Թատերականի ուսանողները դիմում են ռեկտորին՝ ինչո՞ւ են գողացել մեր փողերը

Թատերականի ուսանողները դիմում են ռեկտորին՝ ինչո՞ւ են գողացել մեր փողերը
Ոստիկանությունը նախօրեին հաղորդագրություն տարածեց, որտեղ տեղեկացնում էր, որ իրականացված միջոցառումների արդյունքում հերթական կոռուպցիոն բացահայտումն է արձանագրվել Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում: Պարզվել է, որ ինստիտուտի պաշտոնատար անձինք, 2012-ից օգտագործելով պաշտոնեական դիրքը, շահադիտական դրդումներով պաշտոնական փաստաթղթեր են կեղծել եւ առանձնապես խոշոր չափերի գումար վատնել։



Նախնական քննությամբ պարզվել է, որ 2012-2016 թթ․ ինստիտուտում որպես անգլերեն լեզվի դասախոս է հրամանագրվել անձնակազմի կառավարման, միջազգային համագործակցության եւ միջբուհական աշխատանքների գծով պրոռեկտորը։ Փաստացի չի դասավանդել, բայց ստացել է շուրջ 3 մլն 500 հազար դրամ աշխատավարձ։ Բացի այդ, պարզվել է, որ պրոռեկտորի կինն ու մեկ այլ պրոռեկտորի զարմիկը հաջորդաբար հրամանագրվել են որպես ամբիոնի կարգավարներ։ Նրանք փաստացի աշխատանքի չեն հաճախել, ստացել են աշխատավարձ, այնուհետեւ ուղարկվել ֆիզիոլոգիական արձակուրդի։ Արդյունքում վատնվել է շուրջ 900 հազար դրամ։ Պարզվել է նաեւ, որ 2016 թվականի հունվարից, առանց հիմնավոր անհրաժեշտության՝ իբր ինստիտուտի կարիքների համար, տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագիր է կնքվել պրոռեկտորներից մեկի կնոջ հետ։ Մեքենան շահագործել է պրոռեկտորը, իսկ ինստիտուտի ֆինանսական միջոցներից՝ որպես վարձավճար եւ վարորդի աշխատավարձ, վատնվել է շուրջ 8 մլն 150 հազար դրամ։



Ինչպեսեւ սպասելի էր, ոստիկանության բացահայտումը մեծ իրարանցում առաջացրեց։ Երեկ վաղ առավոտից Թատերականի ուսանողությունը ռեկտորի սենյակի դիմաց «Հեռացիր» գրությամբ պաստառներով պահանջում էր Դավիթ Մուրադյանի հրաժարականը։ Կարճ ժամանակ անց Մուրադյանն իր աշխատասենյակում ընդունեց ուսանողներին եւ նրանց բոլոր հարցերին ի պատասխան՝ կապված պրոռեկտորների չարաշահումների հետ, ասաց, որ դեռ իրավասու չէ որեւէ բան ասել, քանի որ նախ պետք է քննությունն ավարտվի, որից հետո հնարավոր լինի իրերն իրենց անուններով կոչել։ «Ես իրավունք չունեմ մեկնաբանություններ տալու քննության ընթացքի վերաբերյալ, քննությունը պետք է ավարտվի, որ ես կարողանամ բան ասել, առայժմ բավարարվեք այն հաղորդագրությամբ, որը կա»,- ուսանողներին դիմելով՝ ասաց ԵԹԿՊԻ ռեկտորը։



Իսկ ուսանողները ռեկտորից պահանջում էին նախ բյուջեի հաշվետվություն, ապա հետաքրքրվում, թե ինչ հիմքով են իր կողմից ստորագրվել բոլոր այդ փաստաթղթերը։ Նրանք շարունակաբար պնդում էին՝ ներկայացնել պարզաբանումներ գոնե այն մասով, ինչն արդեն ոստիկանությունը հրապարակել է։ Նրանց մասնավորապես հետաքրքրում էր, թե ինչպես կարող է ինքը՝ որպես ռեկտոր, տեղյակ չլինել, որ պրոռեկտորն իր վրա ժամեր է գրում եւ չի գալիս դասի։ Մուրադյանը, սակայն, նշեց, որ բոլոր բացատրությունները՝ մոտ 8 ձեռագիր էջ, գրավոր ներկայացրել է քննիչներին եւ այս պահին ավելին ասել չի կարող։ Ի պատասխան դրան՝ ուսանողներից մեկն էլ ասաց, թե իրենք չեն եկել նախաքննության գաղտնիքներն իմանալու, այլ ուզում են հասկանալ, թե ինչու են գողացել իրենց փողերը, այն դեպքում, որ լսարաններն իրենց հաշվին են վերանորոգվում։



Ուսանողները հեգնեցին, թե քննության ավարտից հետո կարո՞ղ է հանկարծ պարզվել, որ դա ապատեղեկատվություն էր։ «Չեմ կարծում, որ այդպես լինի, որովհետեւ այնտեղ կան բաներ, որոնք իրոք առկա են, եւ կան բաներ, որ վիճարկելի են»,- ասաց Մուրադյանը, որի նմանօրինակ բացատրությունը ծիծաղ առաջացրեց ներկաների մոտ։



Ակնհայտորեն չբավարարվելով ռեկտորի պատասխաններից՝ ուսանողները եկան այն եզրահանգման ու որը բարձրաձայնեցին Մուրադյանին, որ նրա աշխատանքն արդյունավետ չէ բուհի համար, ուստի իրենք պահանջում են նրա հրաժարականը, եւ եթե չեն կարողանում իրենց բարձրացրած հարցերի պատասխանը գտնել եւ լուծել ինստիտուտում, ապա կգնան ԿԳ նախարարություն։ «Ես կորոշեմ իմ աշխատել-չաշխատելու մասին, այն բանից հետո, երբ քննությունը լիակատար ավարտվի եւ քննությունն ունենա իր եզրակացությունները։ Կարող եմ ասել ձեզ, որ ձեր նշած պրոռեկտորը դիմում է ներկայացրել ազատման, սակայն ես չեմ կարող տալ իրավական գնահատական, քանի դեռ չի ավարտվել քննությունը»։



Դավիթ Մուրադյանը մեզ հետ զրույցում եւս նշեց, որ վերջնական եզրակացություններ անելու համար դեռ շուտ է, քանի որ քննություն է ընթանում։ «Երբ քննությունն իր տրամաբանական ավարտին հասնի, լինեն վերջնական եզրակացություններ, ըստ այդմ էլ մենք կանենք մեր եզրակացությունները։ Ասեմ, որ մենք աջակցել ենք ոստիկանության աշխատանքներին, մեր բուհի աշխատակիցները, այդ թվում՝ ես, բացատրություններ ենք տվել բոլոր հետաքրքրող հարցերին, բուհը տրամադրել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, ինչը նշանակում է, որ մենք նույնպես շահագրգռված ենք, որպեսզի եղած թերությունները, խախտումները, բացթողումները բացահայտվեն, եւ մենք դրանք շտկենք։ Այդ իսկ պատճառով, կարծում եմ, մեր երիտասարդների հուզումները վաղաժամ են»,- ասաց նա ու հավելեց, որ ուսանողության պահանջները, հուզումները համարում է բարոյապես արդարացված։ Այնուհանդերձ նկատեց, որ իր սենյակում ներկա 50-60 հոգին դեռ բուհի 700-800 հոգի ուսանողությունը չեն։



Իր պաշտոնավարման ընթացքում այս կամ այն փաստաթուղթը ստորագրելիս, հրամանագրելիս կասկածներ երբեւէ չի՞ առաջացել իր մոտ։ «Եթե խոսքը վերաբերում է մեր պրոռեկտորի դասաժամերին, ապա Դուք հայտարարության տեքստում կարող եք կարդալ, որ հրամանը եղել է 2012թ․-ին, իսկ այդ ժամանակ ես չեմ աշխատել այստեղ, բայց այդ ժամերը կասեցվել են 2016-ին, երբ ես աշխատել եմ։ Սա ասացի, որովհետեւ արդեն հրապարակված փաստ է»։



Այն հարցին, թե իր համար անակնկա՞լ էին ստուգումների արդյունքները, Մուրադյանն ասաց․ «Շատ բաներ անակնկալ էին»։



**Սոնա ԱԴԱՄՅԱՆ**