արցախից նոյեմբերի 9-ից հետո, իսկ դա նշանակում է, որ ինքը մնում է կախված Հայաստանի իշխանությունների քմահաճույքից: Որովհետեւ, եթե Հայաստանից ռազմաբազան էլ դուրս բերվի, ուրեմն Ռուսաստանը Հարավային Կովկասն ամբողջովին զիջում է, իսկ զիջել կարող է միայն Արեւմուտքին: Այսինքն՝ Արեւմուտքն է ուժեղանում, ինչը Ռուսաստանի համար ցանկալի չէ: Դրա համար Ռուսաստանն ամեն ինչ փորձում է անել, որ արցախահայերը վերադառնան, բայց չի ստացվի:

- Թուրքիան Հայաստանին է փոխանցել Անիի պատմական կամրջի վերականգնման իր պատկերացումները: Մինչ այս կամրջի վերականգնման նախագիծը փաստացի սառեցված էր, ըստ Ձեզ, ի՞նչ ակնկալել այս ամենից:

- Ոչ մի բան, ժամանակի ձգձգում, ընդամենը կարող են ասել, որ կամուրջը վերանորոգենք, փիառ ակցիա անենք, դա նաեւ թուրքերին է պետք, որ ցույց տան, թե Հայաստանի հետ հարաբերությունները լավացնում են, եւ այլն: Իրականում դրանից ոչ մի բան պետք չէ սպասել: Մինչեւ Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությունները չավարտվեն, մինչեւ խաղաղության պայմանագիրը կամ նման ինչ-որ փաստաթուղթ Ադրբեջանի հետ չկնքվի, հայ-թուրքական հարաբերություններում ոչինչ մի սպասեք:

- Այս իշխանությունն ամեն օր մի նոր հայակործան օրենք է ընդունում, ընդհուպ սահմանադրական փոփոխություն, անգամ փառքի անկյուններից հերոսների նկարներն իջեցնելու հրահանգ է տրվել: Ի՞նչը կարող է կանգնեցնել նրանց:

- Ամեն ինչ էլ անում են, որպեսզի արցախյան պատերազմի հետ կապված բոլոր հուշերը վերացվեն, դա իրենց քաղաքականությունն է, շարունակելու են իրենց քաղաքականությունը տարբեր ոլորտներում, մինչեւ հնարավոր իշխանափոխություն: Եթե եղավ իշխանափոխություն, եւ եկավ նոր իշխանություն, որն ազգային նպատակներով է առաջնորդվում, այդ ամենը մեկ օրում հետ կպտտի: Եթե չեկավ այդ իշխանությունը, մնացին գործող իշխանությունները, ապա այդ քաղաքանությունը կշարունակվի:

- Ըստ Ձեզ, ի՞նչը կբերի իշխանափոխության:

- Ուկրաինայում ռուսական զորքերի հաղթանակը, դա էլ 100%-ով չէ: Երբ որ Ռուսաստանն ամբողջովին ազատ լինի Ուկրաինայի խնդրից եւ ուշադրություն դարձնի երկրորդ ճակատին՝ Հարավային Կովկասին: Միայն դա, քանի որ հասարակությունն այլեւս չունի այն ուժը, որ Հայաստանում իշխանություն փոխի: