Էդ տունն իմ ամուսնու արյան գինն է, ո՞վ է վայելելու

Էդ տունն իմ ամուսնու արյան գինն է, ո՞վ է վայելելու
Գեղեցիկ Գասպարյանը մահապարտի կին է: Նրա հպարտությունն ամուսնու՝ Ստեփանի անցյալն է, ավելի ճիշտ՝ այն փաստը, որ Ստեփանը Վազգեն Սարգսյանի հավաքագրած մահապարտների ջոկատից է եղել: Ներկայում հպարտանալու ոչինչ չունի․ հավաքարարություն է անում՝ 60 հազար դրամով, երկու տղաները հիվանդ են: Մեկը հոգեկան տրավմա է ստացել բանակում, մյուսը հիպերտոնիկ հիվանդություն ունի: Ամուսինը 2-րդ կարգի հաշմանդամ է, տառապում է շաքարախտով: Հիմնականում անկողնային է: Նոր Նորքի բնակարանը շուտով ձեռքից կառնեն՝ պարտքերի դիմաց: Բանկն այն արդեն աճուրդի է դրել, միայն Գեղեցիկի համաձայնությունն է պակասում: Բայց կինը համաձայն չէ: Այդ տունը ժամանակին իրենց նվիրել էր նախկին Պնախարար Սեյրան Օհանյանը՝ հարգելով Ստեփանին, նրա անցած մարտական ուղին: Երբ ամուսինը հիվանդացավ՝ 2015 թ․, Գեղեցիկը տունը գրավ դրեց: «Արֆին» վարկային կազմակերպությունից 10 հազար դոլար էր վերցրել՝ ամուսնու բուժման, դեղերի համար:



Նախկին մահապարտը բարդ վիրահատություններ է տարել՝ սրտի եւ ոտքերի: Պետք էր երկարատեւ բուժում, դեղեր: Բայց Ստեփանի թոշակը՝ 80 հազար դրամը, բավարարում է միայն վարկի տոկոսները փակելու համար: Դեռ մայր գումարին չի հասել, տոկոսներն է մարում: «Մի միլիոն դրամ մի տարվա մեջ տոկոս եմ մուծել: 460 հազար է պետք, որ հասնեմ մայր գումարին,- վրդովվում է կինը,- մուծում-մուծում եմ՝ չեմ հասնում: Տունս հարկադիր են մտցրել: Տանը սեղան-աթոռ չի մնացել, ամեն ինչ վաճառել եմ արդեն: Ի՞նչ եմ անելու, ո՞ւր եմ գնալու իմ երեք հիվանդների հետ»:



Գեղեցիկը շատ է տխրել, որ նախարարը փոխվել է: «Տոնոյանը դաժան է, սիրտ չունի, երեք անգամ դիմել եմ, ոչ մի անգամ չի օգնել: Բայց Սեյրան Օհանյանն օգնում էր: Երբ դիմել եմ, օգնել է»,- պատմում է կինը: Նա ողորմություն չի խնդրում: Համաձայն է շարունակել երեք հաշմանդամներին պահել իր չնչին աշխատավարձով: Միայն թե նախարարն իրեն այս դժվար պահին օգնի, գոնե տոկոսներից ազատի: «Ամուսինս գնաց, առողջությունը կորցրեց, որ հիմա նրան հանեն դո՞ւրս շպրտեն փողոց: Էդ տունը նրա արյան գինն է, ո՞վ է վայելելու»,- դառնացած ասում է Գեղեցիկը:



**Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ**