Չծառայել ժողովրդին, դա հավասար է՝ չսիրել քո ընտանիքը. Սեւակ Միքայելյան

Չծառայել ժողովրդին,  դա հավասար է՝ չսիրել քո ընտանիքը. Սեւակ Միքայելյան
Այսօր քաղաքապետի թեկնածու Սեւակ Միքայելյանը հանդիպում ունեցավ Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի բնակիչների հետ: Հանդիպումից հետո քաղաքապետի թեկնածուն պատասխանեց Hraparak.am- ի հարցերին:



**-Հրազդանում բազմաթիվ խնդիրներ կան, պատրա՞ստ եք, արդյոք Ձեզ վրա վերցնել մեծ պատասխանատվություն եւ ղեկավարել քաղաքը:**



-Այո՛, պատրաստ եմ: Խնդիրները շատ են Հրազդանում, այնպիսի բնագավառ չկա, որ խնդիր չլինի: Քաղաքում առկա են մայթերի, վերելակների, տանիքների, ճանապարհների, լուսավորության, կանգառների հետ կապված խնդիրներ: Խաղահրապարակներ չկան, զբոսայգիները վաճառվել են: Միջավայր չկա, որ երիտասարդները զբաղվեն, թատրոնի շենքը անտեսված է, այն պետք վերանորոգվի: Քաղաքը 740 մլն դրամի պարտք ունի: Հրազդանում կա 221 վերելակ, որից գործում է 144-ը, 77-ը չի գործում:



**-Ձեր կարգախոսն է՝ «Նոր իրողություններ, Նոր Հրազդան»: Ընտրվելուց հետո ինչպես ե՞ք պատկերացնում նոր Հրազդանը:**



-Նոր Հրազդանը պատկերացնում եմ այնպես, ինչպես կպատկերացնի հրազդանցին, այսինքն՝ բարեկարգ, կանաչապատված, կյանքով լեցուն, որպեսզի ոչ մի հրազդանցի չլքի իր քաղաքը:



**-Քաղաքապետ ընտրվելուց հետո կադրային փոփոխություններ կլինե՞ն քաղաքապետարանում:**



-Չեմ կարող հիմա այդ հարցին պատասխանել: Ընտրվելուց հետո ոչ թե իմ մտերիմ ընկերներն են քաղաքապետարանում լինելու, այլ այն մարդիկ, որոնք գործին տիրապետում են: Ասենք՝ որեւէ մեկը չի կարող լինել բաժնի պետ, որովհետեւ իմ մանկության ընկերն է: Նման բան չի լինելու: Իմ թիմակիցները պետք է ծառայեն ժողովրդին, եւ յուրաքանչյուր աշխատող պետք է ընտրվի ըստ մասնագիտական ունակությունների:



**-Դուք բացառու՞մ եք այն փաստը, որ Ձեզ սատարողները ընտրվելուց հետո աշխատանքի չեն անցնի քաղաքապետարանում:**



-Քաղաքապետարանում կլինեն նրանք, ովքեր կգան ծառայելու ժողովրդին, այնպիսի մարդիկ, որոնց ժողովուրդը կընդունի, կհարգի, կսիրի: Չծառայել ժողովրդին՝ նշանակում է չսիրել քո ընտանիքը:



**-Աուդիտը միլիոնների հասնող չարաշահումներ հայտնաբերեց քաղաքապետարանում, ընտրվելուց հետո ի՞նչ եք պատրաստվում անել:**



-Ես դեռ ծանոթ չեմ մանրամասներին, չեմ կարող պատասխանել:



**-Քաղաքապետ ընտրվելուց հետո, ո՞րն է լինելու Ձեր առաջին քայլը:**



-Բոլոր խնդիրները առաջնային են: Քանի որ ձմեռը մոտենում է, մանկապարտեզների ջեռուցման հետ կապված լուրջ խնդիրներ կան, որոնց լուծումը հրատապ է: Ինչպե՞ս կարող է քաղաքապետը հանգիստ քնել իր տանը, եթե մանկապարտեզներում երեխաներ են մրսում:



**-Ձեր քայլերը քննարկո՞ւմ եք Ձեր հայրիկի հետ:**



-Ո´չ:



**-Մամուլում շրջանառվում է, որ Ձեր հայրն է մարզում «դաբրո» տվողը, կան նաեւ հրապարակումներ, ի՞նչ կասեք այս մասին:**



Կարծում եմ՝ մարզպետը պատասխանել է այդ հարցին, նման բան չկա, դա քաղաքական պատվեր է իմ հոր նկատմամբ:



**-Սիրած աղջիկ ունե՞ք:**



Ոչ:



**-Ամենակարեւորը եւ ամենաթանկը Ձեր կյանքում:**



-Ընտանիք, ժողովուրդ: Իմ ընտանիքից բացի նաեւ ժողովուրդն է ինձ համար սրբություն: Կյանքում չի կարելի սխալվել ժողովրդի հանդեպ: Եթե սխալվում ես ժողովրդիդ հանդեպ, կարող ես սխալվել նաեւ ընտանիքիդ հանդեպ: Եվ եթե սխալ քայլ ես անում ժողովրդի նկատմամբ, ժողովուրդը քեզ պատասխանում է ապտակով:



Նելլի Կարապետյան