Այսօր կփակվեն մի քանի փողոցներ` Խանդոյանի հուղարկավորության թափորի շարժի համար

Այսօր կփակվեն մի քանի փողոցներ` Խանդոյանի հուղարկավորության թափորի շարժի համար
«Այսօր ժամը 13:00-ից մինչև ժամը 14:00-ն Սուրբ Հովհաննես եկեղեցում կկայանա Կարգի արարողություն, որի ընթացքում երկկողմանի փակ կլինի Դեմիրճյան-Պարոնյան խաչմերուկից մինչև Պարոնյան-Ձորափի փողոց խաչմերուկը, իսկ ժամը 14:00-ից հուղարկավորության թափորը Սուրբ Հովհաննես եկեղեցուց կշարժվի Եռաբլուր, և այդ ընթացքում միակողմանի կփակվեն Պարոնյան-Մաշտոց-Հաղթանակի կամուրջ-Իսակով փողոցները»։ Այս մասին տեղեկացրեց Արայիկ Խանդոյանի շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը։



Նա նշեց, որ երեկ` Խանդոյանի հոգեհանգստի արարողության համար դիմել է ոստիկանությանը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցու հարակից փողոցի երթևեկությունը ժամանակավոր դադարեցնելու համար, սակայն պատասխան չի ստացել, ինչի համար հայցում են քաղաքացիների ներողամտությունը. «Որպես Արայիկ Խանդոյանի հուղարկավորության հանձնաժողովի անդամ՝ երեկ ժամը 14.00-ից սկսած փորձել եմ կապ հաստատել ՀՀ ոստիկանության որևէ պաշտոնատար անձի հետ, խնդրելու ժամանակավորապես, ժամը 17:30-ից մինչև ժամը 22:30-ը, սահմանափակել կամ փակել Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցուն հարող Պարոնյան փողոցի մի հատվածը: Քանի որ հեռախոսազանգերը մնացին անպատասխան, իսկ հոգեհանգիստն սկսելուց առաջ փողոցի նշված հատվածում տրանսպորտային միջոցների մեծաքանակ լինելու պատճառով առաջացել էր խցանում, մոտեցել եմ ՀՀ Վարչապետի նստավայրի մոտ հերթապահող ճանապարհային ոստիկանության աշխատակցին և բանավոր փոխանցել Հանձնաժողովի խնդրանքը:



Զանգահարել եմ ոստիկանի տրամադրած ոստիկանության հեռախոսահամարով, ներկայացրել իրավիճակը և մեր խնդրանքը: Ի պատասխան հայտնել են, որ կքննարկեն՝ ճանապարհի այդ հատվածը փակելու կամ երթևեկությունը կարգավորելու հարցը: Առաջացած դժվարությունների համար հայցում ենք երևանցիների ներողամտությունը»։



Նշենք, որ Խանդոյանը մահացել է հոկտեմբերի 9-ին, նախնական վարկածով` սրտի կաթվածից։ Նա անազատության մեջ մնացել է 2 տարի եւ վերջերս էր ազատ արձակվել` պատգամավորների անձնական երաշխավորությամբ։



Աննա Պապիկյան