Գոլորշի՞, թե՞ փոշի. Հրազդանի ցեմենտի գործարանը ինտենսիվ աշխատում է

Գոլորշի՞,  թե՞  փոշի. Հրազդանի ցեմենտի գործարանը ինտենսիվ աշխատում է
Արդեն մի քանի օր է, ինչ Հրազդանի ցեմենտի գործարանը աշխատում է: Հրազդանցիները մեզ հետ զրույցում ասացին` պետք է անպայման ստուգվի, թե ինչպես է աշխատում գործարանը, արդյոք տեղադրվե՞լ են ֆիլտրերը. «Ամիսներ առաջ ֆիլտրեր բերեցին եւ խոստացան, որ այն տեղադրելուց հետո փոշի շատ չի լինի, կարծես նույն ձեւով աշխատում է գործարանը: Եթե հիմա փորձեն չափումներ անեն, թե որքան փոշի է դուրս գալիս գործարանից, չափումները կլինեն նորմայի սահմաններում, քանի որ անձրեւներ են: Պետք է ստուգել, արդյոք տեղադրվա"ծ են բոլոր ֆիլտրեը եւ որքա՞ն է օդում փոշի պարունակում»,- ասում էին հրազդանցիները:



Մինչ հրազդանցիները նշում էին, որ գործարանը կրկին աղտոտում է մթնոլորտն ու շրջական միջավայրը, գործարանի տնօրեն Հայկազ Հովասաֆյանը հավաստիացնում է, որ դա ոչ թե փոշի է, այլ՝ գոլորշի. «Մենք նոր ֆիլտրեր ենք տեղադրել, դա ծուխ չի, գոլորշի է: 1 խորանարդ տոննայի մետ 38% ջուրն է, չհաշված մնացած հումքային մասերը՝ կրաքար, կավ եւ այլ հումք, որոնց մեջ 9% ջուր է պարունակում: Ստացվում է, որ մոտ 420 կգ ջուր կա, որը պետք է չորացվի, որ ստանաք չոր մնացորդ: Ասում են՝ սպիտակ ծուխ ա ելնում, դա ծուխ չի, կրկնում եմ, գոլորշի է: Արտանետումների ժամանակ կարող է 1 % - չափով փոշի լինել, որ թույլատրելի սահման է: Չի կարող էդ խողովակից գոլորշի դուրս չգա, բա մենք էդ ջուրն ի՞նչ անենք, թաց եղանակով ցեմենտ արտադրող գործարան է:



**-Պարո´ն Հովասաֆյան, նոր ֆիլտրեր տեղադրելուց հետո գործարանը կրկին ընդատումներով կաշխատի՞, թե՞ ողջ տարի կաշխատի:**



-Գործարանի ընդատումներով աշխատելը պայմանավորված չի ֆիլտր տեղադրելուց: Մեր հզորությունը 1.2 մլն. տոննա է: Մենք 2 վառարան ունենք, բայց հիմա աշխատում ենք 1 վառարանով: Մոտ 600 հազար տոննա է, որի պահանջարկը չկա Հայաստանի շուկայում, իսկ գազի եւ էլեկտրաէներգիայի բարձր գներից մենք չենք կարող լինել մրցակցային: Արտահանման հետ կապված խնդիրներ ունենք: Պարսկաստանից ներմուծվող ցածր արժեքով եւ ցածր որակի ցեմենտը մեզ խանգարում է ներկայանալու հայկական շուկայում: Եթե կա ԳՈՍՏ, ասենք պետք է կառուցվի շենք-շինություն, դա Հրազդանի ցեմենտի գործարանը հնարավորություն է տալիս, մենք ունենք բարձր որակի հատուկ նշանակության ցեմենտ: Խնդիրը նրանում է, որ հատուկ նշանակության ցեմենտները չեն օգտագործվում այնտեղ, որտեղ իրենք պետք է օգտագործվեն: Ներկրում են պարսկական ցեմենտ, որը խանգարում է Հայատանում մեր վաճառքը իրականացնելու համար: Մարդիկ ասում են շատ լավ է պարսկական ցեմենտը, մարկեն պահում են, բայց մարկայից բացի ցեմենտի մեջ կան նաեւ քիմիական նյութեր, որոնք շրջակա միջավայրի ազդեցության դեպքում իրենք իրենց ապահովում են իքս տարի, որ իրենք կարող են աշխատել: Եթե ցեմենտը պետք է աշխատի 70-100 տարի, մենք ոչ մեկս չգիտենք, թե ինչ է լինելու 10 տարի հետո: Պարսկաստանից ցեմենտը բերում են, փոխանակ տանեն լաբորատորիա մանրակրկիթ հետազոտման, շինարարը կամ կազմակերպությունը տանում է եւ օգտագործում: Մենք չենք կարող ցածր արժեքով ցեմենտ վաճառել, գազը եւ էլետրաէներգիան ինքնարժեքի մեջ 70% են զբաղեցնում:



**-Ցեմենտի գնի փոփոխություն կլինի՞:**



-Ես ինչ աշխատում եմ, ցեմենտի արժեք չենք բարձրացրել: Մեզ մոտ 1 տոննա ցեմենտը 50հազար դրամ է:



**-Նշեցիք, որ արտահանման հետ կապված խնդիրներ կան, ի՞նչ քայլեր եք ձեռնարկում այս ուղղությամբ:**



-Քննարկում ենք անում, որպեսզի Վրաստանի Հանրապետությունում ունենանք աղաց, մենք մեր արտադրանքը տանենք Վրաստան էնտեղ աղանք, վաճառենք, քանի որ Վրաստանում կամուրջների, ճանապարհների համար օգտագործում են հատուկ նշանակության ցեմենտներ: Հայաստանում էլ կան շինարարներ, ովքեր չեն խախտում շինարարական նորմերը, չեն գնում էժանագին ցեմենտ, օգտագործում են Հրազդանի ցեմենտը: Ոչ միայն հատուկ նշանակություն ունեցող ցեմենտներ ենք արտադրում, այլ արտադրում ենք նաեւ ճանապարհային հատուկ նշանակության ցեմենտ: Ասեմ, որ իսպանացիները եւ չինացիները այդ ցեմենտից տարել են եւ դրական եզրակացություն կա:



**- Ովքե՞ր են «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի համասեփականատերերը:**



-«Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ- սեփականատերը «Ջի Էմ հոլդինգը » ՍՊ-ն է, իսկ բաժնեմասերի մասով չգիտեմ ընկերության մասնակիցներին:



**-Պարտքեր ո՞ւնի գործարանը, աշխատավարձը ժամանակին վճարո՞ւմ եք:**



-Ես որ նոր տնօրեն էին, գործարանը 8 ամսվա աշխատավարձի պարտք ուներ, մի քանի տարվա արձակուրդային, հարկային պարտավորություններ, գազի, լույսի պարտքեր ուներ: Այս պահի դրության աշխատավարձի, բյուջեի պարտք, հարկային պարտավորություններ գործարանը չունի: Հիմա ունենք ներդրումներ եւ պայմանագրեր: Մենք շարժվում ենք առաջ, 2019 թվականն էլ մեր համար երեւի ծանր տարի կլինի կապված ներդրումների հետ, իսկ այդ ամենից հետո մենք տարածաշրջանում կունենք ժամանակակից գործարան, բոլոր հնարավարություններով, եւ պատրաստ ենք հանրապետությանը եւ հանրապետությունից դուրս մանակարարել բարձրորակ ցեմենտ: Ասեմ ավելին, գործարանում աշխատողների թիվ ավելացրել է 62-ով: Ունենք նաեւ հնարավորություն դասընթացներ կազմակերպելու աշխատողներին վերապատրաստելու ՌԴ-ում:



Հիշեցնենք, որ երկար տարիներ Հրազդանի ցեմենտի գործարանը տնօրինում էր գործարար Միկա Բաղդասարովը՝ իր **«**Միկա-Ցեմենտ» ՓԲԸ-ով: Չվճարված պարտավորությունների պատճառով գործարանն անցավ ՎՏԲ բանկին: 2017 թվականի նոյեմբերի 30-ի դատարանի վճռով ցեմենտի գործարանը սնանկ ճանաչվեց և շուտով վաճառքի հանվեց: Նախկին կառավարությունը փորձեց ցեմենտի գործարանը «մաքրել պարտքերից»` նոր սեփականատերերին հանձնելու նպատակով: 2017 թվականին Հրազդանի ցեմենտի գործարանի նոր սեփականատերը ունեցավ: «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ն գրանցված է Արցախում «Ջի Էմ Հոլդինգ» ՍՊԸ-ի կողմից: «Ջի Էմ Հոլդինգ»» ՍՊԸ հիմնադիրներն են ռուսաստանաբնակ գործարար Վիտալի Գրիգորյանցը, ով «Հայբիզնեսբանկի» սեփականատերն է, եւ Արսեն Միքայելյանը՝ «Հայբիզնեսբանկի» վարչության նախագահը, իսկ Վիտալի Գրիգորյանցը Սերժ Սարգսյանի մտերիմներից է:



«Ջի Էմ հոլդինգ» ՍՊԸ-ի տնօրենն է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահ Արսեն Միքայելյանը: Համաձայն վերջինիս [կենսագրության](http://www.armbusinessbank.am/am/index/member/num:31)՝ նա տնօրենի պարտականությունները ստանձնել է 01.12.2016թ-ից՝ համատեղության կարգով: Արսեն Միքայելյանը նաեւ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ սեփականատեր Վիտալի Գրգորյանցի կողմից 2016թ հիմնած «Վիտալի Գրիգորյանց» բարեգործական հիմնադրամի տնօրենն է: ‹‹Հրազդան ցեմենտ քորփորեյշն›› ՍՊԸ-ի համասեփականատերերից է՝ Նիկոլայ Խաչատուրովը:



**Նելլի Կարապետյան**