Միայն ապրի գաղափա՞րը

Միայն ապրի գաղափա՞րը
«Նրա որոշ հայտարարություններում ես տեսնում եմ, որ նա փորձում է հեռու պահել իրեն խնդրից, այն ղարաբաղյան կողմի վրա դնել: Բայց դա չի հաջողվի անել, ղարաբաղյան հակամարտությունում, Ղարաբաղի անվտանգության ապահովման հարցում Հայաստանի ներգրավվածության աստիճանն այնքան մեծ է, որ չի ստացվի դրանից խուսափել: Ոչ ոք՝ ոչ համանախագահները, ոչ միջազգային հանրությունը դա լուրջ չի ընդունի: Հետեւաբար ավելի լավ է ձեւակերպել ընդհանուր դիրքորոշում, այն համաձայնեցնել Ղարաբաղի հետ եւ խստորեն հետեւել դրան»- Lenta.ru-ին տված հարցազրույցում այսպես է արտահայտվել երկորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը ԼՂ հարցում:



[https://www.1in.am/2451142.html](https://www.1in.am/2451142.html)



Առայսօր Նիկոլ Փաշինյանը մի կարեւոր շեշտադրում է արել՝ որ չի կարող եւ չի պատրաստվում բանակցել Լեռնային Ղարաբաղի անունից: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հակադարձում է, որ դա չի հաջողվի անել, որովհետեւ ԼՂ հակամարտության մեջ Հայաստանի ներգրավվածությունը մեծ է: Թարգմանաբար դա նշանակում է, որ Հայաստանը պատասխանատու է հետպատերազմական իրողությունների համար, ուստի ոչ համանախագահները, ոչ միջազգային հանրությունը լուրջ չեն ընդունի դա ղարաբաղյան կողմին վերապահելու՝ Նիկոլ Փաշինյանի մոտեցումը: Արտառոց է, որ երկրորդ նախագահը վստահաբար խոսում է համանախագահների եւ միջազգային հանրության անունից, որոնք, ի դեպ, մեկ անգամ չէ, որ ասել են, թե կարգավորման մի որոշակի փուլում Լեռնաային Ղարաբաղի ներգրավվածությունը բանակցություններին կլինի անխուսափելի: Հարց է առաջանում՝ որտեղի՞ց է գալիս Քոչարյանի վստահությունը: Կա՞ ինչ-որ փաստաթղթավորված երաշխիք, որ Հայաստանը տվել է միջնորդներին, թե հանձնառու է առկա ստատուս-քվոյի համար եւ բանակցություններում հանդես է գալիս նաեւ Լեռնային Ղարաբաղի անունից՝ դժվար է հաստատել կամ հերքել, բայց փաստ է, որ Հայաստանի պատասխանատվությունից անխուսափելիության մասին վստահաբար խոսում է նաեւ Ադրբեջանը՝ լուրջ նշանակություն չտալով բանակցություններին ԼՂ ներգրավվաածության անհրաժեշտության մասին Նիկոլ Փաշինյանի խոսքերին: Առնվազն տարօրինակ է, որ նույն առանցքային խնդրի շուրջ երկրորդ նախագահի եւ Ադրբեջանի գործող իշխանության մոտեցումները մեթոդաբանական առումով նույնական են: Տարբեր են միայն ձեւակերպումները. Ռոբերտ Քոչարյանը բարձր աստիճանի է բնութագրում հակամարտության մեջ Հայաստանի ներգրավվածությունը, իսկ Ադրբեջանը Հայաստանին ուղղակի մեղադրում է «տարածքային հավակնությունների իրացման համար զինված ագրեսիայի դիմելու եւ զաբթողական քաղաքականության մեջ»:



Նիկոլ Փաշինյանը փորձում է շտկել իրավիճակը, կարգավորումը բերել այն տրամաբանությանը, որը միջազգային հանրությունը, ի դեմս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ձեւակերպել է այնպես, որ Հայաստանը պետք է օգտագործի ԼՂ վրա ազդեցությունը, որպեսզի վերջինս համաձայնի հետագա քայլերին: Այս հիմքով են միջնորդները ներկայացրել ԼՂ հակամարտության զինված փուլին վերջ դնելու մասին Համաձայնագրի նախագիծը: Այդ հետո՝ արդեն Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում է, որ ապագա համաձայնությունների կողմ սկսեցին դիտարկել միայն Հայաստանին եւ Ադրբեջանին՝ դրանից բխող իրավա-քաղաքական պարտավորություններով հանդերձ: Այդ հետո է, որ «Լեռնային Ղարաբաղի զինված ուժեր» ձեւակերպման փոխարեն միջնորդներն սկսեցին օգտագործել «հայկական զինված ուժեր» սահմանումը: Եւ մադրիդյան սկզբունքներով է, որ պայմանավորվում են ոչ թե «կողմերը»՝ ինչպես որ արձանագրված էր 1997թ. Համաձայնագրի նախագծում, այլ՝ «Հայաստանը եւ Ադրբեջանը»: Երկրորդ նախագահը փաստացի պնդում է, որ ոչինչ փոխել հնարավոր չէ, ամեն ինչ պետք է մնա՝ ինչպես որ պայմանավորվածություն է ձեռք բերվել իր օրոք: Ինչպես Օտյանի հերոսն է ասում.



-Թող կործանվի Ծապլվարը, միայն ապրի գաղափա՞րը:



Մինչդեռ տրամաբանական եւ շատ ցանկալի կլիներ, եթե պաշտոնաթող նախագահն իր հնարավորություններն ի սպաս դներ, որպեսզի ԼՂ կարգավորման հայեցակարգը եւ բանակցային ձեւաչափը փոփոխության ենթարկվեին՝ ի նպաստ հայկական կողմերի շահերի: