Ես ասում եմ՝ ոչ թե մերոնք եկան, այլ գործեց Սահմանադրության 2-րդ հոդվածը. իշխանությունը ժողովրդինն է. Նարե Հայրապետյան

Ես ասում եմ՝  ոչ թե մերոնք եկան, այլ գործեց Սահմանադրության 2-րդ հոդվածը. իշխանությունը ժողովրդինն է. Նարե Հայրապետյան
Մեր զրուցակիցն է երիտասարդական ծրագրերի համակարգող, քաղաքացիական ակտիվիստ և «Քաղաքացու որոշումը» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն նախաձեռնության անդամ Նարե Հայրապետյանը։



**-Նարե´, Կոտայքի մարզում և հատկապես Հրազդանում դուք հայտնի էիք, որպես ընդդիմադիր գործիչ և միակն էիք, որ իրականացնում էիք ՏԻՄ գործունեության վերահսկողություն։ Ինչպիսի՞ն էր «ընդդիմադիր» լինելը մինչ հեղափոխությունը և այժմ։**



-Կարծում եմ, որ հայտնի լինելը հարաբերական է, այո՛, ինձ ճանաչում էին մարդիկ, ովքեր իմ գործունեության շահառուներն էին և նրանք, ովքեր քիչ կամ շատ գաղափարակից էին ինձ, և իհարկե ճանաչողների շատ ավելի մեծ ցանկ կազմված էր ընտրակեղծարարներից, կոռուպցիոներներից և վարչական լծակներ տիրապետողներից։ Ասեմ, որ մինչ հեղափոխությունը հատկապես այս վերջին խմբի մարդիկ «ընդդիմադիր» բառը օգտագործում էին որպես վիրավորանք, մյուսներներն էլ այն պարզապես արտասանում էին շշուկով։ Չնայած, որ հարազատներիս շրջանակներում այն ընկալվում էր որպես ցավագին մի բան, ես վերաբերում էի քմծիծաղով և միայն ուրախանում նման «գնահատանքի» համար։ Եվ հեղափոխությունից հետո այդ մարդիկ ասում են՝ վերջը հաղթեցիք, ձերոնք եկան։ Ես ասում եմ՝ ոչ, ոչ թե մերոնք եկան, այլ գործեց Սահմանադրության 2֊րդ հոդվածը. իշխանությունը ժողովրդինն է։ Ցավոք, Հրազդանում շատ քիչ էին քաղաքացիական ակտիվիստներ, և բացարձակ չկային քաղաքական ընդդիմադիր գործիչներ։



**-Ինչու՞։ Հրազդանում կային բավական հայտնի ընդդիմադիր գործիչներ, նաև ընդդիմադիր ավագանու գործիչ։**



Գիտեք՝ ընտրություններից ընտրություն հայտնված մարգինալ խմբերին քաղաքական գործիչ կամ ընդդիմադիր անվանել չեմ կարող, որովհետև քաղաքականությունը անընդհատ գործընթաց է, և եթե դու որպես քաղաքական ուժ չես տիրապետում իշխանությանը, բայց քեզ համար առաջնային է հանրային շահը, ուրեմն դու հաստատապես կկատարես մշտադիտարկումներ, վերահսկողություն, համագործակցություն ընդհանուր գաղափարների շուրջ կամ սեփական ծրագրերի իրականացման պարտադրում իր առաքելությունը չիրականացնող իշխանությանը։ Միգուցե այդ հայտնի գործիչները իրենց գործունեությունը կատարում էին այլ բնագավառներում, չեմ վիճարկի, բայց այո՛, Հրազդանում ես չեմ տեսել ընդդիմադիր քաղաքական գործիչ. ունեցել ենք նաև ավագանու ոչ ՀՀԿ֊ական անդամ, ով սակայն ոչնչով չէր առանձնանում «կողմ» քվեարկողների շքերթից։



**-Իսկ ինչպե՞ս քաղաքացիական պայքարից անցաք քաղաքականությանը և միացաք «Քաղաքացու որոշումը» սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախաձեռնությանը, և արդյո՞ք այն լինելու է ընդդիմություն այսօրվա իշխանություններին։**



-Նախ, ես քաղաքականությունը չեմ բաժանի ընդդիմադիր և իշխանություն տիրապետող ուժեր կատեգորիաների. դա քաղաքական մշակույթի մեջ ամենանեղ իմաստն է։ Ես քաղաքականությունը դիտարկում եմ ավելի լայն՝ ինձ համար այն առաջին հերթին արժեքների, գաղափարների, դիրքորոշումների, սկզբունքների համախումբ է։ Մեր նախաձեռնությունը պատրաստ է համագործակցել այն ուժերի հետ, որոնք ունեն ամուր գաղափարական հիմքեր, առաջնորդվում են հանրային շահով, դավանում են մեր դավանած արժեքները, ու իհարկե բացառում ենք համագործակցություն իրենց սպառած, պետությանը և պետականությանը ինչքան հնարավոր է վատություն արած ուժերի հետ։



Իսկ կուսակցականացվելու պահն ինձ համար կարծում եմ հասունացել էր։ Նախկինում չէի մտածի, որ կկարողանամ իրացվել կուսակցության մեջ, դեռ առաջին քայլերն եմ կատարում և քաղաքականություն մտնելու համար դեռ պետք է անցնեմ շատ քաղաքական գործընթացներ։



**-Որո՞նք են «Քաղաքացու որոշումը» սոցիալ-դեմոկրատական կուսակցության արժեքները։**



-Մեր հիմնական արժեքներն են ազատությունը, արդարությունը և համերաշխությունը և մեր բոլոր ծրագրերի հիմքում ընկած են լինելու հենց այս արժեքները՝ կրթական ոլորտից մինչև հանրային առողջություն։



**-Հայաստանում այսօր կան շատ ուժեր, որոնց հիմքում նույնպես այդ արժեքներն են, ինչու՞ միացաք հենց այս կուսակցությանը։**



Չգիտեմ, թե քանի ուժի հիմքում են ընկած այս գաղափարները, բայց ես դրանք երբեք չեմ տեսել կիրառված, չեմ տեսել հավասար ազատություն ու արդարություն բոլոր քաղաքացիների միջև, չեմ տեսել համերաշխություն։Այս երևույթները մնացել են թղթի վրա որպես բառեր։ Ամերիկացի սոցիոլոգ Վալզերն ասում էր, որ համերաշխությունը կարող է լինել վտանգավոր, եթե այն հիմնված լինի էմոցիաների վրա, այլ ոչ թե հիմնված ամենօրյա համագործակցության վրա։ Մեր նպատակներից է հենց ապահովելը հստակ համագործակցություն սոցիալական ինստիտուտների միջև։



Իսկ այս նախաձեռնությանը միացա՝ տեսնելով, որ սրա մասն են կազմում մարդիկ, ովքեր մշտապես կիրառել են այս գաղափարները իրենց կյանքում և գործունեության մեջ, ոմանց ճանաչելով անհատապես, որպես արժեքների մարդ, ոմանց էլ հեռակա։ Առաջին անգամ մասնակցելով ժողովին տեսա, որ այն ոչ հիերարխիկ է, մտագրոհի միջոցով առանձնացնում են լավագույն գաղափարները, բոլորի խոսքն արժեքավոր է։ Եթե ինձ հարցնեք, թե ո՞վ է կուսակցության հիմնադիրը, ես չեմ կարողանա պատասխանել, չեմ կարող առանձնացնել որևէ մեկին։



Նելլի Կարապետյան