Ո՞րն է Արմեն Նիկողոսյանի ագրեսիայի պատճառը․ նոր «Ռուբեն Հայրապետյաններ» են աճո՞ւմ

Ո՞րն է Արմեն Նիկողոսյանի ագրեսիայի պատճառը․ նոր «Ռուբեն Հայրապետյաններ» են աճո՞ւմ
Երեկ մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում նաև **«Հրապարակը»**, լուր հրապարակեցին, որ ՖԻՖԱ-ն 100 հազար եվրոյով տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ Ջիբրալթարի պետական օրհներգի փոխարեն Լիխտեյնշտեյնի պետական օրհներգը միացնելու համար։ Պարզվում է, որ ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը ծանր է տարել այս հրապարակումը և փոխանակ կենտրոնանա Հայաստան- Մակեդոնիա սպասվելիք խաղի վրա, կենտրոնանում է մամուլի հրապարակումների վրա։



Բանն այն է, որ մենք տեղեկություն ունեինք, որ ՀՖՖ-ին տուգանել են նաև երկրպագուների կողմից խաղադաշտ ջրի շշեր շպրտելու համար, և ցանկացանք ճշտել այս ինֆորմացիան Արմեն Նիկողոսյանից, սակայն վերջինս, նույնիսկ չլսելով հարցը, միանգամից շպրտեց, որ չի ցանկանում մեզ հետ զրուցել․«Չեմ ուզում ձեզ հետ զրուցել, քանի որ դուք վերցնում գրում եք, որ 100 հազար մեզ տուգանել են, գնացեք գրեք, էլ ինչի համար եք մեզ զանգում, դուք եք գրել, դուք էլ պատասխանեք։ Ես չեմ ուզում ձեզ պատասխանել, քանի որ դա դուք պետք է պատասխանեք, թե որտեղից ձեզ ինֆորմացիա, որ մեզ 100 հազար եվրո տուգանել են։ Ես ցանկություն չունեմ ձեր հարցերին պատասխանելու, քանի որ դուք նման բան տպելուց առաջ պետք է մի հատ մեզ հարցնեիք։ Ես ոչ հերքում եմ, ոչ էլ հաստատում եմ, ես սպասում եմ ձեր պատասխանին, դուք մի հատ ձեր մեջ պարզեք նոր»։ Ի դեպ, այդ տեղեկությունը տպագրել է ոչ միայն «Հրապարակը», այլեւ շատ լրատվամիջոցներ։



Հարցրինք, եթե որևէ պարբերականի հրապարակումը ՀՖՖ-ին դուր չի գալիս, և նա հրաժարվում է պարզաբանումներ տալ, այդ դեպքում լրատվամիջոցը պետք է դադարի՞ լուսաբանել․ «Խոսքը դուր գալու ու չգալու մասին չէ, այլ փաստը արձանագրելու, որը ամբողջությամբ սուտ է։ Ես էլ չեմ ցանկանում ձեզ պարզաբանում տալ»։



Չնայած որ վերոնշված լուրը հրապարակելուց առաջ բնականաբար ճշտել էինք, այնուամենայնիվ զանգահարեցինք նաև ՀՖՖ մամուլի խոսնակ Տիգրան Իսրայելյանին՝ հարցնելով, թե որքա՞ն է տուգանվել ՀՖՖ-ն։ Նա նշեց, որ զբաղված է ՀՀ ազգային հավաքականի՝ Մակեդոնիայի հետ սպասվելիք հանդիպմամբ, և ստույգ չի կարող ասել, թե որքան է տուգանքի չափը։ Այսինքն՝ կա՞ տուգանք, նա նշեց, որ չգիտի, քանի որ խաղով է զբացված։ Տիգրան Իսրայելյանը մեզ հետ զրույցում նաև հաստատեց, որ եղել են դեպքեր, երբ շշեր շպրտելու համար տուգանել են ֆեդերացիային, ինչի համար էլ Ռուբեն Հայրապետյանը արգելել էր ջուրը վաճառել շշերով, և այն վաճառվում էր բաժակներով։



Անհասկանալի է, թե ո՞րն է Արմեն Նիկողոսյանի ագրեսիայի պատճառը, գուցե Հայաստանի ազգային հավաքականի խայտառակ պարտության և Ջիբլարթարի պետական օրհներգը Լիխտեյնշտեյնի օրհներգից չտարբերելու մե՞ջ էլ են ԶԼՄ-ները մեղավոր։ Պետք է նշենք նաև, որ Արմեն Նիկողոսյանը երկար տարիներ աշխատել է տպագիր մամուլում և այլ ԶԼՄ-ներում որպես լրագրող, գուցե նեղվե՞լ է, որ առաջինը ինքը չի հաղորդել այդ սենսացիոն լուրը։ Ի դեպ, Ռուբեն Հայրապետյանը հայտնի էր մամուլի հետ հարաբերվելու դժվարություններով, ագրեսիայով, բայց նորերը, դատելով նրանց առաջին իսկ քայլերից, խոստանում են «գերազանցել» նրան։



**Կորյուն Սիմոնյան**