Իսկ հետո՞ ինչ է լինելու

Իսկ հետո՞ ինչ է լինելու
Սպասվող արտահերթ ԱԺ ընտրությունները բոյկոտելու բոլոր հիմքերն են առկա: Պակասում է, թերեւս, քաղաքական ուժերի կոնսոլիդացիան այդ հարցում: Իսկ կոնսոլիդացիա չկա, որովհետեւ երկրի ապագան է մշուշոտ: Ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի ընտրություններ անցկացնելուց հետո, բայց չգիտի նաեւ` ավելի վատ չի՞ լինի երկրի համար, եթե ընտրությունները տապալվեն:



Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, բոլորին կանգնեցրել է փաստի առաջ` պետք է ցրվի խորհրդարանը, ու տեղի ունենան կայծակնային արտահերթ ընտրություններ: Նրա հիմնական պատճառաբանությունը հետեւյալն է` գործող ԱԺ-ն չի ներկայացնում ժողովրդին: Իսկ ո՞ւմ է ներկայացնելու նոր ԱԺ-ն, երբ քաղաքական ուժերին նա դրել է մի կացության մեջ, որից լավագույն ելքը, թերեւս, այս գործընթացին չմասնակցելն է: Ի՞նչ իմաստ ունի մասնակցել վազքի մրցումներին, երբ առանց այն էլ ֆավորիտ համարվող մարզիկին թույլատրված է մեկնարկել կես շրջան ավելի առջեւից: Փաշինյանի թիմը լուրջ «ֆորա» ունի այս ընտրություններում, եւ դա ոչ ոք չի ժխտում: Նույնիսկ թերթերն են հին ու բարի ժամանակների հանգով գրում, որ «ՔՊ»-ն լուրջ մրցակից չունի: Փաշինյանի ձեռագիրն այսօր հիշեցնում է Սերժ Սարգսյանին, որի ՀՀԿ-ն ընտրություններից առաջ «հաղթած-պրծած» էր լինում: Եվ, պատկերացրեք` շատ խելք պետք չէր դրա համար: Ինչի՞ մասին է խոսքը, երբ «քոնն են» բոլոր պետական կառույցները, երբ ոստիկանությունը, օրինակ, պատրաստ է քո քմահաճույքով «մաքրազարդել» ցուցակները եւ մեռելների փոխարեն զոմբիներով լցնել դրանք, երբ ԱԱԾ-ն ամեն վայրկյան կարող է «մասկի-շոու» կազմակերպել անցանկալի քաղաքական ուժի ներկայացուցչի տանը, երբ դպրոցի տնօրենը պատրաստ է երեխաներին տանել «ՔՊ»-ի հանրահավաքներին, երբ կարելի է հանրության ընդամենը 30 տոկոսի մասնակցության պայմաններում պարծենալ, որ դրա 80 տոկոսն արդեն ժողովուրդ է: Դե իսկ նախընտրական փուլում վարչապետի «սիրաքստիկությունը» նախկինների հանդեպ բոլորովին այլ թեմա է: Հավանաբար, որոշել են 100 տոկոս խփել:



Որ ԱԺ ընտրություններն ավելի շուտ թատերական ներկայացում են լինելու, դրանում ոչ մի խոսք: Խորհրդարանի առաջիկա նիստերը, որոնց ժամանակ վարչապետի թեկնածու չի առաջադրվի, արդեն իսկ այդ ներկայացման նախերգանքն են: Շեքսպիրյան օրեր են մեզ սպասվում: Կան բոլոր պերսոնաժները` արքայից մինչեւ ծաղրածու, եւ տեղում են բոլոր բեմական ռեկվիզիտները` նախկին արքաների նկարներ, ստվերախիտ հետնաբեմ, թույնի սրվակներ եւ այլն:



Միով բանիվ, մեծ բան չենք շահելու այս ընտրություններից: «Նոու-հաու»-ի սպասողները լուրջ հիասթափություն ապրելու շատ առիթներ կունենան արտասահմանյան առաջին իսկ շրջագայությունների ժամանակ, երբ նրանց կասվի, որ լեգիտիմության հարցով մեծ տարբերություն չկա փողոցի ընտրած վարչապետի եւ ոստիկանաէյֆորիկ մթնոլորտում հաղթած վարչապետի միջեւ: Բայց արտասահմանում նույնիսկ չգիտեն էլ, որ Հայաստանում նախընտրական շրջանում մի աներեւույթ ուժով բացվում են բոլոր ծխական մատյանները, ու իսկույն պարզ է դառնում, թե ով ում բարեկամն է, ով ինչ հանգամանքներում է հայտնվել խորհրդարան մտնելու շանս ունեցող կուսակցությունների ցանկում: Այս տեսանկյունից, հավանաբար, ամենահետաքրքիրն էլի «ՔՊ»-ի ցանկն է լինելու, որտեղ «թրաշամանուկներին» կփոխարինեն բոլորովին կողմնակի մարդիկ` հայտնի եւ ոչ այնքան հայտնի շրջանակներից: Այդ ժամանակ մեզ կասեն, որ պետք չէ զարմանալ, որ սա սիրո եւ համերաշխության հեղափոխություն է, որ այսպես պետք է իշխանության բերել նախկինների նոր սերունդը:



Բայց, ինչպես վերեւում ասացինք, դեռ չգիտենք, թե ինչ կարող է մեզ տալ առաջիկա ընտրությունների բոյկոտը: Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, չի կարող «լայվ» մտնել եւ ժողովրդին տանել ընտրությունները բոյկոտող որեւէ քաղաքական ուժի գրասենյակ: Մյուս կողմից էլ` դրա կարիքը չկա, քանի դեռ ընտրությունները բոյկոտելու շուրջ կոնսոլիդացիա չի ձեւավորվել: Փաշինյանն այդ մասին հոգացել է էս գլխից` մյուս քաղաքական ուժերին փշրանքներ խոստանալով ապագա թավշյա խորհրդարանում, որտեղ չի լինելու ո՛չ ընդդիմություն, ո՛չ իշխանություն, այլ լինելու է կենդանի խամաճիկների մի բիոմասսա, որ շարժվելու է վարչապետական փայտիկի հանգով: Թե ինչքանով այդ խորհրդարանը կարտացոլի ժողովրդին, դժվար է ասելը, բայցեւայնպես դա կլինի խորհրդարան` օրենսդիր մարմին, որը նախատեսված է Սահմանադրությամբ:



Իսկ ի՞նչ է լինելու հետո…



Ասենք` ընտրություններ եղան, ասենք` ԱԺ մեծամասնությունը նորից վարչապետ ընտրեց Նիկոլին, ասենք` էլի մի 1000 ծանոթի գործի դրեցին, ասենք` էս երկիրն ու ժողովուրդն էլի մի 5 տարով մնացին նույն քյասիբը, ասենք` 5 տարի էլ ձգվեց արտագաղթը... Հետո՞... Հետո՞ ինչ է լինելու: Ասենք` 5 տարի հետո Նիկոլը թողնի գնա, ասենք` ուրիշ մարդ գա ու նույնն անի, եւ էլի մի 5 տարի մնանք նույնը... Հետո՞... Բա լավ, պրծում չկա՞ այս շրջապտույտից:



**Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ**