Ըստ Սաքունցի՝ բոլոր կրոնական կազմակերպությունները պիտի հավասար լինեն

Ըստ Սաքունցի՝ բոլոր կրոնական կազմակերպությունները պիտի հավասար լինեն
Աղանդ բառի գործածումը իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն անընդունելի է համարում և վերջերս էլ Նիկոլ Փաշինյանի գործածած «աղանդ» բառը կրկին անգամ անընդունելի համարեց։ Նա  բարձրաձայնում է, որ փոխարենը պետք է օգտագործվի «կրոնական կազմակերպություն» արտահայտությունը՝ չվիրավորելու համար վերջիններիս։ Իսկ իրավապաշտպան Արթուր Սաքունցի տեսակետով, որն արտահայտել էր դեռևս 12.02.2018թ  Արդարադատության նախարարության կողմից e-draft.am կայքում հրապարակված «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի նախագծի շուրջ քննարկման ժամանակ, կրոնական կազմակերպությունների մուտքը փակ հաստատություններ, այդ թվում նաև ՀՀ զորամասեր քարոզ իրականացնելու նպատակով նորմալ է, և իրավապաշտպանն այդ հարցի շրջանակում անվտանգություն ապահովելու խնդիր չի տեսնում։



Գրեթե վստահ եմ, որ Սաքունցը քաջատեղյակ է այն կրոնական կազմակերպություններից, որոնք գրանցված են ՀՀ-ում և որոնց հետևորդները հրաժարվում են զենք վերցնել նույնիսկ պատերազմի ժամանակ։



Եվ այս քարոզի կոչը Սաքունցը փորձ է անում ներարկել մի երկրում, որտեղ ապրիլյան քառօրյա պատերազմն անկանխատեսելի էր ու ցավոտ հիշողություններ թողեց։



Եթե Առաքելական եկեղեցու հետևորդը դեմ չէ զենք վերցնելուն, դեռ ավելին, հոգևոր հայրերն են օրինակ ծառայում երկրի սահմանները թշնամու հարվածից պաշտպանելու համար, ապա, օրինակ՝ Եհովայի վկաները հրաժարվում են զինվորական ծառայությունից և հետևաբար զենք կիրառելուց։



Ըստ Սաքունցի նաև պետք է հավասար լինեն բոլոր կրոնական կազմակերպությունների դիրքերը և Առաքելական Եկեղեցին չունենա գերիշխող դիրք։ 



Մեր իրավապաշտպանների պահանջը հետևյալն է, որ քաղաքացին ազատ լինի ընտրելու իր համար կրոնական ուղղվածություն։ 



Սակայն, գրեթե վստահ եմ, որ մեզնից և ոչ մեկը երբևէ չի հանդիպել այնպիսի քաղաքացու, որին Առաքելական Եկեղեցին ստիպողաբար, գայթակղությամբ կամ խաբեությամբ դարձնի իր հետևորդը։ Իսկ կրոնական կառույցներից  շատերը հենց գայթակղության ճանապարհն են ընտրում մարդկանց իրենց շարքերը ներգրավելու համար։



Իրավապաշտպանների բառից բուն իմաստով պահանջած հավասարությունը տարակուսելի է հատկապես Արթուր Սաքունցի հնչեցրած արտահայտության շրջանակում՝ չարգելելու կրոնական կազմակերպությունների մուտքը ՀՀ զինված ուժերում։



**Նարա Մարտիրոսյան**