Հայկ Մարությանը կարող է լավ քաղաքապետ լինել

Հայկ Մարությանը կարող է լավ քաղաքապետ լինել

Ինձ հետաքրքիր է, թե ինչ չափորոշիչներով են առաջնորդվում մարդիկ, երբ ասում են, թե որևէ կամայական մեկը չի կարող զբաղեցնել այս կամ այն պաշտոնը:

Օրինակ՝ ասում են Հայկ Մարությանը չի կարող քաղաքապետ լինել: Հա բայց ինչո՞ւ չի կարող: Չգիտեմ, դեռ որևէ բանական քննադատություն չեմ հանդիպել այս ուղղությամբ:

Կարծում եմ մարդիկ պարզապես ավտորիտար ու քաղքենի պատկերացումներ ունեն պետական պաշտոնների վերաբերյալ: Ավելին՝ մարդիկ ավտորիտար ընկալումներ ունեն հենց իրենց և պետության վերաբերյալ, հակառակ պարագայում իրենք իրենց դուրս չէին մղի սուբյեկտի կարգավիճակից՝ փրկությունը պատկերացնելով մեկ անհատի ողորմածությամբ ու կամքով:

Մարդկանց համար պետական պաշտոնյան արհեստական կարևորված ու լուրջ դեմքի արտահայտությամբ քաղքենի չինովնիկն է՝ վերբնական կեցվածքով, գերբնական ժպիտով ու աստվածային քայլքով:

Սովորական մարդն ու շարքային մահկանացուն չի կարող պաշտոն զբաղեցնել, օրինակ՝ դերասանը, քանի որ առօրեական քաղքենին կասի. տո դու ի՞նչ գործ ունես լուրջ գործերի հետ, գնա կապիկությունդ արա: Մի՞թե սա նողկալի մոտեցում չէ:

Մենք պետք է հասկանանք, որ պետական պաշտոնը Օլիմպոսի անհասանելի գագաթը չէ և յուրաքանչյուր քաղաքացի կարող է ծառայություն անցնել պետական համակարգում: «Մենք ենք տերը մեր երկրի» չարչրկված արտահայտությունը պարզապես բառակույտ չէ, դա առաջին հերթին նշանակում է, որ պետությունը բոլորինս է և մեզնից յուրքանչյուրը փայատեր է դրա մեջ:

Այսինքն մենք պետք է մի կողմ շպրտենք պետական ծառայության վերաբերյալ մեր էլիտիստական քաղքենի մոտեցումներն ու հասկանանք մի պարզ ճշմարտություն. ժողովուրդը անօրգանական ամորֆ զանգված չէ, որին էլիտաները գառի հոտի պես պետք է կառավարեն: Չի կարելի մտածել, թե կա հատուկ դասակարգ, որի առաքելությունը ի սկզբանե պաշտոն ստանձնելն է և մնացյալ բոլորի համար այդ առաքելությունը անհասանելի է:

Հիշում եմ՝ նույնը ժամանակին Նիկոլ Փաշինյանի համար էին ասում: Իբրև թե՝ չի կարող վարչապետ աշխատել: Իսկ ես հարցնում էի, թե ինչո՞ւ չի կարող: Պատասխան չկար, ավելի շուտ պատասխանի փոխարեն կար քաղքենի նախապաշարմունք, որի էությունը հետևյալն էր. հասարակ մարդը չի կարող վարչապետ լինել: Ի պատասխան դրա ես մի հոդված գրեցի ու հիմնավորեցի, որ թերթի գլխավոր խմբագիրը հաստատապես կարող է պետություն կառավարել:

Վստահաբար Հայկ Մարությանը կարող է լավ քաղաքապետ լինել: Քաղաքապետ աշխատելու համար անհատն ընդամենը պետք է հասկանա, թե ինչ է քաղաքը, քաղաք կառուցելու երազանք ունենա ու անցնի գործի: Այլ ոչ թե ստեղծագործական պաշտոնն այդ Տարոն Մարգարյանի օրինակով սահմանափակի ասֆալտ փռելով ու թափառական շների դեմ պայքարով: